Ադրբեջան-Հայաստան. Բաքվում պատրաստվում են վերագծել Կովկասի էներգետիկ քարտեզը

Ալիևը Երևանին առաջարկել է ռուսական խաղաղ ատոմին այլընտրանք

Ավելի վաղ գրել էինք՝ Անդրկովկասի հարավում ոչ անհայտ «Թրամփի խաղաղության և բարգավաճման միջանցքը» (TRIPP) կոչված է արտաքին վերահսկողություն հաստատել տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ:

Դրանում հերթական անգամ համոզվելու համար բավական է ուշադիր ծանոթանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որը նա տվել է տեղական հեռուստատեսությանը՝ աշխատանքային այցով գտնվելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ 2025 թվականի վերջից լայնածավալ աշխատանքներ են ծավալվել 194,2 կմ երկարությամբ երկաթուղային ցանցի արդիականացման ուղղությամբ՝ ներառյալ նոր հատվածների կառուցումը, այդ թվում՝ Օրդուբադից մինչև Հայաստանի Սյունիքի մարզի սահման:

Հայտարարված նպատակն ինքնավար մարզի երկաթուղիների տարանցման հզորության ավելացումն է՝ ներկայիս 1,5-ից մինչև 15 մլն տոննա Գյումրիում՝ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ջուլֆայի միջոցով Իրանի հետ կապի հաստատման վրա (ի հավելումն «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի գծով Աստարայում առկա անցմանը)։

Կարդացեք նաև

Եվ այսպես, ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ Բաքուն արդեն «պատրաստ ունի Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման նախագիծը: Օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանում կառուցվել է շատ մեծ ենթակայան: Դրա հիմնական գործառույթն էլեկտրաէներգիայի փոխանցումն է… այն կառուցվել է ոչ թե ներքին էներգամատակարարման, այլ մեծ քանակությամբ էներգիա փոխանցելու համար: Այն պատրաստ է: Այն կառուցվել է հատուկ Զանգեզուրի էլեկտրաէներգետիկական միջանցքի համար»:

Այնուհետև. «Հայաստանի տարածքում մեր մասնագետների իրականացրած վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, թե կոնկրետ որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական սյուները։ Հուսով եմ, որ հայկական կողմը նույնպես չի ձգձգի այս հարցը։ Քանի որ դա առաջին հերթին կարող է անհրաժեշտ լինել հենց իրենց, չէ՞ որ այսօր նրանց էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է, որի կառավարումն էլ, բացի այդ, իրենց ձեռքում չէ։ Դա՝ առաջինը։ Երկրորդ՝ այդ կայանը հնացած է և վտանգի աղբյուր է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար», ինչի մասին Բաքուն և Անկարան բազմիցս հայտարարել են միջազգային տարբեր հարթակներում։  

«Այս կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել, վաղ թե ուշ այն պետք է փակվի: Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանն ամբողջությամբ կընկղմվի էներգետիկ ճգնաժամի մեջ: Ուստի, լրացուցիչ աղբյուրի առկայությունը կարող է միայն օգուտ բերել»,- շարունակել է Ալիևը: «ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և ավարտի ժամկետներն ամրագրված են մեր առջև կնքված միջազգային պայմանագրերում, և ոչ մի նորություն այստեղ չկա»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԷԿ-ի ապագայի հարցը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես և մյուս հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի հնարավորությունը:

Ընդ որում, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանն արդարացիորեն ուշադրություն է հրավիրում հայկական ղեկավարության որոշ հայտարարությունների հակասական բնույթի վրա, որոնք վկայում են Հայաստանում «խաղաղ ատոմի» ոլորտում հետևողական քաղաքականության բացակայության մասին, «ինչը լավ առիթ է Բաքվի էներգաարտադրական հռետորաբանության համար»:

Հարկ է նաև հիշեցնել, որ ռուսական կողմը բազմիցս առաջարկել է ապահովել Հայկական ԱԷԿ-ի շահագործման հետագա երկարաձգումը մինչև 2036 թվականը՝ ռուսական ատոմային կորպորացիայի կողմից պայմանագրային աշխատանքների առնվազն 70%-ը ստանալու պայմանով (Վ.Դավթյանի գնահատմամբ՝ գործող էներգաբլոկի աշխատանքը հնարավոր կլիներ երկարացնել ևս 10 տարով՝ Երևանի կողմից ճիշտ էներգետիկ քաղաքականություն և դիվանագիտություն վարելու դեպքում):

Սակայն Փաշինյանի կառավարության արևմտամետ կուրսը ենթադրում է փոխգործակցություն եվրոպացիների և ամերիկացիների հետ, որոնք ակտիվորեն առաջ են մղում ԱՄՆ-ում պոտենցիալ վտանգավոր և չփորձարկված «փոքր մոդուլային ռեակտորների» տեխնոլոգիան:  2026 թվականի փետրվարին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց «Համաձայնագիր 123»-ի շրջանակներում Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտում 9 միլիարդանոց ներդրումների մասին, որի գործնական իրականացման հեռանկարներն այնքան էլ պարզ չեն:

Հայաստանի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ եթե երկրում ուժեղ բնական աղետներ չլինեն, էլեկտրաէներգիայի խնդիր կամ պակաս չի լինի։ Ընդ որում, փոքր հանրապետության տարածքում արհեստական ինտելեկտի զարգացման ծրագրերի շրջանակներում տվյալների խոշոր կենտրոնների տեղակայումը ենթադրում է էներգասպառման բազմակի աճ, որի մինչև մեկ երրորդն առայժմ ապահովվում է Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի հաշվին:

Փաշինյանի խոսքով՝ էներգաարդյունավետության զարգացումը դառնում է «հատկապես արդիական՝ հաշվի առնելով Հայաստանում նոր տվյալների կենտրոնների, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի ֆաբրիկաների կառուցման ծրագրերը», ինչը պահանջում է սեփական էներգառեսուրսների, այդ թվում՝ արևային էներգետիկայի առավելագույն արդյունավետ օգտագործում՝ էներգիայի կուտակման համակարգերի հետ համատեղ (այստեղ չպետք է մոռանալ 2025 թվականի դեկտեմբերին Եվրամիության կողմից հայտարարված Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման և դիվերսիֆիկացման համար 500 մլն եվրոյի հատկացման մասին՝ համաձայն Տաշքենդում ստորագրված փաստաթղթի, որի համաձայն՝ Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկ անվտանգության ամրապնդման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտաքին խաղացողներից կախվածության նվազեցման համար:

Այս ուղղությամբ Բրյուսելը համագործակցում է գերմանական KfW զարգացման բանկի հետ: Իրականում խոսքը Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի սինքրոնացման մասին է):

Հիշեցնենք՝ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել դեռևս 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Սպիտակի ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց (1988 թվականի դեկտեմբեր) կայանը կանգնեցվեց մտահոգ հասարակության և տնտեսական ակտիվիստների ճիչերի ներքո: Ռուսաստանի օգնությամբ կայանի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին, և շուտով հաջողվեց բարձրացնել դրա հզորությունը:

2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» («Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր կնքեցին կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը ներառյալ կրկնակի երկարաձգելու ուղղությամբ գիտատեխնիկական միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։ Նույն ժամանակ մեկնարկեց դրա ծառայության ժամկետի երկարաձգմանն ուղղված համատեղ աշխատանքների երկրորդ փուլը՝ նախատեսված մինչև 2027 թվականի կեսերը ներառյալ, որով կայանում նախատեսվում է փոխարինել սառեցման համակարգերը։

Վերը նշվեց՝ Մոսկվայում պատրաստ են շարունակել համագործակցությունը․ ՌԴ կառավարության փոխվարչապետ Ա․ Օվերչուկի խոսքով՝ ատոմային էլեկտրակայանն աշխատում է մինչև 2026 թվականի աշունը, «բայց ավարտին է մոտենում դրա շահագործումը մինչև 2031 թվականի աշունը երկարաձգելու նախապատրաստումը», իսկ հետագա ժամանակահատվածի համար, նշվեց վերևում, «պետք է կատարվեն որոշակի պայմաններ»։ Այժմ, սակայն, Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորի շրջանակներում, երկարաձգմանն ուղղված կապալառուական աշխատանքների մեծ մասը տրվում է եվրոպական կապալառուներին, որոնք սեյսմիկ վտանգավոր շրջաններում աշխատելու փորձ չունեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանի պատգամավոր Արման Եղոյանի խոսքերով՝ Հայաստանում բանակցություններ են վարում նոր ատոմակայանի կառուցման շուրջ, և, տեսնում ենք, կանխավճարնե՞ր են բաշխում ամերիկացի գործընկերներին։

Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյո՞ք Ալիևը նույնքան հետևողականորեն կառարկի Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով ատոմային ռեակտորի կառուցման դեմ, որքան դա անում է Մեծամորի ԱԷԿ-ի նկատմամբ (Ադրբեջանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները բավականին երկար են քննարկվում։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովը հայտարարել է ատոմային Էներգետիկան զարգացնելու մտադրության մասին, որը կոչված է դառնալու երկրի էներգետիկ հաշվեկշռի բաղադրիչներից մեկը՝ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի հետ մեկտեղ):

Ըստ «Արմենպրեսի»՝  նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:  «Հայաստանի ատոմային էներգետիկան արդեն դարձել է տարբեր արտաքին խաղացողների մրցակցության ուղղություններից մեկը»,- փաստում է «Առկա» գործակալությունը:

Ձգտելով օգտվել ձևավորված «աշխարհաքաղաքական պատուհանից» և ռուս-հայկական հարաբերություններում աճող օտարումից՝ Ալիևը Երևանին առաջարկում է «ենթակառուցվածքային մոդել, որն օբյեկտիվորեն նվազեցնում է ռուսական ներկայության բացառիկությունը և միաժամանակ Ադրբեջանին դարձնում ապագա տարածաշրջանային էներգետիկ համակարգի առանցքային մասնակիցներից մեկը… եթե այսօր Հայաստանի էներգետիկ կապերի զգալի մասը պատմականորեն կապված է Ռուսաստանի հետ՝ գազի մատակարարումից մինչև «Ռոսատոմի» մասնակցությունը միջուկային ոլորտում, ապա Ալիևի առաջարկած մոդելը լրացուցիչ առանցք է ստեղծում՝ Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա, ընդ որում՝ ամերիկյան TRIPP-ի քաղաքական հովանու ներքո»:

Կհաջողվի՞ իրականացնել այդ գաղափարը։ Առայժմ կասկածելի է, քանի որ ներկա փուլում Բաքուն հնարավորություններ չունի դեպի Հայաստան էլեկտրաէներգիայի կայուն հոսքեր ապահովելու համար: Սակայն միտումն ինքնին խոսուն ցուցիչ է։

ԴՄԻՏՐԻ ՆԵՖՅՈԴՈՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31