Եթե Ծառուկյանը վարսավիրանոց ունենար, կխլեին, Ավինյանը կասեր՝ խնդրում եմ՝ բոլորդ գաք-ֆենվեք այստեղ
ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը հայտարարեց, որ իշխանությունը շատ է խոսում ժողովրդավարությունից, սակայն իրական պատկերն այլ է՝ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ:
«Այդ ժողովրդավարության վառ արդյունքն է այսօր իմ գործընկեր Արթուր Սարգսյանի այստեղ չլինելը, հնարավորություն չունենալը, որպեսզի գա և մասնակցի խորհրդարանի աշխատանքներին։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձայն են տվել Արթուր Սարգսյանին, որպեսզի նրան տեսնեն խորհրդարանում՝ որպես պատգամավորի։
Այդ «ժողովրդավարության» դրսևորումներից է 70-ամյա Գագիկ Ծառուկյանին մի 30 հոգով՝ մասկաներով, սև շորերով, առանց որևէ դիմադրության գետնին տապալելը։ Այն դեպքում, երբ մարդասպանության բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, և մենք տեսանյութեր ենք տեսնում, թե ինչպես են, օրինակ, մարդասպանի ձեռքը հանգիստ բռնած՝ շորորացնելով տանում այս կողմ, տանում այն կողմ։ Սա ժողովրդավարություն չէ, սա ուղղակի, չգիտեմ՝ իրավական ասեմ, քաղաքական ասեմ, բեսպրեդելի դրսևորում է: Այդ ժողովրդավարության արդյունքն է Ծառուկյանից գույքեր խլելը, իրավական վենդետա, նման հասկացողություն աշխարհում չկա: Վենդետան ի՞նչ իրավական, եթե իրավական պրոցես է, դա պիտի լինի արդար, արդարադատություն, օրենքի սահմաններում: Օրինակ, «Մուլտի Վելնես»-ը վերցրեցին, տվեցին քաղաքապետարանին, Տիգրան Ավինյանն առավոտ գործի գալուց լայվ էր մտել, ասում էր՝ բոլորիդ կոչ եմ անում գալ և մարզվել այստեղ: Եթե Ծառուկյանը վարսավիրանոց ունենար, դա կխլեին, և Տիգրան Ավինյանը կասեր՝ խնդրում եմ՝ բոլորդ գաք ֆենվեք այս վարսավիրանոցում»,- շարունակեց պատգամավորը:
Այնուհետև Սևակ Խաչատրյանը Ռուբեն Ռուբինյանին, Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին «բարեկամական» խորհուրդ տվեց հասկանալ, որ իշխանությանը կուրորեն ծառայելը նույն բանը չէ, ինչ պետությանը ծառայելը:
«Ձեր դեպքում շատ հաճախ դրանք չեն համընկնում իրար: Տեսեք, դրա վառ ապացույցն է Ալեն Սիմոնյանը, կուրորեն ծառայելը քաղաքական ապագա չի երաշխավորում: 5 տարի Ալեն Սիմոնյանը կուսակցության, Նիկոլ Փաշինյանի որոշումները կատարել է, բայց այսօր արդեն ԱԺ-ում չէ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում

