Չի կարող Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնել ՀՀ-ով, չանցնել Ադրբեջանով. Փաշինյան
Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և «Թրամփի ուղին»:
««Թրամփի ուղի» նախագիծը, մեր ընկալումներով, առաջին հերթին՝ երկաթուղային կապի վերականգնումն է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ, իհարկե, երբ խոսք է գնում երկաթուղու մասին, դա որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում՝ աշխարհագրական, ռելիեֆային: Եվ ակնհայտ է, որ մենք այս փուլում ունենք հիմնական մի ուղի՝ դա Հայաստանի հարավով անցնող երթուղին է, որով մենք պատկերացնում ենք Արևելքն Արևմուտքին կապելու գործընթացը:
Բայց երկաթուղին ԹՐԻՓՓ-ի միակ ուղղությունը չէ, «Թրամփի ուղի» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շրջանակում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, նավթատար, գազատար խողովակաշարեր, որոնք արդեն ամենևին պարտադիր չի, որ անցնեն իմ նշած երթուղիով»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ այսօր ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ներուժ ունեցող երկիր է:
«Հայաստանում գազի և նավթի հանքեր չեն հայտնաբերվել, բայց Հայաստանն անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունի՝ արևային էներգիայի զարգացման բերումով: Եվ մեր խնդիրն է՝ առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կոնֆլիկտը փակել էր մեր տեսադաշտը, որ ունենք հոյակապ աշխարհագրական դիրք:
«Այն, ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը՝ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ ՀՀ-ն գրավիչ է ներդրումների համար: Մեր երկրի օրինակը շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիրն առանց նոր հանքեր բացահայտելու կարող է 0 էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի: Ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը, ըստ էության, առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, զարգացման, խաղաղության, անվտանգության համար:
Ասել, որ Հայաստանով է անցնում Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը, նշանակում է ասել, որ Ադրբեջանով ու Թուրքիայով է անցնում Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը։ Չի կարող Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, Թուրքիայով։
Հենց սա է ընկալման փոփոխությունը, որ մենք, ինչպես ընդունված է ասել, մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն և ոչ այնքան բաժանարար նշանակությամբ, տեսնում ենք սահմաններն այդ թվում միացնելու, համախմբելու հատկությամբ, երբ տարածաշրջանի երկրները կկարողանան տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրավազորությունը հարգելով, հաստատել այնպիսի համագործակցություն, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու, այլև կենսական կլինի բոլորի համար»,-շարունակել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



