Փաշինյանին ստիպել են… Հայաստանը դառնալու է զոհաբերվող գործիք. Հայկ Նահապետյան
Հայ ժողովուրդը պետք է հիշի, որ 1994 թվականի մայիսին հաղթել է մեր դեմ պատերազմ սանձազերծած Ադրբեջանին և ստիպել նրան զինադադարի մասին փաստաթուղթ ստորագրել մեր պայմաններով, որը նշանակում է, որ մենք ունեցել ենք և ունենք ներուժ՝ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ խոսել նաև ուժի հաղթական լեզվով։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով մայիսյան եռատոնի մասին։
Գնդապետն ընդգծում է՝ մենք ոչ թե պատերազմն ենք պարտվել, այլ մեծ ճակատամարտը, որն, ըստ էության, սկսվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին և ավարտվել 2023-ի սեպտեմբերի 19-20-ին, երբ Ադրբեջանն ամբողջությամբ բռնազավթեց և հայաթափեց Արցախը։

Խոսելով շաբաթվա սկզբին Երևանում տեղի ունեցած եվրոպական գագաթնաժողովների մասին՝ ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում էին հավաքվել Խորհրդային Միության դեմ 1941-ին պատերազմ սանձազերծած և 1945-ին ջախջախված նացիստական Գերմանիայի դաշնակից պետությունների ղեկավարները.
«Եվ քանի որ այստեղ՝ Հայաստանում, հավաքվել էին ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սանձազերծած պետությունների ղեկավարները, օրվա իշխանություններն իրենց զգում էին՝ ինչպես ափսեի մեջ։ Երևի թե կան պատճառներ, որ այս հավաքը նաև այդ տեսանկյունից համահունչ էր, այդ թվում՝ Զելենսկու հետ ջերմ հանդիպումը, և եթե մեր պապերն այդ հաղթանակի դեմ անուրանալի մեծ դերակատարում են ունեցել, Խորհրդային Միության հաղթանակը կարևոր էր նաև հայերիս համար, որ եթե Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային բանակը պարտվեր, ապա հայ-թուրքական սահմանին կանգնած թուրքական դիվիզիաները որևէ մեկի կարծիքը չեն հարցնելու՝ խորհրդային սահմանն անցնելու և Հայաստանի տարածք մտնելու համար։
Իսկ Թուրքիան դաշնակիցն էր Գերմանիայի։ Իսկ մենք հիշում ենք, որ Երևան եկավ նաև Թուրքիայի փոխնախագահը։ Դրա համար եմ ասում՝ նացիստական Գերմանիայի դաշնակից պետություններն էին հավաք անում… Այստեղից իմ հաջորդ հետևությունը՝ այն ջերմությունը, որ Զելենսկին արժանացավ Երևանում, միգուցե նաև այլ հիմքեր և հող ունի, որի մասին ռուսական լրատվամիջոցները նախորդ օրը բարձրաձայնել են, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը… այսպես ենթատեքստով ասվում էր, որ բարոյական ընկալում ուներ այդ հավաքին իրեն շատ լավ զգալու՝ հաշվի առնելով, որ իր պապը պատերազմում գերի է ընկել և հետո ծառայել է նացիստական Գերմանիային՝ պատժիչ ստորաբաժանումներին, և 1943-ին զոհվել է։
Այսինքն՝ կարող է՝ Փաշինյանի մոտ կա մոտիվացիա, ընդ որում, ես համարում եմ այդ մոտիվացիան նաև բնական, և այդ առումով, օրինակ՝ ինքը կարող է ասել. «Եթե իմ պապը գտել է, որ ճիշտը գերմանացիներն են, հիմա պահը եկել է՝ իմ երկիրը դաշինքի մեջ լինի այդ երկրի հետ, ես էլ երկրի ղեկավարն եմ»։ Այդ հաղորդումը, որ հեռարձակվեց, սկզբունքորեն ենթատեքստը դա էր։ Ի դեպ, այդ փաստի մասին ավելի վաղ էլ է բարձրաձայնվել, բայց ինչու հիմա հիշվեց՝ դրա մեջ դրվում է միտք, ըստ որի՝ Փաշինյանն իր պապի գործի շարունակողն է, այսինքն՝ Հայաստանը պետք է լինի դաշինքի մեջ այն պետությունների հետ, որոնք պատերազմում են Ռուսաստանի դեմ»։

Հայկ Նահապետյանը թվարկում է այդ երկրները՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան, որոնք իր կանխատեսմամբ՝ պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ։ Ընդ որում, ռազմական փորձագետը կարծում է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը չի որոշում, և նրան ստիպում են մտնել այս խաղի մեջ։
«Շատ բաներ կա, որ նույնիսկ իրեն չեն էլ հարցնում։ Իրեն ասում են՝ պիտի արվի էսպես, և ինքը ստիպված է անել։ Օրինակ՝ Ադրբեջանն ասում է՝ էսպես պիտի արվի, Թուրքիան ասում է՝ էսպես պիտի արվի, եվրոպական երկրներն ասում են՝ էսպես պիտի արվի, Միացյալ Նահանգներն ասում է՝ էսպես պիտի արվի, Ռուսաստանն ասում է՝ էսպես պիտի արվի։ Դա քո ինքնուրույնության չափի մասին է խոսում։
Նախկինների ժամանակ Հայաստանին չէին նայում գաղութի կամ վասալի կարգավիճակում, իսկ հիմա, ցավոք սրտի, Փաշինյան Նիկոլին նայում են այդ կարգավիճակում, այսինքն՝ Հայաստանն է այդ պետությունների դաշտում, և դա ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքն է։ Քանի որ հիմա աշխարհի վերաբաժանում է գնում, և բազմաբևեռ աշխարհի կառավարման նոր համակարգն է ստեղծվում, ապա այն տերությունների մոտեցումները, որոնք պետք է որոշումներ կայացնեն, ավելի խիստ են…
Նախկինում Ռուսաստանը չէր ասում՝ ես գոյութենական պատերազմ եմ մղում, իսկ այժմ ասում է։ ԱՄՆ նախագահը չէր ասում՝ ես աշխարհում պետք է լինեմ հեգեմոն, բայց հիմա ասում է… Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը, այո՛, իրեն ստիպել են։ Կարող է՝ ինքն ուզում էր օգտակարը հաճելիի հետ համատեղել»,- կարծում է ռազմական փորձագետը։
Հայկ Նահապետյանը նաև հավելում է, որ Ռուսաստանի դեմ այդ կանխատեսվող պատերազմում Հայաստանն ուկրաինական բանակի նման դառնալու է «զոհաբերվող գործիք»։
Ռազմական փորձագետը նաև նշեց, որ Փաշինյանի և Պուտինի այս վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի կողմից Արցախի թեման արծարծելը և մի քանի օր առաջ ռուսական Առաջին ալիքով Լեռնային Ղարաբաղի քարտեզն առանձին ցուցադրելն ակնհայտ մեսիջ է, առաջին հերթին՝ հենց հայ ժողովրդին։
Հայկ Նահապետյանը հավելում է այս թեմային՝ Արցախի հարցով չորս եռակողմ փաստաթղթերն իրավական ուժ ունեն և մեկ բան են նշանակում՝ Արցախի հարցը բաց է։

«Կարող է՝ իրավիճակն այնպես լինի, որ Թուրքիայի ակտիվությունը Ռուսաստանի դեմ կարգով բարձրանա՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, այլ խոսքերով՝ ռուս-թուրքական սիրախաղն անցյալում է մնում, գալիս է իրական քաղաքականությունը, և այդ առումով Ռուսաստանին անհրաժեշտ է ուժեղ, լավ զինված դաշնակից ունենալ հարավում։ Ասենք, ինչպես արևմուտքում զինեց Բելառուսին նաև միջուկային մարտագլխիկներով և «Օրեշնիկ» տիպի հրթիռներով, նույն հաջողությամբ Հայաստանն էլ կարող է շատ արագ դառնալ միջուկային տերություն, եթե Ռուսաստանը գտնի, որ պահն է հարավային սահմանները միջուկային զենքով պաշտպանելու»,- հավելեց ռազմական փորձագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



