Մերձավորարևելյան ճգնաժամի «երկրորդ ալիքը». Հորմուզի առճակատումից մինչև Հարավային Կովկասի վտանգները
Վերջին տասնօրյակը Մերձավոր Արևելքում նշանավորվեց ապրիլյան փխրուն հրադադարի դեգրադացիայով և ռազմական էսկալացիայի նոր, առավել վտանգավոր փուլով։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող փակ բանակցությունները, որոնք ներառում էին ուրանի հարստացման սառեցման և պաշարների նոսրացման ամերիկյան կոշտ պահանջներ, մի քանի ամիս է, ինչ ըստ էության փակուղում են՝ կողմերին չի հաջողվում պայմանավորվածություն ձեռք բերել։ Դիվանագիտական ճգնաժամը վերջին օրերին կրկին տեղափոխվեց ռազմական թատերաբեմ. հունիսի 4-ին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային ուժերի և Իրանի միջև բախումներ սկսվեցին, որոնք հասան գագաթնակետին հունիսի 8-ին, երբ Օմանի ափերի մոտ իրանական հարվածային անօդաչուն կործանեց ԱՄՆ բանակի AH-64 Apache մարտական ուղղաթիռը։
Այս առնչությամբ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանը պետք է համադրի ռազմական գործողություններն ու դիվանագիտությունը՝ այն քաղաքական ու տնտեսական ձեռքբերումների վերածելու համար։
Ի պատասխան ուղղաթիռի կործանման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեց «ինքնապաշտպանական հարվածներ» հասցնել, սակայն Իսրայելն անցավ ավելի կոշտ գործողությունների՝ հունիսի 9-ին հարվածելով Իրանի Մահշահրի կարևորագույն պետրոքիմիական համալիրին։
Ըստ Axios-ի արտահոսքերի՝ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «զգույշ լինել»՝ հրադադարը վերջնականապես չտապալելու համար։ Այնուամենայնիվ, հունիսի 10-ին Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հաստատեց, որ կարող է շարունակել հարվածներն էներգետիկ օբյեկտներին, քանի որ իրանցի բանակցողները ձգձգում են գործընթացը։ Թեև Քաթարի միջնորդները շարունակում են աշխատանքը, փոխադարձ հրթիռակոծությունները Պարսից ծոցում պահպանում են պատերազմի լայնամասշտաբ վերսկսման բարձր ռիսկը։
Այս մեծ աշխարհաքաղաքական երկրաշարժն ուղղակիորեն պրոյեկտվում է Հարավային Կովկասի վրա, որտեղ կրկին ակտիվացել են քննարկումները Ադրբեջանի՝ Իսրայելին հնարավոր աջակցության վերաբերյալ։ Ամերիկյան CNN-ը վերջերս աղմկահարույց հրապարակում արեց, ըստ որի՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի զորքեր՝ հատուկ ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից մի քանի դիրքերում, որոնցից ամենամոտը՝ իրանական Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Իսրայելական ուժերը, այդ թվում՝ հատուկ նշանակության զորքեր, ռազմական ուղղաթիռներ և «Մոսադ»-ի անձնակազմ, Ադրբեջանի տարածքից հետախուզություն, դրոնային գործողություններ են իրականացրել և գաղտնալսող սարքել տեղադրել Իրանի հյուսիսային բնակավայրերում։ Ադրբեջանի տարածքից իրականացված հիմնական գործողություններից մեկը եղել է մարտի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության հատուկ գործողությունների ստորաբաժանման ղեկավար Ռահման Մողադդամի սպանությունը։
Այս արտահոսքին Բաքուն արձագանքեց կոշտ հերքումով՝ այդ լուրերը որակելով «լիովին անհիմն» և պնդելով, որ թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների դեմ։ Այդուհանդերձ, Բաքվի և Թել Ավիվի խոր ռազմավարական ու էներգետիկ կապերը Թեհրանի համար մնում են առաջնային սպառնալիք։ Իրանի խորհրդարանի պատգամավոր, Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը հայտարարել է, թե Բաքուն չգիտի, որ կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ։ Զոհրեվանդը նշել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումների հիմնական մասը հենց Ադրբեջանի տարածքից է իրականացվել։
«Հիմա Լեռնային Ղարաբաղում թե՛ Թուրքիան է տեղակայել իր ռազմական ուժերը, թե՛ Իսրայելը։ Բաքվի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանը տվել են նրանց, և ոչ ոք չի կարող դրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվել։ Նրանք այնտեղ մշտապես զորքեր, տեխնիկա են բերում, աշխատանքներ են անում։ Մենք, իհարկե, գիտենք դա, սակայն կառավարությունը չի արձագանքում: Ուզում եմ ասել՝ սա պատերազմ է սիոնիզմի դեմ։ Այն նույն նկարագիրը, որն ունի Բեն Զայեդը, ունի նաև Ալիևը. եթե ավելի վատը չլինի, հաստատ Բեն Զայեդից լավը չէ։ Նրանք սիոնիստների հետ պայմանավորվածության մեջ են, և մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Մենք գիտեինք, որ Էմիրությունները երկրորդ Իսրայելն է, բայց քանի դեռ չէին հարձակվել մեզ վրա, նրանց դեմ ոչինչ չարեցինք։ Քուվեյթն էլ գիտեինք, Ադրբեջանն էլ գիտենք»,- ասել է իրանցի պատգամավորը։
Նա հստակեցրել է, որ Իրանի սկզբունքը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Իրանն այնպես կպատասխանի, որ ուշքի չեն գա։
Հարավային Կովկասի համար այս հակամարտության հետևանքները կարող են լինել աղետալի։ Եթե Թեհրանը վերջնականապես համոզվի, որ Ադրբեջանն աջակցում է Իսրայելին, իրանական հարվածների թիրախում կարող են հայտնվել նաև Ադրբեջանի ենթակառուցվածքները, ինչը կանդրադառնա նաև Հայաստանի վրա։ Բացի այդ, վերլուծաբանները նշում են, որ Իրանում տևական պատերազմը կտրուկ նվազեցնում է տարածաշրջանի լոգիստիկ պոտենցիալը՝ վտանգելով Սյունիքով անցնող միջազգային առևտրային ծրագրերը և արևմտյան ներդրումները, այդ թվում՝ ԱՄՆ-Հայաստան TRIPP նախագիծը։
Իրանցի վերլուծաբան Խայալ Մուազինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկացած պատերազմ ունի՝ ինչպես էլ ավելի ընդլայնվելու, վատթարանալու, այնպես էլ՝ ավելի լավատեսական ելք։
Ըստ նրա, Իրանը վերահսկում է իրավիճակը, փորձելով զուգահեռաբար պահպանել իր բանակցային դիրքերը։
Վերլուծաբանի գնահատմամբ, որքան էլ իրավիճակը բարդ է, Իրանին դա լավ է հաջողվում, Իրանը հակառակորդներին ուժ ու դիմակայություն է ցուցադրում, դրանով իսկ մղելով մեղմել դիրքորոշումները։ Այլապես, նրա համոզմամբ, վերջնագրային լեզվով բանակցություններն Իրանի հետ լավագույն տարբերակը չեն։
Խայալ Մուազինը ևս գտնում է, որ ռեգիոնի հարևանությամբ նման պատերազմը կարող է ունենալ ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի հետևանքներ, հաշվի առնելով ռեգիոնում Արևմուտքի, Իսրայելի էական ամրապնդումը։ «Բացի այդ, տարածաշրջանների նախկին խիստ բաժանումներն այսօր որոշ դեպքերում չեն գործում, խոսքը նաև Հարավային Կովկասի մասին է, որը վերջին տարիների աշխարհաքաղաքական զսարգացումների արդյունքում էականորեն «մոտեցել է» մերձավորարևելյան ռեգիոնին, այսինքն՝ կապակցվածությունն էապես մեծացել է։
«Ուստի Հարավային Կովկասի համար կան թե ներքին ռեգիոնալ օրակարգը Երևան-Բաքու հարաբերություններում, ինչպես նաև արտաքին բաղադրիչը, որը կապված է Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի հարաբերությունների հետ։ Սա արդեն իսկ բավականին բարդ միջավայր է, և կարծում եմ, դա դեռ շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանին Իրանն անընդհատ զգուշացրել է հետևանքների մասին, մյուս կողմից՝ բոլորին է հայտնի, որ Իրանը զգուշավոր քաղաքականություն է վարում և առանց պատճառի սրացման կողմնակից չէ»,- ասաց Խայալ Մուազինը։

