Բաժիններ՝

«Նրանք մեր երեխաներն են». Հնդկաստանի վարչապետը կոչ է արել ներել բողոքի ակցիայի մասնակիցներին՝ իր հասցեին հնչած վիրավորանքներից հետո

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել ներելու Դելիի ցույցի այն մասնակիցներին, որոնք անպատվել էին իրեն ու իր հանգուցյալ մորը, հայտնում է Hindustan Times-ը։

«Ջանթար-Մանթարում անվայել խոսքերով թիրախավորեցին ոչ միայն ինձ, այլև մորս հիշատակը։ Այնուամենայնիվ, վիրավորանքներով հարց չես լուծի. սխալվածներին պետք է ճիշտ ճանապարհի վրա դնել», — սոցցանցերում հրապարակված իր տեսաուղերձում նշել է Մոդին։

Խորապես վիրավորված լինելով տեղի ունեցածից՝ վարչապետն, այդուհանդերձ, կոչ է արել երես չդարձնել երիտասարդներից իրենց արածի համար։

Նա ընդգծել է, որ գործ ունեն «մոլորված երիտասարդների» հետ, ում պարզապես պետք է օգնել և ճիշտ ուղու վրա դնել։

Մոդիի հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը գործ է հարուցել մի աղջկա դեմ, ում մեղադրել են հուլիսի 23-ին Նյու Դելիի Ջանթար-Մանթար հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետի հասցեին հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործի նյութերում աղջիկը նշված է որպես 25-ամյա, սակայն ներողություն խնդրելու վերաբերյալ հրապարակված տեսանյութում նա հայտարարել է, որ 15 տարեկան է։

Տեսանյութում աղջիկն ասել է, որ ընկել է ակցիայի այլ մասնակիցների ազդեցության տակ և արտաբերել բառեր, որոնց համար ցավում է։

«Ներողություն եմ խնդրում ամբողջ երկրից։ Շատ ամոթալի է։ Անգամ չեմ կարողանում նայել ինքս ինձ։ Խնդրում եմ ներել ինձ», — ասել է նա՝ տեղի ունեցածն անվանելով իր «առաջին և վերջին սխալը»։

Աղջկա դեմ բողոքը ներկայացվել է Նոյդա քաղաքի ոստիկանական բաժանմունք։ Այսպես կոչված «զրոյական առաջնային հաղորդումը» (Zero FIR) գրանցելուց հետո գործը փոխանցվել է Նյու Դելիի «Փարլամենթ սթրիթ» բաժանմունք։

Իրավիճակը նաև քաղաքական արձագանք է առաջացրել։ Ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները քննադատել են Մոդիի հայտարարությունը՝ նշելով, որ հասարակությունը նրանից ներողություն էր սպասում, այլ ոչ թե ներելու մասին հայտարարություն։ Ռաջյա Սաբհայի (խորհրդարանի վերին պալատի) պատգամավոր Պավան Քհերան սոցցանցում գրել է, որ «երկիրը խնդրում է նրան ներողություն խնդրել, իսկ նա դրա փոխարեն ներեց երկրին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31