Միկրոբիզնեսը՝ հարվածի տակ
Ընտրությունների վրա Նիկոլ Փաշինյանն այնքան ռեսուրս ու փող է ծախսել պետական բյուջեի հաշվին ընտրողների ձայները «գնելու» համար, որ բյուջեն դրել է հարվածի տակ։ Հարվածի տակ է ոչ միայն այս, այլև հաջորդ տարիների բյուջեն։
Միայն կենսաթոշակների բարձրացումը բյուջեից տարեկան ավելի քան 200 մլն դոլարի լրացուցիչ ծախս է պահանջում։ Եվս գրեթե այդքան անհրաժեշտ է՝ առողջության ապահովագրությունը շարունակելու համար։ Առողջության ապահովագրության բեռը ոչ միայն համակարգը, այլև բյուջեն պատրաստ չէր կրել։ Բայց ընտրությունների նախօրյակին, Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ հապճեպ ներդրեցին ու բյուջեի վրա լրացուցիչ մեծ բեռ դրեցին։
Տարաբնույթ այլ ծրագրերով ու սոբսիդավորումներով բյուջեն ծանրաբեռնելու մասին էլ չենք խոսում։
Այս բոլորը հսկայական գումարներ են պահանջում, որպեսզի հետագայում ևս ապահովվի դրանց շարունակականությունը։ Չեն կարող ընտրություններից անմիջապես առաջ բարձրացրած թոշակը կամ ներդրված առողջության ապահովագրությունը չեղարկել՝ փող չլինելու պատճառաբանությամբ։ Դա ցանկացած իշխանության համար մահացու հարված կլինի։
Այդ հարվածից խուսափելու նպատակով էլ, դեռ ընտրության թանաքը չչորացած՝ անցել են հարձակման։ Ընտրություններին հաջորդած կառավարության առաջին իսկ նիստում որոշեցին բարձրացնել ակցիզային հարկը։ Պատրաստվում են հնարավորինս շուտ ու սեղմ ժամկետում ապրանքների համատարած դրոշմավորում իրականացնել։
«2027 թվականի հունվարի 1-ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի դրոշմապիտակավորումը։
Այսինքն, ինչ հնարավոր է պիտակավորել, պետք է պիտակավորենք։ Այն, ինչ հնարավոր չէ դրոշմապիտակավորել, դա էլ պետք է պիտակավորենք, քանի որ նման բան չկա, որ հնարավոր չլինի դրոշմապիտակավորել»,- կառավարության նիստում ՊԵԿ-ին այսպիսի հանձնարարական տվեց Նիկոլ Փաշինյանը։
Թվում է՝ շատ անմեղ ու արդարացված քայլ է դրոշմապիտակավորումը։ Բայց նախկինում արդեն տեսել ենք, թե դա ինչ հետևանքներ է ունենում ապրանքների գների վրա։ Դրոշմապիտակավորումից անմիջապես հետո գները բարձրանում են։ Կաթնամթերքի օրինակը դեռ թարմ է, երբ դրոշամավորումից հետո գներն աճեցին ընդհուպ 7-8 տոկոսով։
Հունվարի 1-ից, երբ պատրաստվում են դրոշմավորել հնարավոր ու անհնարին բոլոր ապրանքները, սպասվում է դրանց գների համատարած բարձրացում, ու այդ բարձրացման բեռը կրելու են քաղաքացիները։
Կառավարության թիրախում է հայտնվել նաև միկրոբիզնեսը։ Անգամ միկրոբիզնեսին, որը բազմաթիվ ընտանիքների համար ընդամենը գոյության խնդիր է լուծում, մտադիր չեն խնայել։
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց միկրոբիզնեսին։ Հայտարարեց, որ եթե միկրոձեռնարկությունում 1 տարվա ընթացքում 3 անգամ արձանագրվի հդմ կտրոն չտրամադրելու փաստ, այդ ձեռնարկությունը 5 տարով կզրկվի թե՛ միկրոբիզնեսի, թե՛ շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքից և պետք է անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ չթաքցնելով, որ դա նրանց համար նշանակելու է փաստացի փակում ու գործունեության դադարեցում։
«Մենք միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկենք, և պետք է կարգավորում մտցնենք, որ եթե որևէ ձեռնարկությունում 1 տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց հդմ բաց չթողնելու փաստ, այն 5 տարի զրկվի և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց: Ես հասկանում եմ, որ սա ոմանց համար կարող է նշանակել դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող հդմ կտրոնները թողարկեն, չի կարող այլ կերպ լինել։
Հունվարի 1-ից այս կարգավորումը նույնպես պետք է ուժի մեջ մտնի»,- փոքր բիզնեսին հաթաթա է տալիս Նիկոլ Փաշինյանը։
Հարկային կարգապահությունը բարձրացնելու, շրջանառությունները ցույց տալու վերաբերյալ այսպիսի հայտարարություններն առաջին հայացքից թվում են արդարացված ու հիմնավոր։ Բիզնեսը պետք է արձանագրի իր շրջանառությունները, դուրս գա ստվերից։ Բայց ոչ միշտ է այդպես։ Ու դա ունի իր խորքային պատճառները։ Սակայն այդ պատճառները հասկանալու, լուծումներ տալու փոխարեն, կառավարությունը պատրաստվում է վարչարարական մահակի տակ դնել միկրոբիզնեսը՝ 3 անգամ տուգանել ու տեղափոխել հարկային համընդհանուր համակարգ, որտեղ հարկային բեռն անգամներով ավելի ծանր է։
Այդ համակարգում միկրոբիզնեսը դատապարտված է դադարեցնել գործունեությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ հարկային բեռը շատ ավելի ծանր է, այլև, որ հարակից ծախսերն են ավելանալու։ Եթե շրջհարկի դաշտում միկրոբիզնեսը կարող է ինքնուրույն իրականացնել իր հաշվապահությունն ու մի կերպ գոյություն ապահովել, ԱԱՀ դաշտում ստիպված է լինելու բավական կլորիկ գումար վճարել՝ հաշվապահի ծառայություններից օգտվելու համար։ Իսկ միկրոբիզնեսը կամ այդ դաշտում գործող բազմաթիվ սուբյեկտներ չեն կարող իրենց նման ճոխություն թույլ տալ։
Ի վերջո՝ պետք է հասկանալ, որ լավ պայմաններից չէ, երբ միկրոբիզնեսը խուսափում է շրջանառությունները ցույց տալուց։ Հարկային բեռն այնքան ծանր է, ծախսերն այնքան շատ են, որ առանց ստվերի պարզապես անհնարին է դառնում գործունեության շարունակումը։ Մարդիկ ստիպված գնում են ռիսկի, մտնում են ստվեր, որպեսզի կարողանան գոյություն ապահովել։
Երբ բարձրացնում էին միկրոբիզնեսի հարկային բեռը, կրկնապատկում էին շրջանառության հարկը, այն ժամանակ էր պետք մտածել սրա մասին։ Բայց նման դեպքերում միայն բյուջե փող բերելու մասին են մտածում, թքած, թե ինչ կլինի հետո։ Հիմա էլ նույնն են անում։ Բյուջեն անհարկի ծանրաբեռնել են ու պատրաստվում են տնտեսությանը, քաղաքացիներին քերել՝ իրենց արածի հետևանքները փակելու համար։
Միկրոբիզնեսը հարկային մահակի տակ դնելուց առաջ՝ նախ պետք է մտածել վերջինիս հարկային բեռը թեթևացնելու մասին։ Միայն շրջանառության շեմի բարձրացումն այս պարագայում խնդիր չի լուծում։ Պետք է իջեցնել հարկային բեռը, որպեսզի միկրոբիզնեսը կարողանա դուրս գալ ֆինանսական ծանրաբեռնվածության տակից։ Այլապես՝ այն, ինչ մտադիր են անել, լուրջ սպառնալիք է դառնալու միկրոբիզնեսի համար։ Ոչ միայն այն պատճառով, որ այն կարող է հայտնվել շատ ավելի ծանր հարկային դաշտում. Միկրոբիզնեսի գոյությունը վտանվելու է անգամ այն պարագայում, երբ այն շարունակի գործել ավելի խիստ վարչարարության պայմաններում՝ նույնիսկ մնալով միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի դաշտում։ Դա սնանկացնելու ու դուրս է մղելու շատերին։
Պետք է գիտակցել, որ միկրոբիզնեսը սոցիալական բիզնես է, ու դրան պետք է մոտենալ՝ որպես սոցիալական բիզնեսի, և ոչ թե նայել՝ որպես բյուջեի համար փողի տոպրակի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

