Անորոշության ընտրություն. Ի՞նչ է սպասվում Հայաստանին հունիսի 7-ի քվեարկությունից հետո. Ալեքսեյ Բելով

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Եվ, թերևս, դրանց գլխավոր արդյունքը եղավ այն թեզի հաստատումը, որ հայ հասարակությունը պառակտված է։

Ոչ Ռուսաստանի հետ բարեկամության կողմնակիցները, ոչ եվրոպական անդամակցության ջատագովները չկարողացան համոզիչ մեծամասնություն ստանալ։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է կառավարության միանձնյա ձևավորման համար անհրաժեշտ 50%-ից միայն 49,81%-ը: Այդուհանդերձ, Հայաստանի խճճված ընտրական օրենսդրության համաձայն՝ ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժն իր հաշվին ավելացնում է Հանրապետության ազգային փոքրամասնությունների մանդատները՝ անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայների վերաբաշխման հաշվին, ինչը հնարավորություն է տալիս Փաշինյանին նստել կառավարության ղեկավարի աթոռին։

Իրենց հերթին՝ երկու խոշորագույն ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, և «Հայաստան» դաշինքը՝ Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակից, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հավաքել են համապատասխանաբար 23,29% և 9,94%: Խորհրդարան անցնելու հնարավորություն ընձեռող 4%-ի շեմին չնչին չափով չի հասել խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընտրապայքարի մյուս մասնակիցները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀՀ) տվյալների, նույնպես չեն կարողացել հաղթահարել ընտրական արգելապատնեշը։

Այսպիսով, իրավական-ձևական տեսանկյունից հաղթողը որոշված է։ Սակայն այդ հաղթանակի  «մազից կախված» լինելու հանգամանքը նրա ընդդիմախոսներին հիմք է տալիս վկայակոչել բազմաթիվ խախտումներն ու կեղծարարությունները։

Կարդացեք նաև

Այսպես, ՀՀ Գլխավոր դատախազության տվյալներով՝ ԱԺ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր առմամբ 425 հաղորդում, 59 դրվագով ՀՀ Քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործեր:

Արդյունքում այս ամենը կարող է երկրում լուրջ քաղաքական ճգնաժամի սկիզբ դառնալ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի։  Հայաստանի ապագայի վերաբերյալ չափազանց տարբեր հայացքներ ունեն հակամարտող կողմերը։ Նույնիսկ՝ էքզիստենցիալ տարբեր:

Այդ իմաստով Հանրապետության խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցել է ընտրողների գրեթե երկու երրորդը (ըստ Հայաստանի ԿԸՀ-ի տվյալների՝ ամփոփիչ մասնակցությունը կազմել է 58,97 տոկոս), շատ առումներով հետագա ճանապարհի պատմական ընտրություն էին։

Կշեռքի մի նժարին են հայտնվել հետխորհրդային տարածքում Ռուսաստանի և այլ երկրների հետ ավանդական կապերը՝ կայուն, ամուր, փոխշահավետ և լավ կանխատեսելի։  Իսկ մյուս կողմից՝ գեղեցիկ փաթեթավորված մի բան, որը մի տեսակ ֆանտազիա է կաթնառատ գետերի մասին՝ դոնդող ափերով, դաժան իրականության նվազ հիշեցմամբ։ Այնուամենայնիվ, հարկ է արժանին մատուցել եվրոպական առասպելաստեղծներին. հարուստ ու կուշտ Եվրոպայի մասին հեքիաթները, որտեղից ոչ ոք հեռացված չի լինի անտեսված կամ նեղացած, նրանք կարողանում են հորինել, իսկ այնուհետև նաև մատուցել չափազանց հմտորեն։

Մինչդեռ, ասվել է արդեն, իրականությունը շատ խիստ է և պրագմատիկ։ Այսօրվա դրությամբ Հայաստանում կուտակված ներդրումները, որոնց 86%-ը ռուսական ծագում ունի, կազմում են 4,9 մլրդ դոլար։ Արդյունքում Երևանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը, իսկ դա անխուսափելի է Եվրոպական միության հետ հետագա մերձեցման դեպքում, կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստին։

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պարագայում հանրապետությունը կկորցնի ռուսական գազն արտոնյալ գնով ստանալու հնարավորությունը, որն այժմ կազմում է 177,5 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց՝ ի տարբերություն Եվրոպայում գործող 633 դոլարի։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդգծել է՝ Ռուսաստանը մտադիր չէ և չի վճարելու Եվրոպական միություն տանող Հայաստանի ճանապարհի համար։

Հանրապետության տնտեսության այլ, բայց ոչ պակաս կարևոր կորուստները, որոնք կապված են արևմտյան աշխարհի մաս դառնալու նրա ցանկության հետ, զգալի վնաս են պատճառում գյուղատնտեսությանը, որի արտադրանքի ավելի քան 96%-ը սպառում է Ռուսաստանը, մետալուրգիան, խմիչքների արտադրությունը, ծխախոտը և սնունդը: Ակնկալվող անկումը կլինի ՀՆԱ-ի մինչև մեկ երրորդը (առնվազն 5 մլրդ դոլար), իսկ գնաճը կաճի 14,3%-ով։ Եվ դա՝ ամենահամեստ հաշվարկներով։

Բացի զուտ տնտեսական խնդիրներից, Եվրոպայի հետ մերձեցումը Հայաստանին զգալի գլխացավանք կբերի նաև այն ամենում, ինչը կապված է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության, ինչպես նաև հայ հասարակության արժեքային կողմնորոշումների տեսանկյունից: Եվ սրանք ամենևին էլ դատարկ խոսքեր չեն։

Տարբեր փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների ոլորտում օրենսդրության ազատականացման՝ եվրոպացիների համար ավանդական պահանջներին Արևմուտքի և Ռուսաստանի կոշտ դիմակայության ներկա իրավիճակում, ինչը պահպանողական Հայաստանի համար ինքնին արդեն լուրջ մարտահրավեր է, Բրյուսելը և նրա արբանյակները երաշխավորված են պնդելու, որ Երևանը միանա հակառուսական պատժամիջոցներին և խզի ՌԴ բոլոր կապերը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդկային, ինչը, անշուշտ, ծայրահեղ բացասական հետևանքներ կունենա հանրապետության համար, որի քաղաքացիների զգալի մասը բնակվում է Ռուսաստանում։

Փոխարենը հայերին առաջարկվում է այդ նույն դոնդողը, ընդ որում՝ առանց դրա ստացման որևէ հստակ հեռանկարի։ Բանն այն է, որ Փաշինյանի ջանքերով դեպի Եվրամիություն ձգտող Հանրապետությանը Եվրոպայում ոչ ոք չի սպասում։ Վարչապետի խոստովանությամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանն օբյեկտիվորեն պատրաստ չէ նույնիսկ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակին։  Ավելին, այն, ինչ վերաբերում է տխրահռչակ վիզաների ազատականացմանը, որի «կարթին» ժամանակին Եվրոպային հաջողվեց բռնել Ուկրաինային, ապա այստեղ էլ հայերին առայժմ ոչինչ չի ճառագում։ Այն դեռ միայն խոստանում են, այն էլ՝ մոտ մի քանի տարի անց։

Եվ նման իրավիճակում, երբ առավելությունն օբյեկտիվորեն Ռուսաստանի հետ բարեկամության օգտին ընտրության կողմն է, եվրոպացի քաղտեխնոլոգներն ու Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել լրջորեն աշխատել՝ իրենց ցանկալի քվեարկության արդյունքներին հասնելու համար։

Գործի անցավ բառացիորեն ամեն ինչ:

  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանին 50 մլն եվրո է խոստացել՝ որպես փոխհատուցում ՌԴ-ի հետ փչացած տնտեսական շփումներից կրած կորուստների համար. հավերի ծիծաղն էլ է գալիս, եթե համեմատենք հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրման հետ,
  • Le Journal du Dimanche պարբերականի տեղեկություններով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ֆրանսիական հետախուզության VIGINUM ստորաբաժանման աշխատակիցները, որը մասնագիտանում է կիբերանվտանգության հարցերում, օր ու գիշեր անխոնջ մաքրում էին համացանցը Փաշինյանի հասցեին հնչած ցանկացած քննադատական արտահայտությունից։ Փարիզի նման բացահայտ միջամտությունը հայաստանյան ընտրություններին արդյունք էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել էր Փաշինյանի և Մակրոնի կողմից, որն իրավական մակարդակով ամրագրեց այդ պրակտիկան,
  • ընտրությունների նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր, որ արտերկրից, առաջին հերթին՝ Ռուսաստանից Հայաստան ժամանող յուրաքանչյուր քաղաքացի, ով նպատակ ունի իր ձայնը տալ այս կամ այն կուսակցությանը, պարտադիր կերպով ներգրավվելու է զինվորական հավաքներ անցկացնելու մեջ: Այդպիսով իշխանությունները հույս ունեին տապալել բողոքի քվեարկության ալիքը։

Դե, այս նախընտրական վակխանալիայի տորթի վրա բալը մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավարների ձերբակալություններն էին հենց խորհրդարանական ընտրությունների օրը։

Բայց այս ամենն այդպես էլ չբերեց Արևմուտքի դրածո Փաշինյանի բաղձալի անվերապահ հաղթանակը, ինչն էլ իր հերթին սպառնում է Հայաստանին ևս մի քանի տարի լուրջ քաղաքական տուրբուլենտությամբ։

Ալեքսեյ Բելով

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930