Իմ տղան էդ որակի տղա չի, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյան
Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` խոսելով իր որդուն առաջադրած սպանության պատվերի մեղադրանքի մասին։
«Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք։ Իմ որդուն ով ճանաչում է, բոլորը գիտեն, որ ինքն էդ որակի մարդ չի»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը:
Նա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է:
Քննչական կոմիտեից հաղորդել էին, որ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

