Անսպասելի բացահայտում․Կեչառիսում նոր եկեղեցի, արձանագիր տապանաքարեր են հայտնաբերվել

Կեչառիս վանական համալիրում բարեկարգման աշխատանքների և դրանց շրջանակում իրականացվող պեղումների ընթացքում վաղ միջնադարյան եկեղեցի է հայտնաբերվել։ Մանրամասների մասին զրուցել ենք հնագետ Տիգրան Ալեքսանյանի հետ։

– Նոր եկեղեցին հայտնաբերվել է բարեկարգման աշխատանքների ընթացքում. ո՞ր հատվածում է  գտնվում։

– Եկեղեցին բացվել է վանական համալիրի կենտրոնական մասում՝ Կաթողիկե և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հարևանությամբ։ Նախկինում այդ տեղում բարեկարգ, կանաչապատ ճեմուղիներ էին, որ տանում էին դեպի վանք, և երբևէ կասկած չի եղել, որ այնտեղ եկեղեցի կա։ Ճեմուղիները պարբերաբար նորոգվել են։

Կարդացեք նաև

2025թ․ վանքի տարածքում նախապես կազմած պլանի համաձայն՝ ձեռնարկվեցին բարեկարգման աշխատանքներ։ Հողային աշխատանքների ընթացքում պարբերաբար հայտնաբերվել էին 11-13-րդ դարերի տապանաքարեր, և մենք կարճատև պեղումներ արեցինք՝ հասկանալու համար ի՞նչ չափով են սփռված, ի՞նչ միջավայր կա շրջակայքում։ Եվ, երբ հասկացանք, որ գերեզմանները շարունակվում են, ու գործ ունենք գերեզմանոցի հետ, տեղում բոլոր տեսակի շինարարական աշխատանքները դադարեցրեցինք, սկսեցինք լայնածավալ պեղումներ։

Այսինքն, հայտնաբերվեցին և՛ գերեզմանոցը և՛ եկեղեցին։

– Այո, տարբեր դարաշրջանների են։ Կաթողիկե եկեղեցու շրջակայքում բացվեցին տապանաքարեր, որոնք թվագրվում են 11-13-րդ դարերով, ինչը շատ օրինաչափ է, որովհետև Կեչառիսի վանքի հիմնադրման և ծաղկման փուլն է։ Հուղարկավորված անձինք կապված են վանքի գործունեության հետ։ Եվ արդեն դեպի արևելք, երբ շարունակեցինք պեղումները, պատահաբար բացվեց արդեն նոր եկեղեցին, որը ավելի վաղ  է կառուցվել՝ 6-7-րդ դարերում։

Նշեմ, որ այն ամբողջությամբ նորահայտ է։ Հայտնաբերվել է եկեղեցի, որի մասին տեղեկություն մինչ օրս չի եղել՝ ո՛չ արձանագրություններում, ո՛չ պատմիչների մոտ, ո՛չ նախորդ հետազոտություններում։

Ինչո՞վ է պայմանավորված այն, որ որևէ տեղեկություն չի եղել մինչ օրս։

– Չեմ կարող ասել։ Մեզ համար էլ է տարօրինակ, որովհետև 11-րդ դարում երբ սկսել են կառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ընդարձակ վկայություններ կան եկեղեցու հիմնադրման, շինարարական փուլերի, կառուցողների, վերակառուցողների մասին, բայց ի զարմանս մեզ՝ ոչ մի խոսք չկա մինչ այդ եղած եկեղեցու մասին։

– Տապանաքարերին եղել են արձանագրություններ։

– Այո, մի մասն արձանագիր է, 11-րդ, 12-րդ, 13-րդ դարերի։ Որոշների վրա էլ անուններ կան։ Մենք հետաքրքիր բացահայտում արեցինք. արձանագիր քար էր, որը հետագայում վերածվել էր խաչքարի պատվանդանի․․․ բովանդակությունը մոտավորապես այսպիսին էր. թողել է  վանքի առաջնորդ Բարսեղ Անեցին, որը հետագայում  դարձել է կաթողիկոս։ Խոսվում է իր եղբոր եղերական մահվան մասին, որը  զոհվել է  սելջուկների դեմ պայքարում և թաղվել է Կեչառիսի վանքի տարածքում։ Այդ գերեզմանը դեռ չենք հայտնաբերել։

– Մոտ 106 տապանաքար բացել ենք։ Կաթողիկե եկեղեցու ամբողջ հարավային պատի տակ ընդարձակ գերեզմանոց է։ Ամբողջությամբ հողով ծածկված է  եղել տարածքը, և դա էլ է անհայտ եղել։

– Հայտնի՞ է, թե ովքեր են թաղված այդտեղ։

– Այո։ Հիմնականում հոգևոր անձինք են. քահանաներ, հայր սուրբեր, որոնք սպասավորել են  Կեչառիսի վանքում՝ 12-13-րդ դարերում։

Բոլոր տապանաքարերին կա՞ն արձանագրություններ։

– Մի քանիսին։ Կան լավ մշակված, զարդաքանդակ նախշերով, բայց առանց արձանագրությունների տապանաքարեր։ Ընդհանուր առամամբ միջնադարյան Հայաստանի տապանաքարային արվեստի հետ շատ նմանություններ ունեն. կան չնչին՝ որոշ գծերի, նախշերի, բուսազարդերի առանձնահատկություններ։

– Հայտնաբերվել է նաև թոնիր. եկեղեցին և թոնիրն իրար հետ կապ ունե՞ն։

– Երբ եկեղեցին խոնարհվել է, ավելի ուշ շրջանում նրան կից արևմտյան կողմից կցակառույցներ են եղել՝ հավանաբար բնակելի կամ տնտեսական սենյակներ։ Մենք մասնակի ենք բացել և արդեն, որ պեղումները շարունակենք՝ կբացվեն նոր սենյակներ, քանի որ պատերն արդեն ուրվագծվում են։ Ենթադրաբար վանքի վանահայրերի միաբանության բնակության սենյակներ են, թոնիրն էլ կենցաղում անհրաժեշտ առօրյա պարագան է եղել։

– Վիմագրագետի հետ էիք աշխատում. բոլոր արձանագրությունները վերծանվա՞ծ են։

– Իմ նշած բոլոր արձանագրությունները վերծանված են։ Ընդհանրապես Կոտայքի մարզի, մասնավորապես՝ Կեչառիսի վանքի վիմագրերը ևս  ուսումնասիրված են, իսկ նորահայտ արձանագրություններն ուսումնասիրության փուլում են, և շուտով կհրապարակվեն մանրամասները։ Նորահայտ եկեղեցին, ի տարբերություն վանքի մյուս կառույցների, տուֆից է կառուցված։ Իսկ վանքը բազալտից է։ Ի՞նչն է հետաքրքիր. այդ տարածաշրջանում տուֆ չկա։  Նախնական ուսումնասիրություններով պարզել ենք, որ տուֆը բերել են Աշտարակի շրջանի  Ագարակ գյուղի  հանքավայրերից։ Հետաքրքիր մի հանգամանք է. քարը հատուկ տարել ու կառուցել են։

Վաղ միջնադարին՝ 5-7-րդ դարերին բնորոշ շինարարական արվեստ է։  Խոշոր տուֆից սալերով, սրբատաշ, ամուր, բայց հատակագծային որոշակի  շեղումներով է, որը ևս ուսումնասիրում ենք։ Միգուցե երկրաշարժի հետևանք է, քանի որ և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական ուղղությամբ պատերի շեղումներ կան։ Մեր կարծիքով,  1003 թվականին, երբ Կեչառիսի վանքի առաջին եկեղեցին սկսել են կառուցել՝ նորահայտ եկեղեցին տեսել են. եղել է կիսավեր, նրանք այդ փլատակները մաքրել, կոնսերվացրել են պատերը, բայց չեն վերականգնել՝ միգուցե  տեխնիկական ինչ-որ խնդիրների հետ կապված։

Եկեղեցին այլևս չի վերականգնվել, փոխարենը՝ կողքին կառուցվել են նոր եկեղեցիներ, որոնք 11-13-րդ դարերում համալրվել են նոր կառույցներով, և ձևավորվել է Կեչառիս վանական համալիրը։

Հետաքրքիր է, որ վանքը կառուցվել է ավելի հին եկեղեցու տեղում։  Հայագիտության մեջ այդպիսի տեսակետ կա, որ ըստ երևույթին գոնե թե կարևոր վանքային համալիրների պարագայում, դրանք կառուցվում են հին սրբավայրերի տեղում։ Այս պեղումների արդյունքները գալիս են կարծես թե հաստատելու այդ տեսակետը։

Հին եկեղեցի ասելով՝ նկատի ունեմ ավելի վաղ՝ 5-8-րդ դարերը։ Շատ են նման դեպքերը։ Ամենանշանավորը Տաթևի վանքն է։ Եղել է ավելի հին կառույց, հետագայում անընդհատ կամ վերակառուցել են, կամ կողքին նորն են կառուցել, և ձևավորվել են վանքային համալիրներ։ Տեղի ընտրությունը փաստորեն պատահական չէ։

Այդ տարածքում կարծեմ 1980-ական, 2000-ական թվականներին էլ են վերանորոգման աշխատանքներ կատարել, բայց որևէ բան չեն գտել։

– Վանքի տարածքում՝ սկսած 1930-ական թվականներից, պարբերաբար վերականգնման աշխատանքներ են տեղի ունեցել։ 1940, 1950, 1980-ականներին՝ ևս։ Կեչառիսի վանքը 1998, 2001թվականներին ամբողջական վերականգնեցին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակին ընդառաջ։ Բայց, դրան զուգահեռ, տարածքում հնագիտական պեղումներ  երբևէ չեն կատարվել։ Դա ունի իր պատճառը, որովհետև մեր նախորդ հետազոտողներից ոչ մեկի մոտ խոսք, նկարագրություն, հին լուսանկարներում  ոչ մի բան չկա հնարավոր ավելի վաղ կառույցների մասին։

Կասկած էլ չի եղել, որ  տարածքում ավելի վաղ շերտեր կան։  Սովորաբար նման աշխատանքներից առաջ իրականացվում են պեղումներ, բայց, քանի որ պարբերաբար վերականգնել են ու ոչինչ ի հայտ չի եկել, չեն էլ կասկածել։  Մենք մեծ ծավալով պեղումներ իրականացրեցինք և,  փաստորեն, շատ կարևոր արդյունքներ եղան։

– Եկեղեցում ինչ-որ իրեր գտե՞լ եք։

– Գտել ենք տարբեր ժամանակաշրջանի իրեր․ բուն եկեղեցուն վերաբերող 5-7-րդ դարերի, հիմնականում շինարարական  խեցեղեն է՝ կղմինդր, իսկ կողքին բացված սենյակներում՝ զարգացած միջնադարի առօրյա կենցաղային, տնտեսական նշանակության խեցեղեն, տարբեր անոթներ, սպասք։

Հնարավո՞ր է, գա մեկ օր, որ վերականգնվի նորահայտ եկեղեցին։

– Չեմ կարող ասել, դա էլ է քննարկվում։ Պեղումներն այս տարի երբ շարունակենք ու հնավայրն ամբողջությամբ բացվի՝  ճարտարապետների հետ արդեն այդ հարցը կքննարկենք․ թո՞ւյլ է տալիս իր տեխնիկական վիճակը, թե՞ ոչ, միգուցե պատերը թույլ են․․․։

Գուցե հենց այդպես էլ թողնենք, ուղղակի եղածն ամրակայենք, դա էլ է  շատ հետաքրքիր։  Պատրաստի հնավայր է, որտեղ տեսնում ես կիսավեր եկեղեցի։ Պետք է կատարվեն երկրաբանական, տեխնիկական, ճարտարապետական ուսումնասիրություններ, համադրենք հնագիտական տվյալների հետ և կհասկանանք, թե վերջում ի՞նչ ենք անելու։

Պեղումներից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Պեղումները սկսել ենք անցած տարի աշնանը, այս տարի ավելի կանոնավոր և երկար ժամանակով շարունակելու ենք։ Հետո կկազմվի բարեկարգման նախագիծ, նոր կանցնենք շինարարական փուլին, որովհետև  այն նախագիծը, որ կար՝ փաստորեն  հօդս ցնդեց։  Այդ հատվածի ճեմուղիները պետք է ամբողջությամբ վերափոխվեն. այլ կողմից են մոտենալու, բայց, միաժամանակ, ապահովելու ենք նոր բացված եկեղեցու դիտելիությունը։ Հետո կհասկանանք, թե ինչպե՞ս ենք լուծում պահպանության հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031