Դատարա՛նն է Կաթողիկոսի առաջ. Վեհափառը ճիշտ վարվեց. Փաշինյանը Լուկաշենկոյի վրա գցեց ԵՄ գնալու իր որոշումը. Հակոբ Բադալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է:

Այսօր հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը մակագրվել է նոր դատավորի։ Ըստ «Դատալեքս»-ի՝ գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը՝ 29-ամյա դատավոր, որը դատավոր է նշանակվել 2023 թվականին, մինչ այդ աշխատել է Արդարադատության նախարարությունում։

2018 թվականի գունավոր թավշյա հեղափոխության առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանը հետապնդումների, հարձակումների է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, այլ հոգևորականների: 44-օրյա պատերազմ, Արցախի հանձնում, էթնիկ զտումներ, Հայաստանից տարածքների հանձնում, և հիմա արագ գործընթացներ են տեղի ունենում Սյունիքի շուրջ` TRIPP նախագիծը, և այլն:

Ալիևի օգնական Հաջիևը, Ադրբեջանի արտգործնախարարը, Թուրքիայից տարբեր ազգայնական կուսակցությունների առաջնորդներ, իշխանության ներկայացուցիչներ՝ նախարարներ, և այլն, հայտարարություններ են անում, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով ավարտին է հասցվելու։

Կարդացեք նաև

Նույնիսկ Հաջիևը և Ադրբեջանի այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ հայկական կողմն արդեն որոշ գործողություններ է արել, ինչ-որ տեղային պայթեցումներ է արել, պրոցեսն առաջ է տարել… Թուրքիայի ազգայնական ուժերի առաջնորդ, Էրդողանի մտերիմ Բահչելին Թուրքիայից հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը Մեծ Թուրանն է: Սրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններն են սրում, և Եկեղեցու, կաթողիկոսի դեմ արշավն են վերսկսել…

Ի՞նչ կապ ունեն Եկեղեցու դեմ, Վեհափառ Հայրապետի դեմ այս զարգացումներն աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Ի՞նչ նպատակով են թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին, Վեհափառ հայրապետին:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Խնդիր է դրված՝ Հայաստանը զրկել սուբյեկտայնությունից և որպես սուբյեկտ՝ քաղաքական միավոր, որն ունի իրավունքներ, շահեր, դրանք ձևակերպելու հնարավորություն և այլն, դուրս մղել՝ երկիրը վերածելով ընդամենը մի տարածքի, որտեղ ծավալվում է մրցակցությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև, և այդ մրցակցությունը միտված է իրենց նոր աշխարհակարգում իրենց տեղին, դերին, վերահսկողության տարածքներին և այլն։

Հայ Առաքելական եկեղեցին հայկական պետականությունը սուբյեկտությամբ օժտող հսկայական ռեսուրս է, ներուժ՝ ոչ միայն ներքին ինքնության կառուցվածքի իմաստով (այսինքն՝ ազգային ինքնություն, քաղաքական գիտակցություն, արժեհամակարգ և այլն), այլ նաև միջազգային դերակատարման իմաստով, իհարկե, դավանաբանական տարածությունում։ Աշխարհաքաղաքականության մեջ դավանաբանական բաղադրիչը մշտապես առանցքայիններից մեկն է, և հատկապես այսպիսի պատմական շրջափուլերում դառնում է առավել կարևոր։

Եվ այս տեսանկյունից հայկական եկեղեցին՝ Հայ Առաքելական եկեղեցին, իր միջազգային դերակատարմամբ տարբեր ռեգիոններում, տարբեր ուղղություններով հայկական պետականությունը նաև իրավունքով է օժտում՝ լրացուցիչ իրավունքով։ Եթե, օրինակ, պետական առումով մենք Կովկասում ենք, Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ նաև մենք շատ ավելի ընդգրկուն ներկայությամբ՝ աշխարհասփյուռ կարող ենք լինել։ 

  • Եթե պետականությունը եկեղեցու հետ կարողանում է գործել համադրված, ներդաշնակ, սա փոխադարձաբար օժտում է հնարավորություններով՝ եկեղեցին՝ պետությանը և պետությունը՝ եկեղեցուն։

Եվ այդ պարագայում տարբեր այլ ռեգիոններում մենք ստանում ենք սուբյեկտային հնարավորություն և հեռանկար։ Բազմիցս խոսել եմ այդ մասին. Մերձավոր Արևելքում, որը համաշխարհային քաղաքականության խառնարանն է, և այնտեղ վճռվում են չափազանց կարևոր հարցեր, մեզ, ըստ էության, սուբյեկտությունից զրկում են նաև այդ ռեգիոնում:

Թվում է՝ մենք՝ որպես պետություն, այնտեղ չկանք, բայց մեր ռեգիոնը գտնվում է հենց նաև Մերձավոր Արևելքի՝ այդ մեծ ռեգիոնում ծավալվող իրադարձությունների ազդեցության տակ (հայկական գործոնի թուլացումից հետո Սիրիայում, Լիբանանում հիմա փորձում է տեղավորվել Ադրբեջանը)։

  • Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն առհասարակ Հայաստանը՝ պետականության իր ներուժով, Մերձավոր Արևելքից դուրս մղելու արշավ է, բայց նաև հենց եկեղեցուն թուլացնելու արշավ, որտեղ եկեղեցին՝ որպես համաշխարհային եկեղեցիների հնագույն ինստիտուտներից մեկը, այնտեղ ևս ունի իրավունքներ, և այդ իրավունքները հնարավոր չէ անտեսել, քանի որ դրանք նաև միջազգայնորեն ճանաչված իրավունքներ են՝ թե՛ Երուսաղեմում, թե՛ այլ ուղղություններում։ 
  • Նպատակն է՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունն այլևս չունենա սուբյեկտային ծանրակշիռ ներուժ։ Այսինքն՝ այո, վերածվի ընդամենը տարածքի, բայց որտեղ ազգային ոչինչ չլինի։ Ազգայինը թիրախում է հայտնվել, քանի որ մեր սուբյեկտայնությունը՝ մեր պետական սուբյեկտայնությունը ձևավորվում է հենց ազգայինի միջոցով, բայց այդ ուժերի գլխավոր խնդիրն է՝ ոչնչացնել մեր պոտության սուբյեկտությունը, և, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու սուբյեկտությունը: Եվ, ընդ որում, հիմա, փաստորեն, դա արվում է հայկական պետականության ձեռքով։ 
  • Եվ դա այս իրավիճակի՝ քաղաքականից, աշխարհաքաղաքականից զատ, ամենաողբերգական կողմն է, որովհետև ՀՀ իշխանությունների ձեռքով հայկական պետականությունն են դուրս բերել Հայ Առաքելական եկեղեցու դեմ (նկատի ունեմ այդ պետականության իշխանությունը):

Եվ այս տեսանկյունից, կրկնեմ, այո՛, սա Հայ Առաքելական եկեղեցի- ինստիտուտի և Հայաստանի Հանրապետություն պետության, պետականության սուբյեկտային ոչնչացման պրոցես է։ 

  • Եվ ինչո՞ւ եմ ասում՝ ամենավատը դա էր, որ փաստորեն հասարակությանը՝ գոնե այն հատվածին, որոնք ձայն են տվել Փաշինյանին, ՔՊ-ին այս ընտրություններում, ինքը դարձնում է հանցակից։ Եվ վաղն ասելու է՝ դուք եք ձայն տվել ինձ, դուք եք ինձ պատվիրակել, որ գնամ և եկեղեցում փոփոխություններ անեմ, եկեղեցու դեմ ես գործողություններ անեմ, ինքս Վեհափառ կաթողիկոս նշանակեմ, և այլն, և այլն։ 
  • Հայաստանի հասարակությունը պետք է կարողանա իրավիճակը, մարտահրավերները ճիշտ գնահատել և, ըստ այդմ, մշակել իր անելիքն այդ մարտահրավերները չեզոքացնելու հարցում։ 
  • Ինչո՞ւ Փաշինյանը Եկեղեցու, կաթողիկոսի դեմ արշավի իր ծրագրերը ներառեց ՔՊ-ի նախընտրական ծրագրում. կարծում եմ՝ ՔՊ-ի ծրագրում այդ կետը ներառվել է որպես հավաստիացում այդ գծին հավատարիմ լինելու առումով՝ ուղղված արտաքին դերակատարներին, որոնք աջակցում են իր քաղաքական դիրքերի պահպանմանը:

  • Հայ Առաքելական եկեղեցին մրցակից է ոչ միայն աշխարհաքաղաքական կենտրոնների շրջանակում, այլ նաև դավանական (կաթոլիկ, և այլն) եկեղեցիների։ Եթե կա աշխարհաքաղաքական պայքար համաշխարհային նոր դերի և տեղի համար, բնականաբար, դրա համար պայքարում են բոլորը, և բոլորը բոլորին դառնում են մրցակից՝ մեծ հաշվով։ 
  • Մեր հասարակության համար շատ կարևոր է, որպեսզի ճիշտ գնահատի խնդիրը, և մենք արձանագրենք, որ Փաշինյանն այդ խնդրի դրսևորումներից մեկն է։ Հետևաբար, եթե մենք չկարողանանք մասշտաբն առավել ճշգրիտ գնահատել, մենք չենք կարողանա նաև ճիշտ կողմնորոշվել, թե այդ մասշտաբից եկող մարտահրավերն ինչ վարքագծով ենք չեզոքացնելու։

Եվ այս պրոցեսը որպես մարտահրավեր դիտարկելուց բացի, նաև պետք է դիտարկել որպես հնարավորություն, որպեսզի մենք՝ որպես հասարակություն և հայություն, արժևորենք եկեղեցու դերը և նաև արժևորենք եկեղեցի-պետականություն, եկեղեցի-պետություն փոխհարաբերության հեռանկարը։ 

  • Ահռելի անելիք կա, պետք է կենտրոնանալ այդ անելիքի վրա՝ դրանով նաև չեզոքացնելով մարտահրավերները։ Մենք չենք կարող սիմետրիկ դիմակայությամբ հաղթել այդ պրոցեսում, որովհետև Հայ Եկեղեցու դեմ պայքարող այդ ուժերն իրապես ահռելի, անհամեմատելի ռեսուրսներ, կարողություններ և ազդեցություն ունեն աշխարհում։ Հետևաբար, մեր շանսը կարող ենք դիտարկել միայն ասիմետրիկ գործընթացում։ Այդ ասիմետրիկ գործընթացը ենթադրում է նաև պայմանավորվել, օրինակ, աշխարհաքաղաքական, արտաքին մրցակից կենտրոնների, եկեղեցիների, ուժերի հետ։ Եվ այդ պայմանավորվելու հարցում ի՞նչ տարբերակներ կան՝ կամ դու անում ես մի առաջարկ, ձևակերպում ես առաջարկդ, որը հետաքրքիր է լինում և քննարկելի, ըստ այդմ՝ դրա շուրջ պայմանավորվելու հեռանկարով, կամ՝ ամբողջապես ենթարկվում ես քեզ ներկայացվող պահանջներին։

Պետք է աշխատանքը կատարենք՝ հասկանանք՝ առհասարակ մեր եկեղեցին և պետությունը նոր աշխարհում ինչ համադրվածությամբ, ինչ դեր կարող են ստանձնել և նաև առաջարկել աշխարհին (համենայնդեպս՝ աշխարհակարգի համար պայքարող քաղաքական, դավանաբանական, տնտեսական և այլ կենտրոններին)։

Կարծում եմ՝ այս խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք լուծել։ Իսկ մնացածը՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում (էս արշավը, դատավարությունը Վեհափառի դեմ, և այլն), դրա մետաստազներն են։ Եթե մենք գլոբալ մակարդակում խնդիրը ճիշտ ախտորոշենք և սկսենք այդ ռազմավարական պատկերացումը մշակել (թե ինչ ենք անում), մենք ներսում այս պրոցեսների պատասխանները, կարծում եմ, ավելի դյուրին կգտնենք։

Հիշեցնենք. Վեհափառ Հայրապետը պատգամ հղեց այդ օրը Մայր Տաճարում, որով նա հորդորում էր լինել սթափ, չտրվել սադրանքներին և ամուր մնալ հավատքի մեջ.

«…Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ իրողություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր Սուրբ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, հայրենիքին և Եկեղեցուն, անխախտ հավատարմությունը՝ ազգային-հոգևոր մեր սրբազան արժեքներին։ Արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստ առաքյալի պատգամի՝ զորանանք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ (Եփ. 6.10):»։ 

  • Վեհափառը դատարան է գնացել, որովհետև նա առաջնորդվել է հենց այն տրամաբանությամբ, որ տվյալ պարագայում հենց պետություն-եկեղեցի փոխհարաբերության հարցն է։ Այսինքն՝ ինքը գնացել է պետական ինստիտուտ։ Այլ հարց է, թե այդ պետական ինստիտուտի հանդեպ ինչպիսին է, օրինակ, նույն այդ պետության կառավարության ազդեցությունը, վերաբերմունքը և այլն: Եվ այդպիսով, ըստ իս, Վեհափառը ցույց է տվել, որ Հայ Առաքելական եկեղեցին կանգնում է պետության առաջ և ոչ թե գնում պետության դեմ կամ խուսափում պետությունից։

Այլ կերպ ասած՝ գնալով դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն, ըստ իս, ցույց է տվել, որ ինքն ինչ-որ վեճի կամ կռվի մեջ չէ իշխանության հետ, ինչպես փորձում է ներկայացնել այս իշխանությունը։ Եվ սա, կարծում եմ, շատ կարևոր է։ Եթե փիլիսոփայորեն նայենք, ես նույնիսկ նշել եմ, որ այդ տեսանկյունից դատարանն է կանգնում Վեհափառի առաջ և ոչ թե Վեհափառը՝ դատարանի առաջ։

Եվ լրիվ այլ կլիներ տրամաբանությունը, եթե հենց Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարվեր գնալ. դա, իհարկե, միտինգային էպատաժի ազդեցություն կամ տպավորություն կթողներ շատերի մոտ։ Եվ մեր հասարակության շատ շրջանակներ, իհարկե, այս տարիների ընթացքում (ոչ միայն 2018-ից հետո, նաև 2018-ից առաջ ընդդիմադիր ուժերի գործունեության բերումով) վարակվել են աշխարհը հենց միտինգային էպատաժով չափելու և գնահատելու հանգամանքով։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն՝ չմտնել սիմետրիկ դիմակայության տրամաբանության մեջ. այդտեղ նաև եկեղեցին շանս չունի։

Շատ ողջունելի է, երբ Հայ Առաքելական եկեղեցին չի մտնում սիմետրիկ դիմակայության տրամաբանության մեջ և չի ապահովում այն, ինչի վրա խաղադրույք է կատարում այս իշխանությունը և ինչի վրա, թերևս, խաղադրույք է կատարվում արդեն արտաքին և ավելի մեծ շահառուների միջոցով։  

  • Փաշինյանի հայտարարություններն՝ ուղղված ԵԱՏՄ-ին, Ռուսաստանին, ներքին սպառման նպատակ ունեն: Մոտիվներից մեկն է՝ փորձ է արվում, բավարարել իր ընտրազանգվածին նույնիսկ ընտրությունից հետո։ Ղրղըզստանում, իմ գնահատմամբ, Փաշինյանի կողմից ամենաէական հայտարարությունն արվեց լրագրողների հետ զրույցում, երբ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանն օգտագործեց հետևյալ ձևակերպումը, որ ԵՄ գնալու այս գործընթացը ԵԱՏՄ որոշ գործընկերների հրահրման հետևանք է, և ակնհայտ էր, որ նա նկատի ուներ Լուկաշենկոյին, որովհետև պարզաբանում էր հետո, թե իբր մարդիկ ասացին, որ մենք գնալու տեղ չունենք, ոչ մեկի պետք չենք, և մենք էլ դա ոչ թե բացասական ընկալեցինք, այլ դրական, և անցանք՝ ցույց տալու, թե որտեղ ունենք գնալու, և այլն։

Հիմա ստացվում է, որ Փաշինյանը փաստացի պատասխանատվությունն այս գործընթացի համար դնում է Լուկաշենկոյի վրա։ Որովհետև եթե չհրահրեր Լուկաշենկոն, փաստացի ստացվում է, որ Հայաստանն այս ամեն ինչը չէր էլ անելու։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թե ինքն է նախաձեռնել այս եվրոպական կուրսը, այլ հենց Լուկաշենկոն է հրահրել։

Ղրղըզստանում տեղի ունեցածի ֆոնին նա խուսափում է պատասխանատվությունից այն վիճակի համար, որ կա հիմա։ Իմ գնահատմամբ՝ Փաշինյանը սկսում է գործընթաց այդ ուղղությամբ. այսինքն՝ նա պետք է մտածի կամաց-կամաց Եվրամիության անդամակցության պատրանքից ազատվելու մասին։ Ոչ թե՝ որ ինքն էր այդ պատրանքի մեջ, այլ՝ որ ձևավորել էր այդ պատրանքն իր ընտրազանգվածի շրջանում։

Հիմա պետք է ազատվել դրանից, որովհետև ոչ ոք ավելի լավ չգիտի և չի պատկերացնում, որ այդ ամեն ինչը հեքիաթ է և անհեռանկար, որքան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Սա ակնհայտ է և տևական ժամանակ տարբեր ակնարկներով երևում է։ Նաև այս մասին խոսեց հենց նույն Ղրղըզստանում, երբ ասում էր՝ մենք պատրաստ ենք անել հանրաքվե, բայց հանրաքվեն պետք է առարկա ունենա, իսկ այդ առարկան չկա։ Եվ եթե, օրինակ, անենք հանրաքվե, Հայաստանի հասարակությունը կասի՝ լավ, մենք ի՞նչ ճանապարհային քարտեզով ենք շարժվում, ազնիվ չի լինի, ի՞նչ հեռանկարներ կան, և այլն։

  • Երբ երկիրն ընդունում է օրենք Եվրամիության անդամակցության մասին՝ թեկուզ մեկ տառով կամ մեկ նախադասությամբ, դա նվազագույնը ենթադրում է, որ այդ օրենքի տակ պետք է լինի ինչ-որ պատկերացում։ Եվ Փաշինյանն առնվազն խոստովանում է, որ բացարձակապես չկա այդպիսի հեռանկար և պատկերացում։ Դա ընդամենն իրավիճակից բխող օրենք էր, որը նպատակ ուներ հենց ստեղծել այն պատրանքը, թե ինքը գնում է Եվրամիություն, և դրա հիման վրա ձևավորել ընտրական ձայներ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ 
  • Հիմա այդ հանրաքվեի պահն այս առումով շատ էական է։ Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստանն իրոք մինչև դեկտեմբեր ինչ-որ կերպ միս ու արյուն կարող է տալ այդ պրոցեսին, որը գեներացվում է հենց Ռուսաստանից, Եվրասիական միության և մյուս երկրներից՝ հորդորի կամ ակնկալիքի տեսքով։ Որովհետև, իմ կարծիքով, հանրաքվեի այդ գաղափարը տեղավորվելու է Եվրամիության անդամակցության այդ պատրանքից ձերբազատվելու նպատակի մեջ։ 
  • Իսկ ի՞նչ է անելու Եվրամիությունը, ենթադրենք՝ Հայաստանը հրաժարվում է այդ ամեն ինչից։ Եվրամիությունը Կովկասում ոչ մի այլ տեղ չունի, Հայաստանից բացի, և սա էլ, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը լավ է պատկերացնում։ Հրաժարվել Հայաստանից՝ նշանակում է հրաժարվել Կովկասից, որովհետև Վրաստանում գիտենք, թե ինչ վիճակ է, իսկ Ադրբեջանն իրենց հետ խոսում է հավասարը հավասարի տրամաբանությամբ, և իրենք նաև որոշակի կախվածություն ունեն էներգակիրների և այլնի մասով։ Իրենց միակ, այսպես ասենք, ոտնատեղը Կովկասում Հայաստանն է։ Եթե դա կորցնեն, իհարկե, կարող են անցնել արդեն ապակայունացնող գործողությունների և այլն, բայց այնտեղ ի՞նչ հեռանկարներ ունեն՝ սա մեծ հարց է։ Հետևաբար, կարծում եմ, այստեղ Եվրամիությունն էլ այդպես մեծ ճկուն խաղի տարածություն չունի Հայաստանում։ 
  • TRIPP-ի ամբողջ պատմությունն այն է, որ այդ Միջին միջանցքում Միացյալ Նահանգները դուրս է մղում Եվրամիությանը։ 
  • Միացյալ Նահանգների ամբողջ խնդիրն այն է, որպեսզի թույլ չտրվի ձևավորել չինաեվրոպական տնտեսական-ռազմավարական հաղորդակցություն, և սա ևս վկայություններից մեկն է, որ այդ հավաքական արևմտյան շահի կամ դրսևորման մասին գնահատականն էնքան էլ ամբողջապես չի տեղավորվում իրականության մեջ։ 
  • Չեմ կարծում, թե կա տնտեսական պատերազմ Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Այո՛, Հայաստանի տնտեսության մի զգալի սեգմենտ դրված է պարզապես քաղաքական հաշվարկների և քաղաքական շահերի զոհասեղանին, բայց դա, իմ համոզմամբ, հայ-ռուսական տնտեսական պատերազմ չէ։
  • Բազմիցս ասել եմ՝ ՀԱՊԿ-ի թեման համարում եմ բացարձակապես քարոզչական նպատակներով օգտագործվող թեմա։ 
  • Եթե Ռուսաստանի համար ուկրաինական այդ հարցն այնքան սուր է, ապա ռուսները պետք է նույն սրությամբ արձագանքեին նաև Ադրբեջանի, Ղազախստանի դեպքում, բայց մենք տեսնում ենք, օրինակ, որ Ղազախստանի նախագահը Պուտինի ներկայությամբ խոսում է այն մասին, որ ուկրաինական հակամարտությունը պետք է սառեցնել և այլն, և Մոսկվայից չկա ինչ-որ սուր արձագանք։
  • Ուկրաինայի իշխանության շատ շրջանակներ կարող են ունենալ Մոսկվայի հետ հաղորդակցության փնտրտուք, որովհետև, օրինակ, հայտնի չէ՝ Զելենսկու ճակատագիրը և, առհասարակ, այդ թիմի մնացյալ անդամների ճակատագիրն ի՞նչ է լինելու։

  • Ղազախստանի մասին խոսելիս պետք է նկատի առնել 2022 թվականի վիճակը, երբ ՀԱՊԿ զորքերը մտան այնտեղ (այդ թվում՝ նաև Հայաստանի նախագահությամբ), և փաստացի ՀԱՊԿ-ը պահեց Տոկաևի իշխանությունը։ Եվ հիմա պետք է նաև, օրինակ, քննարկել, թե այդ հանգամանքն ինչ ազդեցություն ունի այս տարիների ընթացքում։ Բայց դա չի խանգարում Տոկաևին նաև հայտնելու ուկրաինական պատերազմի հետ կապված իր դիրքորոշումը։ 
  • Ես բոլորովին համաձայն չեմ, թե Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում: Առերևույթ զարգացումներն ու հայտարարություններն ինձ համար բավարար ցուցիչ չեն՝ եզրակացնելու, որ վարվում է հակառուսական քաղաքականություն: 
  • Ռուսաստանի համար այստեղ չափազանց բարդ է ստանձնել լիարժեք պատասխանատվություն, որովհետև նա պարզապես չունի այդ պատասխանատվությունը սպասարկելու հնարավորություն: Հետևաբար, շատ լավ է, եթե նրա համար այստեղ ձևավորվում են պատասխանատվությունից խուսափելու ալիբիներ: Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ, կամա թե ակամա, Ռուսաստանին տալիս է Կովկասում իր մարտավարական նահանջը և, առհասարակ, Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը բացատրելու ալիբի: 
  • Այսօրվա իրավիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ այս գործընթացները կարող են առաջացնել իշխանության ներսում որոշակի ճոճումներ կամ ճաքեր: Կան որոշակի շարժեր կամ նավակը ճոճելու փորձեր, սակայն չեմ կարծում, որ դրանք Փաշինյանի համար կլինեն ճակատագրական խնդիրներ: Եվրամիությունը, որքան էլ այսօր փորձում է ազդեցիկ երևալ, պարզապես չունի դրա հնարավորությունը: ԵՄ-ն լուրջ խնդիրներ ունի հենց Կովկասում, և Երևանի ու Հայաստանի հարցում մանևրի մեծ տեղ մեծ հաշվով չունի: Այո, նրանք կարող են անցնել ապակայունացնող մարտավարության, բայց այստեղ մեծ հարց է դառնում՝ արդյո՞ք դրանից կշահեն: 

Իրենց միակ շահը Փաշինյանի միջոցով իշխանության պահպանումն է և այնպիսի քաղաքականության իրականացումը, որն իրենք են պատկերացնում: Սակայն ամբողջ նրբությունն այն է, որ այն, ինչ այսօր իրականացնում է Փաշինյանը, առ այս պահն ամենևին չի հակասում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Միացյալ Նահանգների շահերին: Այս տեսանկյունից մեծ հարց է՝ արդյո՞ք Փաշինյանն անում է այն, ինչ ուզում է Եվրամիությունը: Եվրամիությունը Կովկասում և Հայաստանում իրականում մեծ մանևրի հնարավորություն չունի: 

  • Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արևմտյան ազդեցության տակ գտնվող հասարակական-քաղաքական ուժերը կարող են գցել Փաշինյանին, ապա այդ ռեսուրսը չափազանցված է: Ավելին՝ միգուցե տարօրինակ հնչի, բայց հակառուսական դիրքավորում ունեցող շրջանակների մի զգալի մասը գործնականում շատ ավելի օգտակար ծառայություն է մատուցել հենց Ռուսաստանին, քան Արևմուտքին: 
  • Երբ Փաշինյանը, օրինակ, նախընտրական ծրագրերում անդրադառնում է եկեղեցու թեմային, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դրսից անընդհատ կասկածներ են հնչում նրա քաղաքական տրամադրությունների նկատմամբ, և նա ստիպված է աշխատել այդ կասկածները ցրելու ուղղությամբ: Իսկ երբ ԵՄ-ից հարց է դրվում՝ պատրաստ՞ է արդյոք վերանայել ռուսական կոնցեսիան, Փաշինյանը ցույց է տալիս, թե այո, պատրաստ է, որպեսզի ցույց տա, որ ինքը «խաղի մեջ է»: 

Այսօրվա համաշխարհային բոլորը բոլորի դեմ պատերազմի ռեժիմում նա ստիպված է մանևրել այնքան, որքան հնարավորություն և ռեսուրս ունի: Եթե ներսում ներհասարակական ատելություն սերմանես և խաղադրույք անես դրա վրա, արտաքին մանևրի տեղ ընդհանրապես չես ունենա և ստիպված կլինես զոհասեղանին դնել կամ Արցախը, կամ Հայաստանի տնտեսությունը: 

  • Վերջերս ԵՄ վերաբերյալ ընդունված թուղթը պարզապես կենացների հավաքածու էր, մինչդեռ հայ-եվրոպական փոխհարաբերությունների առանցքային և բովանդակալից, գետնի վրա փաստաթուղթը շարունակում է մնալ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը վավերացվել է ԵՄ բոլոր անդամ պետությունների խորհրդարանների կողմից:

  • Իհարկե, հայտարարվեց, թե Հայաստանն ու ԵՄ-ն ռազմավարական գործընկերության նոր փաստաթուղթ են ստորագրում: Բայց դա արվեց հենց այն պատճառով, որ CEPA-ն ունի իրավական ուժ և ստեղծում է հստակ պատասխանատվություն Արցախյան հարցի ու դրա հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ազգային ինքնորոշման և ուժի չկիրառման մասով: Փաստացի, Եվրամիությունն իր այսօրվա քաղաքականությամբ խախտում է CEPA-ն, ինչը բխում է նաև նրանից, որ պաշտոնական Երևանը դե ֆակտո հրաժարվել է այդ ամենից՝ լուծարելով նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս ամենը համընկնում է Մինսկի խմբի լուծարման մեկամյակի հետ, ինչը վերջին 4-4.5 տարիների վարվող քաղաքականության առանցքային հանգամանքներից է: 
  • Ինքնիշխանության և տարածքային ամբողջության մասին ձևակերպումները այստեղ ընդամենը ցուցանակ են. բոլորս էլ հասկանում ենք, որ գործ ունենք ճանապարհի դե ֆակտո օտարման հետ: Նույն տրամաբանության մեջ է նաև ամերիկյան տվյալների կենտրոնը (data centers), ինչը փաստացի խոստովանեց նաև Փաշինյանը դրա բացմանն իր ելույթում՝ նշելով, որ այդ ամենն իրականություն դարձավ օգոստոսի 8-ի համատեքստում: Հայաստանը հանձնառել և տարածք է տրամադրել այս կենտրոնի համար, որոնք թվային աշխարհում իրականում ռազմակայաններ են՝ պայմանական իմաստով:

Թվային տեխնոլոգիաներն այսօր էական ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա: Հիշենք, որ Իրանի դեմ սանձազերծված պատերազմից հետո Իրանը թիրախավորել և հարվածներ էր հասցրել Միացյալ Արաբական Էմիրություններում ու Բահրեյնում գտնվող ամերիկյան խոշոր ընկերությունների արհեստական բանականության տվյալների կենտրոններին: Իրանցիները դա անում էին ոչ թե պարզապես վնաս հասցնելու համար, այլ շատ նրբորեն ու դիպուկ գիտակցելով, որ այդ կենտրոնները ծառայում են ռազմաքաղաքական նպատակների սպասարկմանը: 

Այնպես որ, Հայաստանում այս տվյալների կենտրոնի բացումը ոչ մի այլ մեծ նշանակություն չունի. այն օգոստոսի 8-ի փաթեթի մի մասն է: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա պետք է արձանագրել, որ ներկայացվող ահռելի թվերի՝ նույնիսկ մինչև 4 միլիարդ դոլարի գրեթե 80%-ն ԱՄՆ ընկերություններից թանկարժեք սարքավորումների ձեռքբերման գումարներն են, այսինքն՝ այդ միջոցները հետ են գնալու Միացյալ Նահանգներ: Ավելին, այս ծրագիրը Հայաստանում դե ֆակտո իրականացվում է հենց հայաստանյան ֆինանսական միջոցներով. առաջին փուլի ներդրումների գերակշիռ մասը՝ շուրջ 300 միլիոն դոլար, տրամադրվել է հայկական բանկերի միջոցով: Ստացվում է, որ ԱՄՆ-ը ստանում է հերթական իրավունքը, բայց դրա դիմաց դե ֆակտո վճարում է հայկական կողմը: 

Հետաքրքիր է նաև զուգահեռը. նույն ընկերությունը Հայաստանին զուգահեռ՝ շատ ավելի հսկայածավալ ներդրումային համաձայնագիր է կնքել Ղազախստանի հետ, որտեղ, սակայն, նախատեսվում է ոչ թե պարզապես կենտրոն բացել, այլ ձևավորել արհեստական բանականության ազգային միջավայր: Հայաստանի դեպքում «ազգային միջավայրի» մասին խոսք չկա. այստեղ պարզապես տարածք է տրամադրվում մի կենտրոնի համար, որը սպասարկելու է ամերիկյան շահերը, մինչդեռ մենք տուժում ենք տնտեսապես ու բնապահպանապես: 

  • Որտե՞ղ են հիմա էկոլոգներն ու հանքերի դեմ պայքարող «բնապահպանները»։ Բնապահպանական շարժումների գերակշռող մասը, ցավոք, գործում է քաղաքական պատվերով: Օրինակ՝ Ամուլսարի արևմտյան ներդրումը, երբ հասել էր շահագործման փուլին, արգելափակվեց, ձևափոխվեց և վերածվեց հայաստանյան ֆինանսավորման: Սակայն այստեղ համեմատելու բան չկա, որովհետև Ամուլսարն ուներ իրական տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտ, մինչդեռ այս կենտրոնն ապահովելու է ընդամենը մի քանի տասնյակ աշխատատեղ և բացարձակապես չի բարձրացնելու Հայաստանի տնտեսական կշիռը: Բնականաբար, Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ցանկացած ներդրում ողջունելի է, սակայն այս նախագծի ազդեցությունն ու միլիարդավոր դոլարների մասին խոսույթը պարզապես գերագնահատված են: Այնպես որ, սա հերթական քաղաքական պրոյեկտն է, որտեղ բիզնեսն անում է իր գործը: 
  • Բիզնեսի վարքագիծն այստեղ հասկանալի է, բայց հարցն այն է, թե պետությունը որքանով է արդյունավետ կատարում իր գործառույթները: Արդյո՞ք բնապահպանության նախարարությունը չափել և գնահատել է այս ռիսկերը, եղե՞լ է արդյոք որևէ վերահսկողություն: Սրանով պետք է հետամուտ լինեն առաջին հերթին այն մարդիկ, ովքեր իրենց անշահախնդիր բնապահպան են համարում: Ցավոք, այս հարցերը հաճախ սպասարկում են քաղաքական շահեր, մինչդեռ ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ էլ դրսում համապատասխան արձագանք չկա: 
  • Կրկնեմ՝ ես դեմ չեմ Հայաստանում ներդրումներին, բայց վաղը մենք կանգնելու ենք խմելու ջրի հիմնախնդրի առջև: Եթե այս ամենն արվում է Հայաստանի ռեսուրսների և անվտանգության հաշվին, մոտեցումները պետք է արմատապես փոխվեն, և համապատասխան ինստիտուտները պետք է գնահատեն իրական ռիսկերը: Քաղաքական իմաստով, սակայն, ակնհայտ է, որ սա օգոստոսի 8-ի փաթեթի մի մասն է. ինչպես Սյունիքի ճանապարհն է տրամադրվել արտաքին ուժերին, այնպես էլ այստեղ տարածք է տրամադրվել դե ֆակտո թվային ռազմակայան հիմնելու համար: 
  • Ադրբեջանը պարզապես համակարգված ու հետևողականորեն անում է այն, ինչ պետք է աներ ցանկացած երկիր իր դիրքում: Նրանք աշխատում են և առավելագույնս օգտագործում աշխարհաքաղաքական իրավիճակն ու միջին միջանցքի պահանջարկը: Նրանք բարձր գին են պահանջում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը, չունենալով ներքին լեգիտիմ ռեսուրսներ և խաղը հասարակության բաժանարար գծերի վրա կառուցելով, արտաքին դաշտում վարում է անձնատուր լինելու քաղաքականություն: 
  • Ինչ վերաբերում է անկլավների հարցին և Տիգրանաշենի հանձնմանը, իշխանությունն արդեն վաղուց է բացահայտել իր մոտեցումները: Եթե նրանք ընդունել են այդ հարցի գոյությունը, Ադրբեջանը փորձելու է ստանալ առավելագույնը: Հիմքերը դրված են, և Ադրբեջանը քաղելու է այս հնարավորության պտուղները:

  • Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի նկատմամբ վրեժխնդրությանն ու կարմիր գծերի հատմանը, ես դատապարտելի եմ համարում, երբ քաղաքական հաշվեհարդարի համար թիրախավորվում և շանտաժի են ենթարկում ընտանիքը: Սակայն սեփականության իրավունքի այսպիսի կոպիտ ոտնահարումը, ինչը խաթարում է Հայաստանի ներդրումային վարկանիշն ու կայուն զարգացման հիմքերը, ցավոք, Հայաստանում կապիտալի նախնական կուտակման շրջանից ի վեր չի արժանացել էլիտաների սկզբունքային անդրադարձին: Եթե այդպիսի անդրադարձ լիներ, մեր պատմությունն այլ ընթացք կունենար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31