Ի՞նչ գրեն լրատվամիջոցները, որ բնակչության տրամադրությունը բարձրանա
«Շարունակվում է Հայաստանում այն խնդիրը, թե լրատվամիջոցները, բացասական տեղեկություններ տալով, հասարակության մեջ ավելացնում են դժգոհության ալիքը: Ուզում եմ տեսնենք` ի՞նչ տեղեկություն պետք է տան լրատվամիջոցները, որ չեն տալիս»,- երեկ Ազատության հրապարակում` Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական երկշաբաթյա հավաքին, հարց հնչեցրեց Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Սակայն մինչ այդ Հ. Խառատյանը, շարունակելով իր նախորդ բանախոսին, ով հավաքվածներին հիշեցրել էր, որ հունիսի 14-ը հեղափոխական Չե Գևարայի և հայ մեծանուն քնարերգու Սայաթ-Նովայի ծննդյան օրն է, նաև տեղեկացրեց, որ հունիսի 14-ը համարվում է Հայաստանում բռնադատվածների օրը: Հիշելով ստալինյան վարչակարգի ժամանակաշրջանում Հայաստանի աքսորված հազարավոր հայերին` ազգագրագետը համեմատություն կատարեց այժմյան իրավիճակի հետ` կարծիք հայտնելով, որ այսօր հայերը նույնպես աքսորվում են իրենց երկրից:
Ինչ վերաբերում է մամուլում դրական կամ բացասական լրատվության հրապարակման խնդրին, ապա տիկին Խառատյանը հիշեցրեց, որ այսօր օրվա գլխավոր թեման Գորիսում Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպն է, քանի որ «մարզպետի տան մոտ ավելի քան 1 ժամ ջարդի ու սպանության գործողություններ են տեղի ունենում, և այնտեղ չի հայտնվում պետական որևէ ինստիտուտներից մեկի ներկայացուցիչը, և ամբողջը քաղաքացիների վրա է, ինչպես պետական մյուս գործառույթները»:
Հասարակական հնչեղություն ստացած մյուս բացասական թեման, ըստ Հ. Խառատյանի, կարկուտից տուժած գյուղացիների խնդիրն է:
«Խնդիրը հասել է նրան, որ մեր Ազգային ժողովի նախագահը հանկարծ հիշել և բարձրաձայն ասել է, որ մանր, կարճաժամկետ և բարձր տոկոսներով վարկերն «ընդունելի չեն բիզնես զարգացման համար»: Ես կասեի` ինչպե՞ս է կարողացել այդպիսի մեղմ և հեշտ գնատահական գտնել հանցագործությանը, որովհետև մեր բանկերն իրականում վաշխառուական վարկերով են տալիս այս կարճաժամկետ «բիզնես» կոչվող վարկերը, որոնք իրականում բիզնես չեն, իրականում դրանց մի զգալի մասը խոպան գնալու փող են»,- հայտարարեց տիկին Խառատյանը: «Բացի նրանից, որ այսպիսի վարկերով արդեն լրիվ կողոպտվել է մեր բնակչության ունեցած պահուստային ոսկեղենը, իրենց տները, անասունները, որոնք գրավի պայմաններով հանձնվել են, սնանկացե՛լ են, հիմա արդեն համարյա մարդ չի մնացել գերսնանկացած և լյումպենացված բնակչությունից, և հանկարծ հիշվեց, որ էդ վարկերով մենք տնտեսության զարգացում չենք խթանում: Ես ուզում եմ այստեղից պարոն Հովիկ Աբրահամյանի, ֆինանսատնտեսական քաղաքականության, բանկային համակարգի մեծ սիրահար մեր վարչապետ Տիգրան Սարգսյանի ականջին չշշնջալ, այլ բարձրաձայն ասել` պարոնայք, արդեն սնանկացվել է, այս մարդիկ այնքան են արդեն լյումպենացվել, որ այլևս տեղ չունեն ընդհանրապես ողնաշար ուղղելու, դուք հասել եք ձեր նպատակին»,- ասաց նա:
Այս գնահատականը, ըստ Նախախորհրդարանի ներկայացուցչի, լիովին համապատասխանում է նաև հինգշաբթի օրն ԱԺ-ում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից «բյուջեի թալանի» վերաբերյալ հաշվետվությանը:
«Ինքը ներկայացրեց 70 մլրդ դրամ, ես գիտեմ, բոլորս գիտենք, որ, անշուշտ, շատ ավելին է, բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Հանկարծ պարզվեց, որ ԱԺ-ում կան մարդիկ, որ չգիտեն այդ մասին, հանկարծ զարմացանգ Այս հրապարակում կան մարդիկ, որ դրա դեմ լուծում են փնտրում, բայց չեն զայրանում և չեն զարմանում,- ասաց Հրանուշ Խառատյանը` իր ելույթն ավարտելով նույն հռետորական հարցով,- Խնդրում եմ` ասեք, ի՞նչ գրեն լրատվամիջոցները, որ մեր բնակչության տրամադրությունը բարձրանա»:
Նշենք, որ Նախախորհրդարանի հավաքն անցկացվեց սովորական դարձած հարցուպատասխան ձևաչափով, և ցանկություն ունեցող քաղաքացիներին հնարավորություն տրվեց ելույթ ունենալ և հնչեցնել իրենց առաջարկները` Նախախորհրդարանի պայքարի և ռազմավարության վերաբերյալ: Իսկ Նախախորհրդարանի մեկ այլ անդամ` ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, տեղեկացրեց, որ Նախախորհրդարանի անդամներն անցած օրերին այցելել են Սյունիքի մարզ` Կապան, Գորիս, և տեղում կատարել են աշխատանք` աջակիցների խմբեր ձևավորելու նպատակով, և առաջիկայում արդեն նախատեսվում է Կապանում հանրահավաք անցկացնել: Վարուժան Ավետիսյանը նշեց, որ աջակիցների խմբերի ձևավորման աշխատանքները զգալի չափերով կատարվել են նաև Երևանում, իսկ Շիրակի մարզում արդեն կա Նախախորհրդարանի համակարգող խումբը, շուտով նույնը կլինի նաև Լոռիում:
«Նախախորհրդարանի անդամները նաև այցելել են Արմավիր, շրջել են կարկտահարությունից տուժած գյուղերում, հանդիպել են գյուղացիների հետ, ծանոթացել են խնդրին, և առաջիկայում նախատեսում ենք, եթե դա հնարավոր լինի, կազմակերպել մասնագետների` գյուղատնտեսների և հարակից ուղղությունների գիտական քննարկում` խնդիրները վերհանելու և որոշակի առաջարկությունների համալիր մշակելու համար»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: