ԵՄ պահանջով հայոց և ռուսաց եկեղեցիները հարաբերությունները չեն խզի. թեմի ներկայացուցիչ
Եթե Եվրամիությունն առաջ քաշի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Հայ առաքելական եկեղեցու կապերը խզելու պայման, ապա Հայ առաքելական եկեղեցին դա չի կատարի։ Նման կարծիք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։
«Երկխոսությունը արգելել չի հաջողվի, քանի որ Հայ առաքելական եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցին անջատ են պետությունից։ Եվ մենք չենք քննարկի նման առաջարկություններ, եթե դրանք լինեն: Դա բացառված է, քանի որ դավանանքի տեսակետից հետխորհրդային տարածքի բոլոր եկեղեցիներից հայոց եկեղեցուն ամենամոտը Ռուս ուղղափառ եկեղեցին է», – ասել է Պողոսյանը։
Նա նշել է, որ բազմաթիվ հայ հոգևորականներ, այդ թվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հավատարիմ են եկեղեցիների միջև երկխոսության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Եկեղեցիների միջև ներկա առողջ հարաբերությունները երկու առաջնորդների՝ Գարեգին Բ կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ավանդի շնորհիվ են: Մասնագետի խոսքով` խզել այդ հարաբերություններն անհնար է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասը միասնական դիրքորոշում ունի նման համագործակցության վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ որպես Եվրամիության հետ ինտեգրման պայման՝ ԵՄ ղեկավարությունը Երևանից պահանջում է լիակատար խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական-հոգևոր կապերը: Ծառայության տվյալներով՝ ԵՄ-ում կեղծ մեղադրանքներ են նյութում Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանյան թեմի ներկայացուցիչների դեմ, որպեսզի ՀՀ իշխանություններին հրահրեն լայնածավալ հետապնդումներ սկսել նրանց դեմ։



