ԷՎԵՐԵՍՏԸ ՆՎԱՃԱԾ 2-ՐԴ ՀԱՅԸ. ՄԱՀՎԱՆ ԳՈՏՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԹԹՎԱԾՆԻ
2026թ․ մայիսի 20-ին և 21-ին հայոց եռագույնը ծածանվեց աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթին (8848 մ)։ Առաքելությունն իրականացնողներից մեկը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն էր։ Նրա հետ զրուցել ենք ճանապարհին հանդիպած խոչընդոտների, դրանք հաղթահարելու, լեռնագնացության մասին։

– Դուք այն անձանցից մեկն եք, ով, կարելի է ասել, իրականացրեց շատերի երազանքը։ Սակայն գանք սկզբից։ Մասնագիտությամբ անասնաբույժ լինելով՝ ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել լեռնագնացությամբ։
– Այնպես ստացվեց, որ 2011 թվականին առաջին անգամ Արագած բարձրացա և հետո՝ Աժդահակը, Սյունիքի բարձրավանդակի մի շարք լեռներ։ Այդպես կամաց-կամաց ծնվեց սեր դեպի լեռնագնացություն։ 2012թ․ առաջին անգամ բարձրացա Արարատ լեռը, հետո տարբեր լեռներ։
– 26 անգամ բարձրացել եք Արարատ լեռը։ Առաջին անգամ որ բարձրացաք՝ ինչպիսի՞ զգացողություններ ունեիք։
– Առաջին անգամ ինձ բախտ վիճակվեց լինել Արարատի գագաթին՝ իդեալական պարզ եղանակային պայմաններում։ Շատ լավ տեսանելի էր Երևանը։ Շատ հուզիչ էր առաջին վերելքը, մինչև հիմա տպավորված եմ։ 4 ընկերներով էինք բարձրացել։
– Արարատը գեղեցիկ է ա՞յս կողմից, թե՞ այն։
– Երկու կողմից էլ շատ գեղեցիկ է։ Ուղղակի մենք հաշվի չենք առնում, որ Բայազետը 1600 մետր բարձրության վրա է, Արարատյան դաշտը՝ միջինում 1000։ Ստացվում է, որ մենք 1000 մետր ավելի կարճ ենք տեսնում և այս հանգամանքն է շատերին շփոթեցնում, որ այս կողմից ավելի գեղեցիկ է։
– Ընդհանրապես լեռնագնացներն ի՞նչ խնդիրների են հանդիպում, և ո՞վ կարող է դառնալ լեռնագնաց։
– Լեռնագնացության խնդիրները շատ են։ Առաջին հերթին դա բավականին թանկարժեք զբաղմունք է՝ սկսած գույքի ձեռքբերումից։ Եթե ուզում ես զբաղվել լեռնագնացությամբ՝ ցանկալի է, որ ունենաս սեփական գույք և դրա համար գումար չխնայես, որովհետև դրանից է կախված քո անվտանգությունը, կյանքը՝ լեռնային ծանր պայմաններում, որովհետև ամեն վայրկյան կարող է եղանակային փոփոխություն լինել, և հայտնվես շատ դժվար պայմաններում։ Երկրորդը ֆիզիկական պատրաստվածությունն է, վերջում՝ հոգեբանականը։
– Կա՞ իր, որը միշտ Ձեր ուսապարկում է։
– Մի քանիսը կան․ շվեյցարական դանակները, որոնց վրա շատ գործիքներ կան։ Ունեմ գլխի լապտեր և առաջին օգնության արկղ։ Միշտ ուսապարկիս մեջ է հայկական դրոշը։
– Ամենադժվար վերելքը հիշո՞ւմ եք։
– Միանշանակ Էվերեստն է՝ իր երկարությամբ, ծանրությամբ, երկու ամսվա անդադար վերելքով ու վայրէջքով։
– Քանի՞ օր տևեց Էվերեստ բարձրանալը։
– 57 օր։
– Եղե՞լ է պահ, որ ասեք՝ բավական է, իջնում եմ։
– Ոչ։ Միշտ մտածել եմ, որ ես այստեղ եմ գագաթի համար, այդ նպատակով եմ եկել և անկախ դժվարություններից՝ գագաթ հասնելն ամենակարևորն է, բայց, միևնույն ժամանակ, հնարավորինս զգոն եմ եղել։ Եթե ինչ-որ պահի զգայի, որ չափից ավելի վտանգավոր է, պետք է հետ վերադառնալ, դրան պատրաստ էի։
– Ճանապարհին բազմաթիվ վտանգների առջև եք կանգնել։
– Այո, վտանգներ շատ եղան, ու ժամանակ առ ժամանակ մտածում եմ, թե ինչո՞ւ հենց ինձ հետ պատահեց։ Մեր խմբից շատերն առանց փորձությունների բարձրացան, չնայած որոշներն էլ կես ճանապարհից հետ վերադարձան։
Օրինակ, վերելքի ժամանակ շատ մեծ ձնահոսք եղավ, ու մեզանից առաջ անցած մարդկանցից երկուսը վնասվեցին։ Հենց այդ պահին ամբողջ վերելքը դադարեց ու, բարեբախտաբար, ուղղաթիռը կարողացավ մոտենալ և մարդկանց անմիջապես հիվանդանոց տեղափոխեց։
Երկրորդ դեպքը կապված էր շերպայի (ուղեկցորդ) ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու աշխատանքի հետ։ Իջնելու ժամանակ մնացի առանց թթվածնի՝ մոտավորապես վերջին մեկ ժամը։ Այդ հատվածը կոչվում է մահացու գոտի, և արդեն ամեն ինչ կախված է թթվածի բալոնից, թթվածնի քանակությունից։ Երբ վերջանում է՝ օրգանիզմը սկսում է կամաց-կամաց մահանալ, և շատ կարճ ժամանակահատված ունես, որպեսզի վերականգնես թթվածնի քանակությունն արյան մեջ։
Բացի այդ՝ մահվան գոտում, անկախ թթվածնից, քո ֆիզիոլոգիական ֆունկցիաները դանդաղում են։ Դրա համար կոչվում է մահվան գոտի. պետք է հնարավորինս շուտ բարձրանալ և իջնել։

Վերջին դեպքը պատահեց արդեն բազային ճամբար հասնելուց առաջ։ Գրեթե մեկ ժամ էր մնացել, որ հասնեինք ճամբար՝ ու կարելի էր վերելքը պաշտոնապես ավարտված համարել, որովհետև Նեպալի կառավարությունը համարում է, որ եթե դու բազային ճամբարից սկսել, գնացել ես մինչև գագաթ ու հետ ես եկել մինչև ճամբար՝ ստանում ես քո գագաթի վկայականը։ Եթե 6400 մ հետդարձի ճանապարհից վերցնում ես ուղղաթիռ և իջնում ես բազային ճամբար, իրենց քեզ գագաթի սերտիֆիկատ չեն տալիս։
Ինչևէ, մեկ ժամ էր մնում, որ հասնեինք բազային ճամբար և սառցաճեղքն անցնում էինք աստիճաններից պատրաստված կամրջի միջոցով, ու, երբ ես անցնում էի՝ ձնահոսք և քարաթափում եղավ ու քարերը սկսեցին թափվել մեր ուղղությամբ։ Շերպաները, ովքեր պարանները ձգում են, որպեսզի կարողանաս մի քիչ հավասարակշռություն պահել, պարանները թողեցին ու վախեցած փախան, ու ես մնացի այդ կամրջի ամենակենտրոնում կանգնած։ Դա տևեց մոտավորապես 30 վայրկյան։ Բարեբախտաբար ոչ մի քար չկպավ ինձ։ Հետո շերպաները նորից հայտնվեցին, ձգեցին պարանները, և անցա։
– Եթե դժբախտ դեպք է լինում, ո՞վ է պատասխանատվություն կրում։
– Ամեն մարդ ինքն է կրում պատասխանատվություն։ Էվերեստի դեպքում մի քանի էջից բաղկացած համաձայնագիր ես ստորագրում, որ ամենը գիտակցում ես, որևէ մեկին որևէ բանի համար չես մեղադրի, եթե, իհարկե, հարցը կազմակերպչական խնդիրները չեն, այլ բնական աղետներ, երևույթներ և այլն։
– Առանց թթվածնի եք մնացել իրենց պատճառով, թողել են աստիճաններին գնացել են, բա որ Ձեզ մի բան լիներ՝ ո՞վ էր պատասխան տալու։
– Թթվածնի համար միանշանակ իրենք էին պատասխանատու։ Մյուս դեպքում բոլորս էլ հասկանում ենք, որ երբ քարը գալիս է քո վրա՝ առաջին հերթին մտածում ես քո անվտանգության մասին։ Եթե քարը հարվածեր շերպաներից մեկին՝ դժվար կլիներ պատկերացնել, թե ինչ տեղի կունենար․կարող է այդ հարվածից ինձ էլ հետը տաներ։ Իրենք տեսան, որ քարն իրենց ուղղությամբ է գալիս՝ թողեցին, փախան, և իրականում քարերը թափվեցին այն հատվածում, որտեղ իրենք կանգնած էին։ Քարեր չթափվեցին աստիճանների ուղղությամբ, որտեղ ես էի կանգնած։ Այս մասով բացարձակ իրենց չեմ մեղադրում։
– Ուղեկցողների հետ Ձեր բախտը կարծես չի բերում։ Մի քանի տարի առաջ 78-ամյա շերպան Ձեզ մենակ է թողել։
– Այո, Հվ․ Ամերիկայի ամենաբարձր գագաթը՝ Ակոնկագուան բարձրանալիս ճանապարհի կեսին ուղեկցորդն ասաց, որ լավ չի զգում, պետք է հետ վերադառնա ու մնացինք առանց ուղեկցորդի։ 4-5 հոգով էինք, իբր իր օգնականն էր մեզ ուղեկցելու, նա էլ առաջին անգամ էր այդ լեռան վրա, և գագաթի մոտ հայտնվեցին այնտեղի «ոստիկանները» ու ասացին, որ առանց գիդի չենք կարող գագաթ գնալ։ Իսկ մենք բավականին երկար, ծանր ճանապարհ էինք կտրել ու հասել բազային ճամբար։
Հավաքվեցինք մտքով, ուժով, նոր գիդ վերցրեցինք, բարձրացանք ու իջանք։ Ստացվեց, որ այդ լեռը երկու անգամ բարձրացանք։ Բավական դժվար էր 7000 մետր բարձրանալն ու իջնելը։
– Կենաց-մահու պայքար եք մղել՝ փորձություններն էլ գումարած․ չի՞ եղել պահ, որ հիասթափվեք։
– Հիասթափություն չի եղել, բայց, իհարկե, միշտ դասեր ես քաղում նմանատիպ փորձերից։ Օրինակ ես ինձ համար որոշեցի, որ Էվերեստից հետո 8000 մետր բարձրությամբ լեռներ այլևս չեմ բարձրանա։ Բայց մի քանի լեռներ կան, որ անպայման ուզում եմ ավարտել։
– Հիմա Ձեզ քանի՞ լեռ է սպասում։
– Երեքը միանշանակ։ Անտարկտիդայի ամենաբարձր գագաթը, Ավստրալիայի և Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթները։
– ԽՍՀՄ տարիներին լեռնագնացությունը համարվել է կոլեկտիվ սպորտաձև։ Առնվազն 4 հոգով են բարձրացել. հիմա պահպանվե՞լ են այդ ավանդույթները։
– ԽՍՀՄ տարիներին մենք շատ լավ լեռնագնացների սերունդ ենք ունեցել։ Բավականին փորձառու լեռնագնացներ են։ Բայց, եթե համեմատենք նրա հետ, ինչ հիմա ունենք, բնականաբար, դպրոցը շատ առումներով զիջում է։ Հիմա չունենք պետական մակարդակով տրված այդ ընթացակարգերը, թրեյնինգները, խմբային մոտեցում նույնպես չունենք։ Դա հնարավորինս արվում է ՀԿ-ների միջոցով։ Մեծ դեր են խաղում արշավային ակումբները, որոնք ինչ-որ ուղղությամբ արշավներ են կազմակերպում, ու շատ լավ է, որ մեր հանրության շրջանում արշավներով, լեռնագնացությամբ հետաքրքրվողներ կան, ու գնալով նրանց թիվը շատանում է։
– Ամբողջ աշխարհում լեռնագնացությունը կարծես վերածվել է բիզնեսի, Հայաստանում այնքան էլ չէ։
– Ոչ, բիզնեսի չի վերածվել։ Լեռնագնացները զբաղվում են լեռնագնացությամբ, այլ հարց է, թե ո՞ր լեռան համար ինչքա՞ն վճարելու պարտավորվածություն ունեն։ Սովորաբար հայտնի լեռները բիզնեսի պոտենցիալ ունեն, եթե այդ լեռները չեն բարձրանում՝ ազատ են քայլելու շրջակայքում, բարձրանալու ոչ շատ բարձր լեռներ, և դրա համար մեծ ռեսուրսներ ու բիզնես պետք չէ։

– Մտածեցի՝ մեր լեռները կարող ենք նաև բիզնես նպատակով օգտագործել։
– Չեմ կարծում։ Այդպիսի գաղափարներ հնչել են տարիների ընթացքում, որ, օրինակ, Արագածի համար մուտքի արտոնագիր սահմանվի, բայց ինձ թվում է՝ մենք դեռ խնդիր ունենք լեռնագնացությունն ու արշավային տուրիզմը զարգացնելու, քան սահմանել մուտքի արտոնագիր։
– Հիմա բլոգերներն են դարձել լեռնագնացներ։
– Չեն դարձել։ Սկսել են գնալ լեռներ ու հեռու են լեռնագնացությունից։ Բայց շատ հեշտ կարողանում են նմանատիպ վերելքների համար գումար հայթայթել։ Ցավոք, նրանք գնալով շատանում են ու հերթերի պատճառ են դառնում՝ մասնավորապես Էվերեստի վրա։ Իհարկե կան բլոգերներ, որ պրոֆեսիոնալ լեռնագնացությամբ են զբաղվում։
– Լեռնագնացությունը համարվում է ընկերներին, ընդհանրապես մարդկանց բացահայտելու եղանակ։ Դուք քանի՞ հոգու եք բացահայտել այդ միջոցով։
– Իրականում շատ։ Մոտավորապես 15 տարի է, որ ակտիվ զբաղվում եմ լեռնագնացությամբ, և տարիներ են եղել, որ 100 հոգու հետ 4-5 խմբով բարձրացել եմ Արարատ։ Ավելի խորն է մեկ անգամ մարդու հետ սար բարձրանալն ու նրան բացահայտելը, որովհետև պայմանները շատ տարբեր են։ Դրա համար երբ ինչ-որ մեկին բացահատում ես լեռներում, մեծ մասամբ դա ցույց է տալիս մարդու էությունը։
– Հայտնի լեռնագնացներից Ռայնհոլդ Մեսները նշել է, որ այն լեռը, որը վտանգ չի պարունակում, և մարդը, ով բարձրանում է այն, լեռնագնաց չի համարվում։ Համամի՞տ եք։
– Իհարկե համամաիտ եմ։ Քանի որ Մեսներին հիշեցրեցիք, ասեմ, որ աշխարհում առաջին մարդն է, որը աշխարհի 14 ութհազարները բարձրացավ առանց թթվածին։ Լեգենդար լեռնագնաց։ Նրա ավագ լեռնագնաց ընկերներից մեկն ինձ գրել էր․ «Միշտ հիշիր, որ դեռ երեք անգամ կարող ես փորձել բարձրանալ Էվերեստը, եթե այս անգամ չստացվի ու ստիպված լինես հետ վերադառնալ», ու բերել էր Մեսների օրինակը․ նա 14 ութհազարների վերելքի համար փորձել էր 20 անգամ, և դա է այն հաջողության գաղտնիքը, որ Մեսները մինչ օրս կենդանի է և լեռնագնացության լավագույն օրինակներից մեկն է։
– Լեռնագանցությունն առողջական խնդիրներ կարո՞ղ է առաջացնել։
– Իհարկե։ Կարող են ստանալ լուրջ կոտրվածքներ։ Շատ են հանդիպում ցրտահարության դեպքեր։ Հենց մեր խմբի աղջիկներից մեկի ձեռքի բոլոր մատները ցրտահարվել էին։ Սա լեռան ամենավտանգավոր մասերից մեկն է. եթե ժամանակին առաջին օգնություն չցուցաբերեն՝ կյանքին վտանգ է սպառնում։ Եթե խոսենք ոչ բարձր լեռնային լեռնագնացության մասին, դա միմիայն ամրապնդում ու առողջացնում է մարդուն։ Եթե ուշադրություն դարձնենք՝ եվրոպական երկրներում 70-80 տարեկան մարդիկ մինչև այսօր լեռնագնացությամբ են զբաղվում, ակտիվ դահուկ են քշում։ Ու փորձենք համեմատել մեր հասարակության հետ՝ կհասկանանք, թե ինչքան տարբեր են։ Այդ երկրներում հասարակության զգալի մասը դրանով է զբաղվում։
– Համարվում եք երկրորդ հայը, ով բարձրացել է Էվերեստը։
– Իգոր Խալաթյանից հետո, այո, ՀՀ երկրորդ քաղաքացին եմ։ Եթե ճիշտ եմ հիշում՝ սփյուռքից 8 հոգի ունենք, ովքեր բարձրացել են Էվերեստ ու առաջինը՝ Լև Սարկիսովը՝ 1999թ․։
– Մինչև վերջ հասնող լեռնագնացներին ի՞նչ նվեր է հասնում։
– Ոչ մի նվեր. լուսանկար։
– Ի՞նչ խորհուրդ կտաք իրենց «Էվերեստը» բարձրանալ ցանկացող երիտասարդներին։
– Խորհուրդ կտամ պատրաստվել։ Չխոսեմ գույքի, ֆիզիկական պատրաստվածության մասին, որ կարևոր նախապայման է։ Էվերեստն այն լեռն է, որը պահանջում է երկար լեռնային փորձառություն՝ մի քանի անգամ մինչև 7000 մետր պարտադիր վերելքներ։ Ամեն լեռան վերելքից ինչ-որ բան ես սովորում և այդ փորձը կիրառում ես Էվերեստի վերելքի համար։ Միևնույն ժամանակ հոգեբանական պատրաստվածությունը շատ անգամ ավելի կարևոր է։ Եթե վերելքի ընթացքում հոգեբանորեն կոտրվեցիր՝ ուղղակի պտտվելու ես ու հետ վերադառնաս։ Մեր խմբից շատերն այդպես արեցին։

