Բռնապետի պատվանդանը մեր հանդուրժողությունն է

Բռնապետության մի բևեռում եթե բռնություն գործադրող վարչակարգն է, ապա մյուսում ժողովուրդն է, որը վախի կամ հարկադրանքի պայմաններում ենթարկվում է բռնապետին։ Սակայն բռնապետությունը ոչ միշտ է գործում ժողովրդի կամքին հակառակ, այն հաճախ ընթանում է ժողովրդի հույզերի ու տրամադրությունների հունով և դրանց վրա կառուցում առանձին մարդկանց կամ սոցիալական, կրոնական, ազգային որևէ խմբի թիրախավորելու իր ուղեգիծը։

Այդ գործը դյուրանում է, երբ հասարակության ներսում արդեն կա թշնամանք ընտրված զոհի նկատմամբ։ Բռնապետը, քարոզչական և տեխնոլոգիական բնույթի այլ նախապատրաստությունից հետո, հասարակության մեջ առկա նման նախապաշարումներն օգտագործում է բռնության կիրառումը «ժողովրդի կամքով» արդարացնելու նպատակին։

Հին Հռոմի պատմությունը նման քաղտեխնոլոգիայի կիրառման շատ օրինակներ ունի։ Արդի պատկերացմամբ ընդդիմադիր ուժ հանդիսացող առաջին քրիստոնյաների նկատմամբ անմարդկային հալածանքները նկարագրելիս Տակիտոսը ընդգծում է, որ ժողովուրդն ատում էր քրիստոնյաներին և, օգտվելով այդ հանգամանքից, Ներոնը նրանց վրա բարդեց 64 թվականի Հռոմի մեծ հրդեհի մեղքը։ Պատմիչը նաև նշում է Հռոմի բնակիչների տրամադրությունների շրջադարձը․ արթնացավ քրիստոնեատյաց հեթանոսների խիղճը, ու բնազդաբար փոխվեց նրանց վերաբերմունքը անմեղ զոհերի նկատմամբ, որովհետև մարդիկ հասկացան՝ քրիստոնյաներին կոտորում են ոչ թե հանուն հանրային շահի, այլ բռնապետի վախերին ու արյունառուշտ դաժանությանը հագուրդ տալու համար։

Այսպիսով, իշխանությունը որսաց խմորվող հանրային վերաբերմունքը և այն օգտագործեց իր պատասխանատվությունը սքողելու և բռնությունն արդարացնելու համար։ Բայց բռնությունն, անցնելով հանդուրժելիի սահմանը, փոխեց հասարակության վերաբերմունքը, այսինքն՝ հասարակական կարծիքը դարձավ իշխանության թե՛ հենարանը, թե՛ զսպաշապիկը։

Կարդացեք նաև

Բռնապետությանն անհրաժեշտ չէ ժողովրդի համընդհանուր աջակցությունը, նրան հարկավոր է ժողովրդի թեկուզ փոքր, բայց ստորին ու ագրեսիվ շերտի համաձայնությունը և, որպես բավարար պայման՝ մեծամասնության լռությունը։ Բռնապետը կռթնում է ոչ միայն վախի, նախապաշարումների, թշնամանքի կամ վրեժխնդրության, այլև մարդկանց ծույլ անտարբերության վրա։

Սվետոնիոսը ուշագրավ երանգ է տալիս նույն եղերական իրադարձություններին՝ քրիստոնյաների կոտորածը ներկայացնելով Ներոնի վարչական ձեռնարկումների շարքում և այն անվանելով «նոր ու վնասակար սնահավատության» հետևորդների նկատմամբ կիրառված միջոց։ Այսինքն՝ այն, ինչ մենք այսօր գնահատում ենք որպես արյունալի հալածանք, 2000 տարի առաջ մատուցվել է որպես միապետի ընթացիկ վարչական գործունեություն, որպեսզի, ասենք, թրատվող մանուկների բերանում մնա պետության համը․․․

Իշխանությունն, ինչպես էլ իրեն հորջորջի, ինքնին  արդարության երաշխիք չէ, նույնիսկ ժողովրդավարական իշխանությունը, որովհետև մեծամասնությունը կարող է ժողովրդավարական ընթացակարգով հավանություն տալ միապետի (մեր իրականությունում՝ գործադիրի ղեկավարի) այնպիսի ընթացքին, որն անարդար է փոքրամասնության և առանձին մարդկանց նկատմամբ։ Դրա դասական օրինակներից է, վերադառնանք ավելի խոր անցյալ, Սոկրատեսի դատավարությունը․ մեղադրանք, պաշտպանական ճառ, քվեարկություն, ի վերջո՝ մահապատիժ։

Զավեշտ է, բայց փաստ՝ մ․թ․ա․ V դարի Աթենական ժողովրդապետությունը դատական ընթացակարգով Սոկրատեսին իրավունք տրվեց ընտրելու իր մահապատժի ձևը։

Յոզեֆ Շումպետերը ժողովրդավարությունը, ի տարբերություն դրա՝ «ժողովրդի ընդհանուր կամք» դասական ըմբռնման, դիտում էր որպես քաղաքական որոշումներ ընդունելու ինստիտուցիոնալ մեթոդ, որի առանցքն են կազմում իշխանության համար մրցակցությունն ու ժողովրդի ձայնը։ Այս մոտեցման կարևոր հետևությունն այն է, որ ժողովրդավարական ընթացակարգի գոյությունը դեռևս չի նշանակում, թե այդ կերպ ընդունված յուրաքանչյուր որոշում արդար է։

Մեծամասնության կամքն ու արդարությունը ոչ միշտ են նույնական։ Մեծամասնությունը կարող է հավանության արժանացնել այնպիսի քայլեր ու ծրագրեր, որոնք սահմանափակում են իր քիմքին անհաճո կամ պարզապես «ուրիշ» մարդկանց (կրոնական փոքրամասնությունների կամ այլ խմբերի) իրավունքները։ Քվեարկությունը որոշում է, թե ով է իշխանություն իրականացնում, բայց ինքնին չի դարձնում իշխանության յուրաքանչյուր որոշում իրավական առումով ճշմարիտ և բարոյական առումով բարի։

Ժողովրդավար պետության կայունությունը կախված է շատ գործոններից, այդ թվում և այն բանից, թե հասարակությունն ի՛նչ սահմաններ է գծում իշխանություն դարձած մեծամասնության համար։ Այդ սահմանների պահպանման պատասխանատուն միայն պետությունը չէ։ Իր գծած սահմանների պատասխանատուն հասարակությունն է, ժողովուրդը։

Հասարակությունը՝ որպես ամբողջություն, և հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է պատրաստ լինեն ամեն օր պայքարելու, որպեսզի իր ստեղծած իշխանությունը չոտնահարի համընդհանուր իրավունքի ու հասարակական  բարքերի սահմանները։ Եթե իշխանությունը քաջ գիտի, որ մարդիկ չեն հանդուրժելու որևէ խմբի իրավունքների սահմանափակումը, խտրականությունը, հալածանքը, բռնությունը, նա ինքնասահմանափակվում է, գործում է իր լիազորությունների սահմաններում և ըստ իրավունքի։

Բայց եթե հասարակության մի մասը ողջունում է, իսկ մեծամասնությունը լուռ հանդուրժում է այդ քայլերը, իշխանության համար անօրինության քաղաքական գինը նվազում է, և նման ամեն հաջորդ քայլ դառնում է ավելի ու ավելի դյուրին։

Անարդարության դեմ պայքարը չի կարող սկսվել միայն այն ժամանակ, երբ անարդարությունը կանգնած է քո տան շեմին։ Ազատ հասարակության իրական փորձությունը միայն այն չէ, թե ո՛վ և ինչպե՛ս է հաղթում ընտրություններում։ Հավասարապես կարևոր է, թե մարդիկ ինչպես են ընկալում իշխանության այն գործողությունները, որոնք ուղղված են նրանց դեմ, ում ինքը համարում է ոչ յուրային կամ օտար։

Ժողովրդավարությունը միայն մեծամասնության իշխանությունը չէ, որովհետև առանց ժողովրդի գործուն և ինստիտուցիոնալացված վերահսկողության ժողովրդավարությունը դառնում է ժողովրդի անունից սանձազերծվող ամենաթողություն։

Առաջին քրիստոնյաները Հռոմի պլեբսի զգալի մասի համար օտար էին, անհասկանալի ու անցանկալի, և այս տրամադրությունները Ներոնն օգտագործեց իբրև հրդեհի պատճառների շուրջ տարածվող կասկածներն իրենից վանելու և անմեղներին  մեղավոր նշանակելու շանս։ Իսկ Տակիտոսի վկայությունը, թե ինչպես շրջվեց մարդկանց վերաբերմունքը, երբ կայսեր պաթոլոգիկ դաժանությունը գերազանցեց աներևակայելիի սահմանները, բոլորիս հասցեագրված զգուշացում է․ իշխանությունը հակված է ի շահ իրեն օգտագործելու մարդկանց թուլություններն ու անցնել իր համար գծված սահմանները, հետևաբար ժողովուրդը պատասխանատու է մշտապես հսկելու այդ սահմանները, քանզի կապը կտրած իշխանության ամեն սահմանազանցում աղետաբեր է և մի օր կթակի մեզնից յուրաքանչյուրի դուռը։

Բռնապետության ծնող հայրը պետության պատժիչ մեքենան է, իսկ ստնտու մայրն այն հասարակական միջավայրն է, որտեղ քաղաքացիների մի խմբի նկատմամբ գործած անարդարությունը մյուսների համար դառնում է ընդունելի կամ իրենց չվերաբերող, հետևաբար, բռնապետությունների կենսունակության աղբյուրը նման իշխանությունը հանդուրժելու մեր տկարությունն է։

Արա Սահակյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31