Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոնը կարող է թուլացնել Հայաստանի էներգետիկ համակարգը և դառնալ սպառնալիք Իրանի համար
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ՏՏ գործարարների պատվիրակությանը՝ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին: Զրուցակիցները քննարկել են նշված ընկերությունների՝ Հայաստանում իրականացվող և նախատեսվող ընթացիկ ծրագրերը։ Առանձին անդրադարձ է կատարվել ամերիկյան Firebird AI ընկերության նախագծին՝ Հրազդան քաղաքում արհեստական բանականության համակարգերի համար տվյալների մշակման կենտրոն (ՏՄԿ) կառուցելու վերաբերյալ։
Ապրիլի 18-ին ամերիկյան պատվիրակությունը մասնակցեց Երևանի համալսարանի բազայի վրա կազմակերպված AI Conf Armenia 2026 համաժողովին:
Հիմնական բանախոսների թվում էր NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով ելույթ ունեցավ “AI Agents and the Token Economy” թեմայով:
Իր ելույթում Լեբարեդյանը հայտարարել է, որ կենտրոնի կառուցման առաջին փուլի շրջանակներում արդեն սկսվել է NVIDIA-ի 6 հազար նորագույն գրաֆիկական պրոցեսորների մատակարարումը, ինչը Հայաստանին կմատակարարի Գերմանիայի հետ նույն շարքում: 2026 թվականի վերջին պրոցեսորների թիվը, նրա խոսքով, կհասնի 50 հազարի, և այդ ժամանակ «Հայաստանը կընդգրկվի համաշխարհային առաջատարների հնգյակում»:
Firebird AI (տվյալների կենտրոնի օպերատոր) ընկերության համահիմնադիր, TEAM TELECOM ARMENIA ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ա. Եսայանը տեղեկացրել է, որ արդեն քննարկվում է նախագծի 3-րդ հերթը (պրոցեսորների քանակը՝ 110 հազար):
Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս ապահովել նման հաշվարկային հզորությունների էլեկտրամատակարարումը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ կառավարությունը ներկայումս փնտրում է անհրաժեշտ էլեկտրաէներգետիկ հզորություններ։ Սկզբնական փուլում ենթադրվում էր, որ Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոնի համար կբավականացնի 125 մեգավատտ, սակայն հետագայում պարզվել է, որ անհրաժեշտ է շուրջ 470 մեգավատտ։
Հայաստանը որտե՞ղ կգտնի էլեկտրաէներգիա գերհզոր ԱԲ կենտրոնի համար, և ինչպե՞ս դա կվերափոխի հանրապետության էներգահամակարգը։ Ի վերջո, Firebird AI-ի նախագիծը ենթադրում է լայնածավալ հաշվարկային ենթակառուցվածքի ստեղծում՝ տասնյակ-հազարավոր գրաֆիկական պրոցեսորներով, ինչը կպահանջի էլեկտրաէներգիայի հսկայական ծավալներ։
LurjCast-ին տված հարցազրույցում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է, թե ինչպես է նախատեսվում ապահովել նման օբյեկտի էներգամատակարարումը, և ինչ փոփոխություններ դա կբերի էներգետիկ համակարգում։
Հիմնական լուծումներից մեկը կլինի էներգետիկ կուտակիչների զարգացումը։ Վերջերս կառավարությունը փոխել է այս ոլորտի կարգավորումը՝ էներգիայի պահպանման կայաններում ներդրումները խթանելու համար: Սա հատկապես կարևոր է վերականգնվող աղբյուրների համար, ինչպիսիք են արևային կայանները, որոնք գիշերն էլեկտրաէներգիա չեն արտադրում: Կրիչները թույլ են տալիս.
- կայունացնել էներգահամակարգը,
- պահպանել ավելորդ էներգիա,
- ապահովել անխափան սնուցում:
Տվյալների կենտրոնների համար սա կարևոր նշանակություն ունի, քանի որ նման օբյեկտները չեն կարող աշխատել անկայուն էլեկտրաէներգիայի մատակարարման դեպքում: Բացի այդ, նախագծի ներդրողն արդեն քննարկում է հնարավորությունը՝ տեղադրելու էներգիայի կուտակման սեփական համակարգերը, որպեսզի նվազագույնի հասցնի ընդհատումների ոիսկերը:
Firebird ենթակառուցվածքների զարգացման երկու փուլերի համար ներկայումս քննարկվում է մինչև 470 մեգավատտ հզորության սցենար։ Համեմատության համար, սա համեմատելի է խոշոր արդյունաբերական համալիրի կամ քաղաքի զգալի մասի էներգիայի սպառման հետ։ Կառավարությունն արդեն իսկ ներդրողին երաշխավորել է անհրաժեշտ հզորության զգալի մասը։ Սա ներդրումներ ներգրավելու և պայմանագրեր կնքելու նախապայման էր։ Միևնույն ժամանակ, շուկայում առաջարկներ են հայտնվում այն ընկերություններից, որոնք արդեն ունեն արևային էլեկտրակայաններ կառուցելու լիցենզիաներ և պատրաստ են վաճառել 80-90 մեգավատտ հզորությամբ նախագծեր։
Քննարկվում է նաև օտարերկրյա ներդրողների ներգրավումը՝ ատոմակայանի կառուցման համար։
Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության այս բոլոր հավակնոտ ծրագրերն իրականություն կդառնան, և Հայաստանը կստանա բավարար էներգետիկ հզորություններ Հրազդանում կառուցվող գերհզոր տվյալների մշակման կենտրոնի համար։
Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ օգուտ կունենա դրանից հանրապետությունը։
Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Հայաստանում Firebird դատա-կենտրոնի կառուցմամբ հիմք է դրվում ժամանակակից թվային էկոհամակարգի և ԱԻ էկոհամակարգի համար, որը կարող է զարգացնել տեղական տաղանդներն ու ներգրավել միջազգային նորարարություններ. «Այս ջանքերն արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի ամուր պետություն-մասնավոր գործընկերությունը և ծառայում են որպես փոխվստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված համագործակցության մոդել»:
Ենթադրվում է, որ Firebird նոր համալիրում Հայաստանը կստանա հզորության մոտ 20 տոկոսը, մնացած 80 տոկոսը կվաճառվի տարածաշրջանում աշխատող ամերիկյան ընկերություններին:
Firebird-ը նախատեսում է համալիրի առաջին փուլը ֆինանսավորել պարտքային և բաժնային ներդրումների միջոցով։ Ընկերությունը նաև աջակցություն է ստանում Moderna Inc.-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանից։
Firebird-ը մտադիր է գործել այնպիսի վայրերում, որտեղ զարգացած են ատոմային, հիդրո և արևային էներգետիկ աղբյուրները։ 100 մեգավատտ հզորությամբ համալիրի համար անհրաժեշտ կլինի այնքան էլեկտրաէներգիա, որքան պահանջվում է մոտ 75 հազար տան ապահովման համար։
Համապատասխանաբար, 470 մեգավատտ համակարգը կսպառի այնպիսի էլեկտրաէներգիայի ծավալ, որը համարժեք է հանրապետության մոտ 350 հազար տնային տնտեսությունների ապահովմանը՝ ավելի քան երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում։
Եթե այս էներգետիկ հզորություններն ուղղվեին հանրապետության ժողովրդատնտեսական համալիրին՝ կյանքի մակարդակը բարձրացնելու և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու նպատակով, դա կարող էր ապահովել երկրի տնտեսական ուժեղ աճ։
Ցավոք, Հրազդանի տվյալների կենտրոնը գործելու է ի շահ ամերիկյան հատուկ ծառայությունների՝ Հարավային Կովկասում, Ռուսաստանում, Իրանում և Կենտրոնական Ասիայում հետախուզական գործունեություն ծավալելու համար:
Պաշտոնական մակարդակում տվյալների կենտրոնի խնդիրները դեռ չեն բացահայտվում: Միևնույն ժամանակ, նախագծի հայտարարված կարողությունները գերազանցում են ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի կարիքները: Իրականում, այդպիսի հզոր տվյալների կենտրոնը կարող է պահանջվել միայն ամերիկյան ոչ բարեկամական երկրների, առաջին հերթին՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ պլանավորելիս:
Արդյո՞ք Իրանը նշանառության տակ չի վերցնի Հրազդանի կենտրոնը, եթե այն օգտագործվի ի շահ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ: Հայ ժողովրդի շահերից է բխում պահանջել այդ հարցի պատասխանը:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՐՈԽՎԱՏԻԼՈՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

