Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը 10.000-ական դրամով տուգանում է փոքր ձեռնարկատերերին

Երեկ 168.am-ի խմբագրություն էին դիմել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի  մի քանի փոքր ձեռնարկատերեր և պատմում էին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատողներն օրեր առաջ շրջագայել են մասնավորապես Վաղարշյան փողոցի խանութներով, հասարակական սննդի և այլ օբյեկտներով ու տուգանել են այդ ձեռնարկատերերին: Տուգանքի չափը՝ 10.000-ական դրամ:

Պատճառաբանումը հետևյալն է. այդ օբյեկտների «հարակից կանաչ տարածքը խնամված չէ, չեն կատարվում Երևան քաղաքի ավագանու թիվ 48-Ն որոշման պահանջները»: Բանն այն է, որ 2009 թվականի դեկտեմբերի 2-ին  Երևանի ավագանին (այդ ժամանակ քաղաքապետը դեռ Գագիկ Բեգլարյանն էր) թիվ 48-Ն որոշմամբ հաստատել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը:

Այն տարածվում է.

բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և

Կարդացեք նաև

նկուղային հարկերում գտնվող ոչ  բնակելի նշանակության տարածքների սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

առանձին տեղակայված հասարակական, արտադրական և այլ ոչ  բնակելի

նշանակության շենքերի, շինությունների և կառույցների սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում

գտնվող սրճարանների,  բարերի, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների սեփականատերերի և տիրապետողների վրա,

ավտոկանգառների և ավտոկայանատեղերի սեփականատերերի և տիրապետողների վրա,

բացօթյա շուկաների և տոնավաճառների սեփականատերերի և տիրապետողների վրա:

168.am-ի խմբագրություն դիմած տնտեսվարողները վստահեցնում են, որ այս տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իրենք տուգանվում են այս կարգը խախտելու համար: Այսինքն, կարգի վերահսկողությունը կարող է իրականացվել միայն այն ժամանակ, երբ նման ցանկություն է առաջանում Երևանի քաղաքապետարանի մոտ:

Ավելին՝ այս կարգի մասին տնտեսվարողներն իրազեկված չեն եղել: «Երբ քաղաքապետարանի աշխատակցին հարցրեցի, թե արդյո՞ք փոքր ձեռնարկատերը պարտավոր է միշտ տեղեկացված լինել Երևանի ավագանու բոլոր որոշումներին, նա պատասխանեց. «Դա մեր գործը չէ: Եթե տեղեկացված չեք եղել, ուրեմն ձեր թաղապետարանի աշխատողները լավ չեն աշխատում»,-պատմեց տնտեսվարողներից մեկը:

Վերոնշյալ կարգը խախտելու մասին քաղաքապետարանի աշխատողի ներկայացրած ակտի մեջ գրված է. «հարակից կանաչ տարածքը խնամված չէ, չեն կատարվում Երևան քաղաքի ավագանու թիվ 48-Ն որոշման պահանջները»: Տնտեսվարողներին, սակայն, զայրացրել է հատկապես այն փաստը, որ կարգում մանրամասն պարզաբանված չէ, թե ի՞նչ է նշանակում հարակից տարածքը խնամել, և որո՞նք են կոնկրետ այդ կարգի պահանջները: Բոլոր տնտեսվարողներն էլ վստահեցնում էին, որ քաղաքապետարանի աշխատողների այցելության պահին իրենց օբյեկտների հարակից տարածքը ընդհանուր առմամբ եղել է բարեկարգ և խնամված վիճակում: Նրանք հավատացած են, որ այս կարգը քաղաքապետարանի կողմից ստեղծված ևս մեկ «պահեստային գործիք» է՝ անհրաժեշտության դեպքում փոքր և միջին ձեռնարկատերերից լրացուցիչ «դրամահավաք» կազմակերպելու համար:

«Չի բացառվում, որ մի օր էլ քաղաքապետարանը որոշի, որ այսուհետ խանութների ու սրճարանների տերերն են ասֆալտապատելու Երևանի փողոցները: Ու մի քանի տարի անց քաղաքապետարանը կհիշի նաև այդ որոշման մասին և կսկսի փողոցներով շրջելով հավաքել հերթական տուգանքները»,- ասաց տնտեսվարողներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս