Ադրբեջանը հրաժարվում է կատարել միջազգային դատարանի որոշումը. Րաֆֆի Քորթոշյան
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում տեղի է ունեցել հերթական վանդալիզմի դեպքը։ Այս անգամ ադրբեջանական վանդալիզմի հետևանքով ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Ադրբեջանը մինչ այս հիմնովին ոչնչացրել է արդեն տարբեր եկեղեցիներ թե՛ Ստեփանակերտում, թե՛ շրջաններում։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն օրերս վիճակագրություն էր ներկայացրել Արցախում կատարված վանդալիզմի դեպքերի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ վանդալիզմի մոտ 1000 դեպք են արդեն գրանցել։
Միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մշակութային ժառանգության պահպանմամբ, որքանո՞վ են այս դեպքերը պահում իրենց ուշադրության կենտրոնում, հայկական կողմից տարբեր կառույցներում խնդիրն ինչպե՞ս է ներկայացվում։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ վերջին շրջանում Արցախում վանդալիզմի ենթարկվող հուշարձանների հետ կապված միջազգային որևէ կառույցից որևէ հայտարարություն չեն լսել։
«Իրականում այս խնդիրները չեն էլ բարձրաձայնվում։ Արբանյակային լուսանկարները դեռևս առկա չեն, կան միայն արբանյակային հին լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ եկեղեցին դեռևս տեղում է, բայց ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի կողմից գրեթե փաստվել է, որ Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացվել է։ Մենք սպասում ենք արբանյակային նոր լուսանկարների, որից հետո արդեն հստակ ամեն ինչի մասին կխոսենք։
Վանդալիզմի բոլոր դեպքերի վերաբերյալ արձագանքները սահմանափակվում են միայն համացանցում՝ տարբեր օգտատերերի կամ մասնագետների կողմից, չկա որևէ միջազգային կառույցի արձագանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Քորթոշյանը։
Ըստ մեր զրուցակցի, տարբեր փորձագետներ, անհատներ վանդալիզմի վերաբերյալ բոլոր տվյալներն օպերատիվ տարածում են, ներկայացնում փաստեր, սակայն արձագանքն ուշանում է։
«Միջազգային դատարանը 2022թ. սեպտեմբերի 7-ին ընդունված որոշում ունի այն մասին, որ Ադրբեջանը պարտավոր է հայկական հուշարձանները զերծ պահել ոչնչացումից, դրանք չենթարկի վանդալիզմի։ Սակայն մենք ականատես ենք դառնում, որ Ադրբեջանը չի կատարում այդ որոշումը և ամեն օր հուշարձանները ենթարկում է ոչնչացման։
Ադրբեջանի համար իրականում պետք է զսպող մեխանիզմ դառնան օրենքներն ու ստանձնած պարտավորությունները, միջազգային դատարանների որոշումները, եթե այդ ամենն Ադրբեջանը չի անում, ուրեմն՝ այլ քայլեր պետք է ձեռնարկվեն։
Կարծում եմ՝ միջազգային հանրությունը, քաղաքակրթությունը խոր քնի մեջ է։ Մարդկանց բռնի տեղահանությունից, էթնիկ զտումից ու ցեղասպանություններից չխոսող միջազգային հանրությունը, որը պառակտված է՝ դժվար եմ պատկերացնում, որ պետք է խոսի, օրինակ, ոչնչացված եկեղեցիների մասին»,- հավելեց Րաֆֆի Քորթոշյանը։
Նրա կարծիքով՝ Արցախում հայկական հուշարձանները, հայկական հետքը վերացնելով, Ադրբեջանը մեկ նպատակ ունի և մշտապես իր նպատակներն իրականացրել է, թե՛ Նախիջևանում, թե՛ Հյուսիսային Արցախում ու բուն Արցախում և այդ բոլոր տարածքներում Ադրբեջանը ոչնչացրել ու ոչնչացնում է հայկական բոլոր հուշարձանները։
«Ադրբեջանը ոչնչացրել է նույնիսկ գերեզմանոցները, այսօր նույնպես բացառություն չէ՝ նա նույն գործողությունն է անում։ Հայերին էթնիկ զտումների ենթարկելուց ու տեղահանելուց հետո շարունակում է ոչնչացնել հայկական հուշարձանները։ Էթնիկ զտումներից հետո սա մի նոր էթնիկ զտում է՝ արդեն հուշարձանների մասով»,- ընդգծեց Րաֆֆի Քորթոշյանը։



