Բաժիններ՝

Արկադի Տեր-Թադևոսյան. «Ես նույն վիճակում եմ, ինչ մնացած ազատամարտիկները». մամուլ

«Ժամանակ» օրաթերթի հարցերին պատասխանել է Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

– Պարոն Տեր-Թադևոսյան, վերջին շրջանում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ազատամարտիկները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ բողոքներին:

– Այն մարդիկ, ովքեր կռվել են հանուն ազգային անվտանգության, այժմ շատ բարդ սոցիալական իրավիճակում են, շատ քիչ են վճարվում, իսկ երբ թոշակի են անցնում, ընդհանրապես վարձատրությունը պակասում է: Հիմա նրանք անելանելի վիճակում են հայտնվել, պետք է պահեն ընտանիքը, երեխաներին: Այս մարդիկ շոշափելի փոփոխություններ, արժանապատիվ թոշակ են ուզում: Հիմա պետք է մտածել՝ ո՞ւմ դիմել, կառավարությա՞նը, վարչապետի՞ն: Իսկ ի՞նչ կարող են նրանք անել: Բանն այն է, որ այն, ինչ հիմա կա, ավելի վաղ է ստեղծվել, և ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր հիմա ընդդիմություն են և օգտագործելով նման պահերը՝ մեղադրում են կառավարությանը: Ես տեղյակ եմ, թե ինչպես է ստեղծվել մեր բանակը: Այդ օրենքները այնպիսի մարդկանց կողմից են ստեղծվել, որոնք երբեք ոչ մի առնչություն չեն ունեցել բանակի հետ, անգամ չգիտեին՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը: Այստեղ՝ տաք տեղերում նստած, այնպիսի օրենքներ են ստեղծել, որոնք իմ սեփական մաշկի վրա եմ զգացել: Իմ անձնական գործում համարձակվել են գրել, որ ես ընդհանրապես չեմ եղել պատերազմի դաշտում, իսկ մինչ այդ թե ուր եմ եղել՝ ոչինչ գրված չէ: Դա արված էր ոչ հենց այնպես, այլ նպատակադրված:

Պատերազմից հետո պետական կառույցներում ստեղծվեցին խմբեր, ովքեր ենթարկվում էին վերադասներին: Նրանք ստացան պաշտոններ, ձեռնարկություններ, գործարաններ: Այդ վերադասներն իրենց անգրագետ ընկալումներով մի լոզունգ էին անընդհատ բարձրաձայնում՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Ովքեր չէին կիսում իրենց տեսակետը, պաշտոնապես զրկվեցին իրենց մարտական ուղու ճիշտ ներկայացումից: Եղել է այնպես, որ մի ազատամարտիկի արած գործողությունները վերագրել են ուրիշին: Շատ ազատամարտիկների բանտ ուղարկեցին միայն նրա համար, որ իշխանության ասածներին չէին ծափահարում:

– Այսինքն՝ ազատամարտիկներն ու իշխանությունը անընդհատ պայքարի մե՞ջ էին:

– Այսպես ասեմ՝ մարդիկ պաշտպանում էին պետության սահմանները, իսկ նրանց դեմ էր դուրս գալիս իշխանությունը, որն ուզում էր ազատամարտիկներին թշնամու կերպարում դնել: Պայքարի սկզբում ստեղծվեց ՀԱԲ-ը (Հայոց ազգային բանակ), փառք Աստծո, հիմա էլ կա: Եվ իշխանության հետ հակամարտության արդյունքում երկու հրաշալի մարդ զոհվեց՝ Չավուշն (Գեղազնիկ Միքայելյան) ու Վիտյա Այվազյանը: Ո՞վ արեց դա՝ իշխանությունը: Ազատամարտիկների թշնամին այդ ժամանակվա իշխանությունն էր. մարդիկ պաշտպանում էին պետության սահմանները, իսկ դա իշխանության համար սարսափելի երևույթ էր, մարդիկ զենք չունեին, բայց պաշտպանում էին հայրենիքը, և դա պետք էր ինչ-որ կերպ վերահսկել, ճնշել: Նրանք սկսեցին թշնամու կերպարում դնել նաև դաշնակցականներին, իսկ հիմա մենք արդյունքն ենք քաղում: Դրա համար էլ ճիշտ չէ ասել, որ ազատամարտիկները այս վիճակում են միայն այսօրվա իշխանության մեղքով: Անկասկած, այն նույնպես ունի մեղքի իր բաժինը՝ պետք է ավելի վաղ զբաղվեր այս հարցով և սոցիալական հարցերը լուծեր: Եթե հիմա առողջ ընդդիմություն լիներ, մարդկանց միայն չէր հրահրի՝ սրելով իրավիճակը, այլ կգտներ հարցի լուծման հարմար տարբերակներ:

– Դուք ցանկություն ունե՞ք միանալու ազատամարտիկների պայքարին:

– Ես նույն վիճակում եմ, ինչ մնացած ազատամարտիկները, բայց ես համաձայն չեմ այն բանի հետ, որ պետք է դուրս գալ հրապարակ և միտինգ անել: Պետք է նստել, զրուցել, ինչ-որ քայլեր անել, իսկ ինչո՞ւ ոչ, ի՞նչ է, հրապարակո՞ւմ պետք է հավաքվել և այդ հարցերը լուծել. ես նման հավաքները չեմ ողջունում: Հրապարակում ոչ մի հարց չի լուծվում, բոլոր հարցերը լուծվում են բանակցային սեղանի շուրջ:

Արկադի Տեր-Թադևոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս