ԱԺ-ն հուլիսի 2-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ ի՞նչ «հրատապ» հարցեր են ընդգրկվելու
Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։
Կառավարության որոշման նախագծով՝ Ազգային ժողովին առաջարկվում է հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ օրակարգում ներառվել են հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, ինչպես նաև՝ Կառավարության, ԱԺ-ի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծեր, որոնք, ըստ նախագծի հեղինակ վարչապետի աշխատակազմի, «հրատապ են, քանի որ միտված են մարդու առողջության, շրջակա միջավայրի պահպանությանը, Ազգային ժողովի հաջորդ գումարումից առաջ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը և կազմավորմանը վերաբերող հիմնական կարգավորումներին, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքներն ու սկզբունքները ավելի ամրագրելու մոտեցումներին, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և կոռուպցիոն մեխանիզմների նվազեցմանը»:
Նկատենք՝ սա վարչապետի աշխատակազմի մեկնաբանությունն է, իսկ թե հատկապես ի՞նչ հրատապ հարցեր կլինեն այդ նստաշրջանում, ցույց կտա ժամանակը։
Սահմանադրության 99-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

