Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում «խաղի» ի՞նչ կանոններով է առաջնորդվելու Վիլեն Գաբրիելյանը, ինչպե՞ս է վերահսկելու է Սուրեն Պապիկյանին

2023 թվականի հունվարին CivilNet-ին տված հարցազրույցում Ազատի կացարանի հրդեհի և 15 զինվորի մահվան համատեքստում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր.

«Եթե ընդդիմադիր լինեի, կպահանջեի պաշտպանության նախարարի հրաժարականը: Բայց ընդդիմադիր չեմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, ուստի աջակցում եմ նրան՝ բանակում առկա խնդիրների լուծման հարցում»:

Նա 3 տարի առաջ տված այս հարցազրույցում նշել էր, որ ՀՀ զինված ուժերը լրջագույն վերափոխման կարիք ունի, քանի որ համակարգը չի գործում առկա մարտահրավերներին համահունչ:

«Երբ դու գալիս ես համակարգ և այնտեղ կտրուկ փոփոխություններ չես անում, ըստ երևույթին, ժամանակի ընթացքում ռիսկը շատ մեծ է, որ դու կդառնաս տվյալ համակարգի մասը: Իսկ ՀՀ-ում համակարգերը ստեղծվել են սխալ սկզբունքների և բովանդակության հիման վրա: Հերիք չի, որ սխալ սկզբունքի և բովանդակության վրա ենք ստեղծել, հետագայում քրեաօլիգարխիկ ռեժիմի պատճառով ընդհանրապես խաթարվել է համակարգի բուն նպատակը»,- շարունակել էր Գաբրիելյանը՝ հիշելով նախկիններին:

Կարդացեք նաև

Բայց այդ ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ այսօր նույն հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանն ակնարկել էր նաև, թե իր համար պարզ չէ՝ ինչ տեսակ բանակ է ուզում, այսպես ասած, ստանալ Սուրեն Պապիկյանը:

«Ինձ համար անձնապես դա պարզ չի էս 2 տարվա ընթացքում, առավելապես, որ Պապիկյանը դառել է պաշտպանության նախարար: Մի քանի անգամ ունեցել ենք քննարկումներ, ինձ համար խնդիր է, որ երբ ասում ենք՝ պրոֆեսիոնալ բանակ, բայց դա ի՞նչ է իրենից ենթադրում, երկրորդ՝ մենք այդ պրոֆեսիոնալ բանակին ինչպիսի՞ քայլերով ենք հասնում:

Մոդուլային կացարանները, որի մասին խոսում են, լավ է, բայց դա հատվածական փոփոխություն է: Պաշտպանության նախարարը եկել է հանձնաժողով, այնտեղ էլ ենք դիմել իրեն, որ մեզ համար փաստացի պարզ չի բանակի մոդելը, որն ուզում ենք ունենալ, և, որ պարզ չի, թե ինչ քայլերով ենք ուզում հասնել պրոֆեսիոնալ բանակին: Ամբողջ հանձնաժողովի համար դա պարզ չի:

Իմ ունեցած տեղեկություններով, այս ընթացքում պաշտպանության նախարարությունն ունեցել է մի տեսլական, որը նախարարը հավանության չի արժանացրել: Ես տեսնում եմ, որ համակարգի ներսում կան խնդիրներ և հակասություններ, և, ըստ երևույթին, հակասությունները մեզ խանգարում են և թույլ չեն տալիս, որ մենք շարժվենք առաջ: Մեկ տարի առաջ նախարարը հայտարարել է, որ պետք է ունենանք այդ հայեցակարգը, մինչև էս պահը չկա»,- շարունակել էր նա:

Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով իր համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է»,- ասել էր Պապիկյանը:

Հնարավոր է՝ այսօր արդեն Վիլեն Գաբրիելյանի համար ամեն ինչ ավելի պարզ է՝ կա արդեն բանակի հայեցակարգ, տարբեր երկրներից սպառազինություն է գնվում, արևմտյան մոդել են փորձում «հարմարեցնել» բանակին, զինված ուժերից «վերցվել» է անվտանգության առաջնային գործոն լինելու «մենաշնորհը», «մարտունակ բանակ» եզրույթն այլևս ակտուալ չէ, հիմա ընդունելին «պաշտպանունակ բանակ» ձևակերպումն է:

Այլ հարց է՝ որքանով այսօր կարելի է այն համարել պրոֆեսիոնալ բանակ կամ դրա ուղին իրապես բռնած, բայց այս ամենը, ըստ էության, պետական քաղաքականության հետևանք է: Այսինքն, գլոբալ առումով որոշողը Նիկոլ Փաշինյանն է, արդյո՞ք մարտունակ բանակ ունենալը մտնում է նրա պլանների մեջ:

Երեկ Ազգային ռադիոյին տված հարցազրույցում Գաբրիելյանը խոսում էր բանակի շվեյցարական, նաև՝ Ֆինլանդիայի զինված ուժերի մոդելների մասին:

Օրինակ, մասնագետները համարում են, որ Ֆինլանդիան Արևմտյան Եվրոպայի ամենահզոր և ամենամեծ հրետանային արսենալ ունեցող երկիրն է: Հայաստանի Հանրապետությունը համեմատության կարգով հզոր բանակ ունենալու խնդիր ունի՞, առհասարակ, այսօր ի՞նչ խնդիր է դրված ՀՀ զինված ուժերի, զինվորի, սպայի առջև, ում ենթակայության տակ գտնվող տարածքները փուլ առ փուլ վերցվում են:

Ի դեպ, մոտ երկու տարի առաջ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր.

«Ես ընդհանրապես համարում եմ, որ 21-րդ դարում մարտական հենակետ պահելը դա հետամնացության նշաններից մեկն է՝ ռազմական տեսանկյունից: Ինձ որ հարցնեք, ավելի լավ է մարտական հենակետեր չունենալ, կենդանի ուժ չպահել, բայց ցանկացած մարդուն, որն ապօրինաբար կխախտի սահմանը, հենց մի միլիմետր խախտի քո սահմանը, դու տեղում խնդիրը լուծես: Պաշտպանության նախարարը շուտով գալու է նոր նախագծերով, և մենք, ի վերջո, կարողանալու ենք ձևավորել տարածքային պաշտպանության համակարգը, ստեղծել տարածքային պաշտպանության ուժեր, որոնք պետք է հիմնված լինեն տեղի բնակիչների ներուժի վրա նաև: Դա նշանակում է՝ այն մարդը, որտեղ բնակվում է, պարտավոր է ներգրավված լինել որոշակի ստորաբաժանման մեջ, որն ապահովելու է տվյալ տարածքի պաշտպանությունը: Մեր անվտանգային համակարգը և պաշտպանունակությունը պետք է բարձրացվեն»:

Նախ՝ Փաշինյանի թիմակիցը պետք է լավ իմանա՝ այն, որ ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում է և դժվար թե արդեն դուրս գա, խնդիրն այնքան մարտական հենակետը չէ, որքան արգելքը՝ սահմանը խախտողի հարցերը տեղում լուծելու: Այսօր արդեն կան ձևավորված տարածքային պաշտպանության ուժեր:

Բնականաբար, պետք է առաջ շարժվել, անցնել ավտոմատացված համակարգի և այլ ժամանակակից մեթոդների կիրառմանը, բայց գլխավոր խնդիրը երկրի ղեկավարության քաղաքական կամքն է: Օրինակ, Վիլեն Գաբրիելյանը երևի կցանկանար շարունակել Բաքվից փախստականների իրավունքների բարձրաձայնումը, հակադարձել Ալիևի ինչ-ինչ հայտարարություններին, ինչն անում էր և ինչը մոտ 1 տարի է՝ արգելված է անել:

Ինչևէ, ճակատագրի հեգնանքով, որոշված է, որ Վիլեն Գաբրիելյանը կարող է լինել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, որի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմաարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության ու այլ ռազմականացված մարմիններում ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ:

Այսինքն, Վիլեն Գաբրիելյանը կարող է ղեկավարել մի հանձնաժողով, որն իրավունք ունի վերահսկելու Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցին, ավելին՝ բանակին առնչվող ցանկացած օրենք այս հանձնաժողովի «ձեռքի տակով» է անցնում:

Թե որքանով Վիլեն Գաբրիելյանը կաջակցի իր թիմակից Սուրեն Պապիկյանին բանակում առկա խնդիրների լուծման հարցում, ցույց կտա ժամանակը:

Եթե Վիլեն Գաբրիելյանը որոշի ՀՀ պաշտպանության նախարարին «ստուգել» Նիկոլ Փաշինյանի հրահանգով… Ինչի մասին է խոսքը:

Մոտ երկու տարի առաջ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«2021թ. նոյեմբերի 14-ին` կիրակի օրը, ժամը 10:00, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շտապ նիստ՝ Սոթք-Խոզնավար իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, որի ընթացքում բոլոր դրական և բացասական կողմերը՝ եղած պաշտոնական տեղեկատվության կոնտեքստում, պետք է քննարկվեին։

Նիստի ընթացքում հաշվի առնելով այն փաստը, որ ծառայել եմ 2-րդ բանակային կորպուսում, վարչապետը խնդրեց, որ իմ անձնական կապերով փորձեմ առաջին ձեռքից հնարավորինս ստույգ իրադրություն նկարագրեմ։ Սենյակից դուրս եմ եկել, կարճ ժամանակ անց վերադարձել և նկարագրել իրավիճակը, որտեղ ի զարմանս մեզ բացահայտել ենք պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության` ակնհայտ փափուկ ասեմ, տարընթերցումը:

Կցանկանամ նաև առանձնահատուկ մատնանշեմ, որ վերը նշված Սոթք-Խոզնավար դեպքերի հետ կապված կային/կան քրեական վարույթներ, որոնցով եղել են կալանավորված, այդ թվում` ծառայությունից ազատված մարդիկ, ինչի հետ ես խնդիր եմ ունեցել և ունեմ, այդ թվում այն պատճառով, որ կալանավորվածներից կամ պաշտոնից ազատվածներից երկուսը եղել են վերը նշված իրադարձությունների ժամանակ ինձ գրեթե 100%-անոց ճշմարիտ տեղեկություն տրամադրողները։ Բայց խնդիրը ոչ թե այն է, որ ինձ գրեթե ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացվել, այլ այն, որ իրականում այդ Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ հազվագյուտ կամքով սպաներից են եղել»:

Այստեղ, ըստ էության, Վիլեն Գաբրիելյանն ասում է, որ ռազմական իրադրության մասին ճշգրիտ տեղեկություն տրամադրած և այդ օրերին բացառիկ կամք դրսևորած փորձառու սպաներից Նիկոլ Փաշինյանն ազատվել է: Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերյան մարտերի գործով անցնում է 2-րդ կորպուսի նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանը:

Մյուս կողմից, Գաբրիելյանը «գաղտնազերծում է», որ ՊՆ-ի և ԳՇ-ի տեղեկատվությունը ստուգելու առաջադրանք է ստացել Փաշինյանից, որովհետև երևի արդեն այդ պահին Փաշինյանը չի վստահել սեփական պաշտպանության նախարարին, թեև կարող էր նաև ԳՇ ղեկավարությունից պարզաբանումներ ստանալ:

Խնդիր է նաև այն, որ նման «խաղի» մեջ մտնելը կարծես թե նորմալ է համարել Վիլեն Գաբրիելյանը, ինչն այնքան էլ լավ բանի մասին չի խոսում, եթե անգամ համարում է, որ Փաշինյանի կադրային ամենասխալ նշանակումները բանակում Արշակ Կարապետյանին և Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելն էր, որի համար Փաշինյանն իր պատճառներն է ունեցել, ինչի մասին խոսել է:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին էլ Նիկոլ Փաշինյանն առավել վստահելի է համարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի տրամադրած տեղեկությունները, քան ՀՀ ԶՈՒ ԳՇ-ինը, և ոչինչ, որ իր որոշմամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ էր նշանակվել Արծրուն Հովհաննիսյանը, որի փոխանցած պատերազմական տեղեկություններն իրականության հետ հակասություններ ունեին: Ավելին, բրիֆինգներին հյուրընկալվել են մարդիկ, որոնց 44-օրյային մարտական կենսագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, հնարավոր է նաև Գաբրիելյանի շրջապատում լինեն այդպիսիք: Արդյո՞ք փորձել է իր «կանալներով» ճշտումներ անել:

Իսկ թե ինչպիսի պաշտոնական և ոչ պաշտոնական փոխգործակցություն և շփումներ կլինեն Վիլեն Գաբրիելյանի ղեկավարելիք պաշտպանության հանձնաժողովի և Սուրեն Պապիկյանի գլխավորած կառույցի, և հենց իրենց միջև, ցույց կտա ժամանակը:

Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն իրավասու է՝

■ Խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ,

■ տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ,

■ խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին,

■ պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում,

■ Խորհրդարանական վերահսկողության արդյունքով իրավասու մշտական հանձնաժողովը կարող է ընդունել գրավոր եզրակացություն և Աշխատակարգով սահմանված կարգով այն ուղարկել Ազգային ժողովի մյուս մարմիններ, ինչպես նաև իրավասու մարմիններ և պաշտոնատար անձանց և այլն:

Նշենք, որ չնայած մեր գրավոր հարցումներին, մեզ այդպես էլ չի հաջողվել պարզել՝ 8 միլիարդ դոլար արտաքին պարտքի ավելացման մեջ որքա՞ն է կազմում սպառազինության ձեռքբերումների մասնաբաժինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031