Գագիկ Ղազինյանի վաստակած բարձր հարգանքը չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով. Արման Թաթոյան
Արման Թաթոյանը գրում է. «Գագիկ Ղազինյանն ակադեմիկոսի, վաստակավոր իրավաբանի կոչմանն իրական արժանի մարդ է: Նա Հայաստանի իրավաբանական կրթության մի ամբողջ դարաշրջանի մասին է:
Գագիկ Ղազինյանը կայացրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, դուրս բերեց այն միջազգային ասպարեզ, ուսանողին միշտ ոգեշնչում էր, երբեք անտեսված չէր թողնում: Գագիկ Ղազինյանից սովորել եմ նրա ամենակարևոր պատգամը` չդավաճանել իրավաբանի մասնագիտությանն ու սկզբունքներին։
Ցավալին այն է, որ այսօր կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց մասնագիտական կայացման ու առաջխաղացման համար պարտական են հենց պարոն Ղազինյանին, բայց անմիջականորեն ներգրավված են Ղազինյանների ընտանիքի նկատմամբ հետապնդումներին կամ ունեն դրանք կանխելու հնարավորություն, բայց ոչինչ չեն անում` հանուն սեփական շահերի։
Պարոն Ղազինյանը եղել է իմ գիտական ղեկավարը, ինչպես նաև իմ ախատանքային ղեկավարը, երբ ասպիրանտուրայում սովորելուն զուգահեռ 2005թ. սկսեցի դասավանդել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Նրա ներդրումն իմ մասնագիտական և մարդկային որակների ձևավորման գործում անգնահատելի է:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետից Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է: Այն բարձր հարգանքը, որ Գագիկ Ղազինյանը վաստակել է, չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով»:

