«Այնպես չէ՝ մայիսին Հայաստանում օգնության աղմուկ են բարձրացնում, հունիսին Եվրոպան ասում է՝ ձեզ կօգնենք». Գագիկ Մակարյան
Արդեն երրորդ ամիսն է՝ հայ արտադրողները չեն կարողանում իրենց արտադրանքն արտահանել ռուսական շուկա. Ռուսաստանը սահմանափակումներ է դրել Հայաստանից ապրանքների արտահանման վրա։ Ըստ ռուսական կողմի՝ պատճառը Հայաստանից արտահանվող ապրանքների որակն է։
Այս որոշման արդյունքում հայ արտադրողները կանգնել են խնդրի առաջ, ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացնում, Կառավարությունից պահանջում են լուծել խնդիրը, քանի որ ապրանքն ուղղակի թափում են, սակայն որևէ լուծում չկա։
Կառավարությունը խոսում է ԵՄ շուկա արտահանման մասին, սակայն արտադրողները հակադարձում են՝ ԵՄ շուկա շատ քիչ քանակությամբ ապրանք է արտահանվում, ինչը նշանակում է, որ պետք է բանակցեն ռուսական կողմի հետ՝ ռուսական շուկա մուտք գործելու համար։
Այսօր որքանո՞վ է ԵՄ շուկան բաց հայկական ապրանքների համար, հայկական ապրանքների պահանջարկ Եվրոպան ունի՞, և առհասարակ Հայաստանը կարո՞ղ է ռուսական շուկան փոխարինել եվրոպական շուկայով՝ արտահանման ծավալների առումով։
Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը պատասխանելով այս հարցերին, մանրամասնեց, որ նախ՝ եվրոպական շուկան որևէ ապրանքի գծով առանձնահատուկ պահանջարկ կամ ընդգծվածություն չունի։
Այսինքն՝ այն, ինչը Հայաստանն առաջարկում է ԵՄ շուկային և այդ շուկան փորձում է այդ առաջարկին ընդառաջ գնալ՝ ուղղակի անում է օգնելու համար՝ որոշակիորեն բալանսավորելու ԵԱՏՄ շուկայի պահանջարկը։
«Այդպիսով ռուսական գործոնն ավելի թուլացնելու ու Ռուսաստանի դերն ավելի նվազեցնելու համար։
ԵՄ շուկան այնքան բազմազան է, և այնքան երկրներ են ձգտում հայտնվել այդ շուկայում, այդ թվում՝ հենց Թուրքիան, որը միայն բավարար է, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ ապահովի, չհաշված աֆրիկյան ու եվրոպական երկրները։ Չմոռանանք, որ Եվրոպայում բավականին բարձր գյուղատնտեսություն ունեցող երկրներ կան, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, որոնք կարողանում են գյուղատնտեսական մեծ ապրանքներ ապահովել։
Հիմա Հայաստանի մասին՝ երբ խոսում ենք, օրինակ, մեր ծիրանի մասին, արդեն վերջին արտահանումները և մասնագիտական վերլուծությունները ցույց տվեցին, որ ընդգծված պահանջարկ չունի, և այնպես չէ, որ ԵՄ-ում ասում են՝ դե, եթե հայկական ծիրան է, ուրեմն՝ ամենալավն է, պետք է վերցնենք և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական շուկա հայկական ապրանքների արտահանման համար կարևոր դեր կարող են ունենալ Եվրոպայում ապրող հայերը՝ սփյուռքահայերը։ Նրանք կարող են հնարավոր տարբեր տեղերում իրենց ելույթներով լավ ներկայացնել հայկական արտադրանքը, կարող են դառնալ նաև գնորդ։ Սակայն նրանց կողմից ակտիվություն չկա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի կապերը սփյուռքի հետ բավականին թուլացել են, որի հետևանքով էլ սփյուռքի համախմբվածությունը բավականին թուլացել է։ Կարևոր դեր կարող են խաղալ նաև դիվանագետները։
«Հայ Առաքելական եկեղեցու մասով էլ կարող ենք նույնն ասել՝ սփյուռքում գտնվող եկեղեցիները, որոնք կարող էին հսկայական գործ անել, վերջին իրադարձություններից հետո ակտիվ չեն կամ ավելի զգուշավոր են դարձել։
Երբ ԵՄ-ն հայտարարեց, որ հայկական ապրանքների 80 տոկոսը թույլատրում է առանց մաքսատուրքերի, Էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանեց, որ դրանք նաև «GSP+» ցանկում ներառված ապրանքներն են և գյուղատնտեսական ապրանքները, «GSP+» ցանկում կան 6200 տեսակի ապրանքներ։ Սրանք տարբեր ապրանքներ են, սկսած հագուստից, հանքարդյունաբերական նյութերից, և այլ բաներ։
Հիմա Հայաստանը կարող է այս հնարավորությունից օգտվել, եթե, իհարկե, կարողանա ապահովել մի քանի պահանջներ։ Նախ, մենք այդ պահանջները պետք է ունենանք, որպեսզի կարողանանք վաճառել, եթե դրանք Հայաստանում արտադրված չեն, հետևաբար՝ դրանք չենք կարող արտահանել։ Եթե նույնիսկ ունենք, ապա մեծ մասի քանակն այնքան փոքր է, որ էականորեն կարող է մեծ ծավալներ չապահովել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Գագիկ Մակարյանի, գյուղատնտեսական ապրանքների մասով էլ պետք է Հայաստանն ապահովի սննդի անվտանգության կառավարման առկայությունը՝ ISO -2020, փաթեթավորման «ԲԻ ԱՐ ՍԻ» ստանդարտը և այլն։ Երրորդ գործոնն էլ վերաբերում է տրանսպորտային լոգիստիկային, որոնք ավելի երկար ու թանկ են, որոնք հարմարեցված ու փորձարկված չեն բոլոր ապրանքների համար։ Այսինքն՝ ապրանքը, որը 7-8 օր ճանապարհ պետք է անցնի, արդյո՞ք ի վիճակի է պահպանել ապրանքային տեսքը, խոսքը վերաբերում է, մասնավորապես, գյուղատնտեսական ապրանքներին։
«Չորրորդ խնդիրն այն է, որ մենք չունենք պայմանագրեր, որքան էլ եվրոպական երկրները ցանկանան օգնել։ Եվրոպան սովորություն չունի տարվա կեսին փոփոխություններ կատարի կամ որևէ բան պլանավորի, իրենք դա արել էին նախորդ տարի։ Օրինակ, Ֆրանսիայում պլանավորում են 6 ամիս առաջ։ Հետևաբար՝ այնպես չէ՝ մայիսին Հայաստանում օգնության աղմուկ են բարձրացնում, հունիսին Եվրոպան ասում է՝ ձեզ կօգնենք։
Հաջորդ խնդիրը ձեռնարկատերերին է վերաբերում, նրանք պետք է ունենան այդ գիտելիքները, կամքը՝ կարդալու ու ուսումնասիրելու օրենքները, որպեսզի ծանոթանան միջազգային արբիտրաժային օրենքներին, կոնվենցիաների պահանջներին, ԵՄ հիմնական դիրեկտիվներին, ապրանքանշումներին, դրանց պահանջներին և այլն։
Մենք քիչ ապրանքներ ենք արտահանել, այս փորձը գոնե պետք է ուսումնասիրեն։ Ցավոք, պետական մարմինները դրանից համապատասխան եզրակացություններ չեն անում։ Դրսի հետ աշխատելու կուլտուրան պետք է լավացնեն։ Մենք նաև խնդիրներ ունենք Միացյալ Նահանգների հետ աշխատելու հետ կապված, որովհետև այնտեղ էլ պահանջներն ուրիշ են»,- շեշտեց Գագիկ Մակարյանը։
Խոսելով ռուսական շուկայի մասին, տնտեսագետը փաստեց՝ ՌԴ շուկան շատ մեծ է, բնակչությունը շատ է, ինչը ԵՄ կողքի բոլոր երկրներով գրեթե 30 տոկոսից ավելին է։
Բացի այդ, ռուսները սիրում են ծախսել, հատկապես մինչև վերջերս, երբ գնաճ չկար, նրանք ունեն միջոցներ, տարբեր ճանապարհներով գումարներ են աշխատել, և այլն։
«Նման պայմաններով մեր ծավալները երբեք չեն մրցակցի ռուսական ծավալների հետ, եթե մենք 53 հազար տոննա ծիրան ենք արտահանում, իսկ Եվրոպա, լավագույն դեպքում, 5 հազար տոննա չարտահանեցինք, մյուս ապրանքների մասով արդեն 1-2 տոկոս է արտահանվում։
Կառավարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատանքներ իրականացնի, բայց տեսեք՝ ինչ է անում, ասում է՝ ես կսուբսիդավորեմ, իսկ դուք տարեք։ Սկզբունքորեն թվում է, թե ամեն բան լավ է, բայց տանող չկա, կամ այդ ապրանքը չկա։ Կառավարությունը պետք է ավելի ներքև իջնի, թվում է, թե շուկայական հարաբերություններ են, չպետք է միջամտի, բայց պետք է միջամտի, ավելի դիպուկ ապրանքների քանակը հաշվառի, կարգավորի վարորդների հանդեպ պահանջները, մեքենաների տեխնիկական պահանջները և այլն։
Հասարակ օրինակ բերեմ՝ օրինակ, Ֆրանսիայում շոգերի պատճառով սոխի բերքը տուժում է, մեր դիվանագիտությունը պետք է վազեր ու ասեր՝ Հայաստանից սոխ արտահանենք, փորձեին գին ու այլ հնարավորություններ ճշտել։ Երրորդ տարին եմ ասում՝ զարգացրեք օդային բեռնափոխադրումների ինստիտուտը, բավական է կառչեք միայն մեքենաներից, որովհետև ինքնաթիռով կարող են մեծ քանակով մի քանի ժամում ապրանքը տեղ հասցնել։ Խոսքը վերաբերում է բեռնատար ինքնաթիռներին»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

