Ինչո՞ւ են Երևանում ակտիվացել օձերը

Վերջին շրջանում հաճախ են Երևանի տարբեր բնակավայրերում օձեր հայտնաբերվում: ՀՀ նախկին բնապահպանության նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ պատճառներից մեկը սխալ քաղաքաշինությունն է:

«Երևանի տարածքը կիսաանապատային բնական տարածք է, իսկ կիսաանապատի հիմնական ֆաունան կարիճներն են, օձերը, մողեսները և այլ կենդանիներ: Այս պատճառով, որպեսզի քաղաք լինի, պատահական չէ, որ մեծ կանաչապատում իրականացվեց, ջրային տարածքներ իրականացվեցին, որպեսզի հնարավոր լինի ապրել. կիսաանապատում ապրել հնարավոր չէ: Մեր վերջին բոլոր հատակագծերը հաշվի էին առնում այդ բնական պայմանները: Նույնիսկ ցանց էր ստեղծվել, որ, եթե որևէ մեկը ցանկանար քաղաքի մի ծայրից մյուս ծայրը գնալ կանաչ տարածքով, նա այդ հնարավորությունն ուներ, որովհետև իրար հետ կապված ցանց էր ստեղծված կանաչ տարածքների բուֆերային գոտիներով: Անկախության տարիներին լրիվ ոչնչացվեց այդ գաղափարը: Եթե կանաչ տարածքների մի մասը ոչնչացվեց այդ բլոկադայի տարիներին, ապա զգալի մասը հետո շարունակվեց՝ արդեն քաղաքաշինության առումով: Դե, շատ լավ է՝ ծառերը ոչնչացվել են, էլ չենք վերականգնում, տեղը բարձրահարկ շենքեր կառուցենք, կառուցենք նաև պահպանվող տարածքներում: Արդյունքում՝ մենք կիսաանապատը վերադարձրինք Երևան՝ իր ամբողջ բնակլիմայական չափանիշներով, և գնացինք նաև դեպի անապատ, որովհետև կա ասֆալտ-բետոնային անապատ գաղափարը: Հասկանալի է, որ կիսաանապատի և անապատի ֆլորան և ֆաունան պիտի վերադառնա Երևան: Մենք, համենայն դեպս, աշխատում ենք ֆլորան վերացնել և այլ բույսեր ունենալ, իսկ ֆաունայի հետ շատ ավելի դժվար է: Կեննդանիներն իրենց  բնական, օրինական տեղն են վերադառնում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ մոտ 6 տարի առաջ հրատարակվել է «Երևանը աղետի գոտու ճանապարհին» գրքույկը, որում հեղինակներն արդեն ահազանգել էին նման խնդրի մասին. «Վերջում ես ուզում էի նկարագրել հետևյալ տեսարանը: Երևանում տեղի է ունեցել օձերի, կարիճների համագումար, հավաքվել են, քննարկել են իրավիճակը և ուղերձ-շնորհակալագիր են հղել իշխանություններին, որ իրենց օրինական տարածքն իրենց վերադարձել են»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս