Թրամփը բողոքարկում է իր ընտանեկան բիզնեսին առնչվող 10 մլրդ դոլարի հայցով դատարանի որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է դաշնային դատարանի այն որոշման բողոքարկման գործընթացը, որը կասկածի տակ էր դրել իր, իր որդիների և The Trump Organization ընկերության կողմից ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) դեմ ներկայացված հայցի օրինականությունը, հայտնում է NBC News-ը։
Թրամփի փաստաբանները բողոքարկման ծանուցում են ներկայացրել Ֆլորիդայի դաշնային շրջանային դատավոր Քեթլին Ուիլյամսի՝ հուլիսի 13-ի որոշման դեմ։ Դատավորը եզրակացրել էր, որ 10 միլիարդ դոլարի հայցը ներկայացվել է «ոչ պատշաճ նպատակով» և օգտագործվել է դատական համակարգի վրա ճնշում գործադրելու համար։
Հայցը կապված էր Թրամփի հարկային փաստաթղթերի արտահոսքի հետ, որոնք հետագայում ընկան The New York Times-ի այն հրապարակման հիմքում, թե նախագահն իբր 2016 և 2017 թվականներին վճարել է ընդամենը 750 դոլարի դաշնային եկամտահարկ։
Թրամփի իրավաբանական թիմի ներկայացուցիչը հայտարարել է, որ IRS-ը «թույլ է տվել քաղաքականապես մոտիվացված աշխատակցին ապօրինաբար գաղտնի և անձնական տեղեկություններ» բացահայտել նախագահի, նրա ընտանիքի և ընկերության մասին։
Խոսքը IRS-ի նախկին կապալառուի մասին է, ով 2023 թվականին ընդունել էր իր մեղքը 2019–2020 թվականներին Թրամփի և հազարավոր այլ մարդկանց հարկային տվյալները գողանալու, ապա դրանք ԶԼՄ-ներին փոխանցելու մեջ։ Նա դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։
Հայցի ներկայացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստեղծել է 1,8 միլիարդ դոլարի հիմնադրամ, որը ստացել է «պետական մարմինների քաղաքականացման դեմ հիմնադրամ» անվանումը։
Սա դարձփլ է այն համաձայնագրի մասը, որի համաձայն իշխանությունները պարտավորվել են հետաքննություն չանցկացնել և վճարումներ չպահանջել Թրամփից, նրա ընտանիքի անդամներից ու նրանց հետ կապված ընկերություններից։
Այնուամենայնիվ, դատավոր Ուիլյամսը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը չի կարող դիտարկվել որպես լիարժեք դատական կարգավորում։ Նա նաև նշել է, որ Թրամփը, որպես նախագահ, վերահսկում է Արդարադատության նախարարությունը, Ֆինանսների նախարարությունն ու IRS-ը, ինչը նույնպես շահերի բախում է առաջացնում։
Բացի այդ, դատարանը պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Թոդ Բլանշի և փոխգլխավոր դատախազ Սթենլի Վուդվորդի նկատմամբ, ինչպես նաև խնդրել է Ֆլորիդայի փաստաբանների պալատին դիտարկել Թրամփի փաստաբան Ալեխանդրո Բրիտոյի դեմ հնարավոր կարգապահական միջոցներ ձեռնարկելու հարցը։
Թրամփի հետ համաձայնագրի շուրջ վեճն արդեն քաղաքական հակամարտություն է առաջացրել ԱՄՆ Սենատում։ Հանրապետական սենատորներ Ջոն Քորնինն ու Թոմ Թիլիսը Արդարադատության նախարարությունից պահանջել են փակել հիմնադրամն ու սահմանափակել հարկային համաձայնագրի պայմանները՝ նախքան Բլանշի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում աջակցելը։
Ինքը՝ Թրամփը, ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է, որ հիմնադրամը փաստացի փակված է, սակայն հավելել է․ «Ես կնախընտրեի, որ դա տեղի չունենար»։ Ընդ որում, նա չի պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք փոխել իրեն, իր ընտանիքին և ընկերությանը վերաբերող հարկային համաձայնության պայմանները։

