Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատվություն են կրում՝ կանխելու Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ հարձակումների համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նախարարությունը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։
«Արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական ագրեսիայի հանցագործությունը, կրկին հիշեցնում է տարածաշրջանի բոլոր երկրներին և հատկապես Պարսից ծոցի հարավային ափերին գտնվողներին իրենց իրավական և բարոյական պատասխանատվության մասին՝ կանխելու իրենց տարածքի և կառույցների ցանկացած օգտագործումն ԱՄՆ-ի ուժերի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ պլանավորելու, կազմակերպելու, իրականացնելու կամ աջակցելու հարցում», – նշվել է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը շեշտել է, որ չի տատանվի իրականացնել ինքնապաշտպանության իր իրավունքը, այդ թվում՝ հարվածներ հասցնելով հարձակումների աղբյուրներին, ինչպես նաև Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և աջակցելու համար օգտագործվող բազաներին և լոգիստիկ կառույցներին։
Բացի այդ, նախարարությունը նաև ընդգծել է ՄԱԿ-ի, նրա Անվտանգության խորհրդի և Գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու և այն խախտողներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին հարվածներն՝ ի պատասխան ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման: CENTCOM-ի տվյալներով՝ գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, կառավարման ցամաքային կայաններ և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հսկողության ռադիոտեղորոշիչ կայաններ։
Ի պատասխան ԱՄՆ հարվածների՝ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտների:

