Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՈՂՈՐՄԵԼԻ՛ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ… ՔԵԶ ԷԴՏԵՂ ՉԵՆ ՆՍՏԵՑՐԵԼ՝ ՓԱՅՏԻԿՈՎ ՍԻԲԵԽ ՈՒՏԵՍ, ԿՈՒԿՈՒՌՈՒԶ ԿՐԾԵՍ, ՄԱՏ ԹԱՓ ՏԱՍ.  ՉԵ՛Ս ՍՏԱՆԱԼՈՒ. ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսին վրաց Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցել թույլ չտալը հնարավոր չէ մեկնաբանել եթերային բառապաշարով: Մենք տեսանք՝ վրաց ժողովուրդն ինչպես էր վերաբերվում իր Կաթողիկոսին: Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությունն այնտեղ պարտադիր էր: Վաղը չզարմանաք, եթե Վրաստանի հետ ճանապարհներ փակվեն, եթե պատերազմի ժամանակ որևէ աջակցություն չլինի… Ու էս ամեն ինչի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ով իր մաչոյական նկրտումներից ելնելով՝ թույլ չտվեց մեր եղբայր ժողովրդի ցավի պահին համարժեք մակարդակով ներկա լինել: Սա սրիկայություն է: Մի օր լավ տղա խաղալու համար դու հարևան ժողովրդի մոտ մեր նկատմամբ բացասական վերաբերմունք ես ձևավորում: Սա դիտավորյալ է արվում, որ մենք մնանք միայն թուրքի հույսին
  • Ես որևէ ժողովրդի նկատմամբ ատելություն չունեմ, բայց ապրել եմ ուզում իմ պապերից ժառանգած հողի վրա, ուզում եմ ապրել իմ երեխաների հետ: Դրա համար դիմադրելու հնարավորություն պետք է ունենանք: Միայն մի կողմից կախվածության մեջ մեզ գցելով՝ ո՞ւր ես հասնելու:

Կարդացեք նաև

  • Բիբլիական ժամանակներից մենք Իրանի հետ հարևանություն ենք արել ու անելու ենք: Երբ Իրանի զոհված առաջնորդի մահվան առթիվ չես ցավակցում գոնե օրվա իշխանությանը, ի՞նչ ես մտածում: Չի կարելի այդքան էժանագին լինել ու էդքան ցած իջնել: Հայաստանը մնայուն է, արժեքավոր է, բայց ձեր նմանները գալիս են ու դուրս են շպրտվում:
  • Ղալա՛թ եք արել. Հայաստանը եղել է, կա ու կլինի, ու դա ձեզ նման ոչնչությունների ու ձեզ հովանավորողների որոշելու հարցը չէ: Տասնյակ գերտերություններ են կանգնել մեր ճանապարհին, բոլորը գնացել են, մենք մնացել ենք: Մեր սկիզբն ու ավարտը որոշողները նիկոլփաշինյաններն ու սիսակգաբրիելյանները չեն:

Ի դեպ, «Դասեր» հաղորդաշարի  ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը պատմել էր ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իր մի զրույցից հատված. «Դա եղել է մի գործուղման ընթացքում, դեռ մինչև Արցախը հանձնելը, երբ ես ՔՊ-ական պատգամավորներին ասում էի՝ Արցախը, պետությունը կորցնում ենք, ի՞նչ պատասխան եք տալու։ Նրանցից մեկը (Սիսակ Գաբրիելյանը,- հեղ.) ինձ ասաց՝ որ պետություն, պետականություն չլինի, ո՞ւմ առաջ ենք պատասխան տալու… Ու հետագայում ես հասկացա, որ իրենք բոլորն էլ այդպես են մտածում՝ նախ՝ մնանք իշխանության, որ պատասխան չտանք, բայց եթե հանկարծ գա այդ ժամանակը, այնպես անենք, որ չլինի պետություն, որ պատասխան էլ տանք։ Եվ հենց դրա համար են իրենք կառչած իրենց աթոռներից»։  

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականներն իշխանությունը պահում են նույն մտայնությամբ՝ կամ ինքը կլինի վարչապետ, իրենք իշխանություն կունենան, կամ Հայաստան չպետք է լինի… 

Նախօրեի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել էր պատերազմով. «7 տարվա վարչապետ եմ, եթե ես էդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ: Հիմա էլ ասում եմ՝ ըլնելու ա պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»: 

Մինչ այդ էլ կրկին շանտաժ էր արել՝ պատերազմով վախեցնելով. ««Բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ: Ընդ որում, ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը: Ես վերլուծում եմ, չէ՞, այդ տեքստերը»,- հայտարարեց նա:

Դրանից առաջ ՔՊ-ական Գևորգ Պապոյանն էր հայտարարել. «Եթե մենք չընտրվենք, ո՛չ խաղաղություն կլինի, ո՛չ TRIPP-ը, ոչինչ չի լինի. անիվը հետ կշրջվի»:

  • Նիկոլ Փաշինյան, դու ոչինչ էլ չգիտես, որովհետև 7 տարվա մեջ 1700 բան ես հայտարարել ու փոխել, ու քո պրոպագանդիստ սազանդարներն էլ ասել են՝ դուք չգիտեք, ժողովուրդ ջան… Ինչքա՞ն պիտի սրիկա ու կորուսյալ լինես, որ սեփական ժողովրդիդ պատերազմով սպառնաս: Տղա ջան, քեզ էդտեղ չեն նստեցրել, որ փայտիկներով սիբեխ ուտես ու կուկուռուզ կրծես, քեզ էդտեղ նստեցրել են, որ պատերազմ չլինի…  Քո գործողությունները հակահայկական ու հակապետական են, դու ի՞նչ գործ ունես՝ էդտեղ նստես: Ի՞նչ է նշանակում՝ ես չլինեմ, արմագեդոն կլինի… Ուղիղ հակառակը… Եթե մնաց Նիկոլ Փաշինյանը, արմագեդոնն այդ ժամանակ կլինի: Ես համոզված եմ, որ Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, բայց դրա առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանը, իր սազանդարներն ու պրոպագանդիստներն են և այդ հիբրիդային պատերազմը վարում են սեփական ժողովրդի նկատմամբ:
  • Ո՞ւմ ներկայացուցիչն է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, ո՞ւմ թեզերն է նա այստեղ առաջ տանում:

  • Քո կառավարման ժամանակաշրջանում Արցախից փախած, Ցեղասպանության զոհ կնոջ վրա երեխայի ներկայությամբ մատ ես թափ տալիս ու դրանից հետո քեզ տղամա՞րդ ես զգում: Ո՞վ ես դու այդքանից հետո: Դու ողորմելի ոչնչություն ես այդքանից հետո:
  • Աննա Հակոբյանի արածը Ծիծեռնակաբերդում անբարոյական պրովոկացիա էր: Ծռերը հայտնել էին իրենց՝ Ծիծեռնակաբերդ գալու երթուղին ու ժամը: Բա դու էդքանն իմանալով՝ քո երեխային բերել ես՝ իմանալով, որ այնտեղ կարող է ղալմաղալ լինել: Դու պատրաստ ես եղել երեխայիդ հոգեբանական տրավմայի ենթարկել քո հաշվարկների համար: Աստված բոլորի երեխեքին պահի: Բայց քո երեխեն դաչայից ախռանայով, կերած-խմած էր եկել Ծիծեռնակաբերդ, բայց էդ երեխեն ցեղասպանությունից է փախել, եկել Հայաստան: Դու հասկանո՞ւմ ես, դու ո՞վ ես, ընկեր ջան:

Հիշեցնենք. 2024թ. ապրիլի 24-ին թիկնապահների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ դստեր հետ։ Այդ պահին հուշահամալիրում էին նաև Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամները, ովքեր տեսնելով Աննա Հակոբյանին՝ սկսել էին բացականչել. «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ, հողատու», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ձեր ներկայությունը պղծում է այս վայրը», և այլն: ԱԺԲ անդամներից մեկը հարցրել էր. «Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր ամուսինը մեր հայրենիքի մի մասը հանձնել է»։

ՀՀ քննչական կոմիտեում անմիջապես դեպքից հետո քրեական վարույթ էր հարուցվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, և 7 անձ ձերբակալվել էր։ «Ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- այն ժամանակ հայտնել էին ՔԿ մամուլի ծառայությունից։

Միջադեպից շուրջ մեկ տարի անց, 2025թ. մայիսի 7-ին, գործով դատավճիռը հրապարակվեց։ Դատավորը որոշեց 375 հազար դրամ տուգանք սահմանել մեղադրյալ Տիգրան Դերմոյանի նկատմամբ։ «Դատարանը հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Դերմոյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարած հանցանքի համար»,- նշվում էր դատավճռում։ Վարույթը հարուցվել էր առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն, կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու առթիվ։ 7 անձ էր ձերբակալվել, սակայն դեպքից 2 օր անց միայն Տիգրան Դերմոյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։ Ըստ մեղադրանքի՝ 2024-ի ապրիլի 24-ին Դերմոյանը շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել էր հետևյալ հրապարակային վանկարկումները. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք», որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով։

  • Ժողովուրդ ջան, մենք ուղղակի պարտավորություն ունենք մերժել Փաշինյանին: Շատ կարևոր է չսպասել միայն ընտրություններին: Պետք է օգտագործել բոլոր գործիքները, ներառյալ՝ իմպիչմենտը, ապստամբության գործիքակազմը, որքան էլ որ դաշտում եղած գործիչները միմյանց հետ տարաձայնություններ ունենան… Բոլորն իրենց հաշիվ պետք է տան. մենք այսօր ունենք գոյապահպանական խնդիր: Շատ քիչ ժամանակ է մնացել, և այդ ժամանակը պետք է մաքսիմում արդյունավետ օգտագործել:

  • Էն, ինչ նախկինում մենք չենք տեսել, կատարելագործված գործիքակազմով անելու է Նիկոլ Փաշինյանը, ամեն քայլի դիմելու են, միայն թե սահմանադրական մեծամասնություն ունենան: Պատրաստ է կեղծել, կրակել, ամեն ինչի ընդունակ է… Բայց վատ լուր ունեմ իր համար: Եթե նախկինում պետական համակարգի ձայներն իրենց բոնուսային ձայներն էին, իրենց կընտրեին, այսօրվա պետական մարմիններում, այդ թվում՝ ուսադիր կրող մարդիկ, պատրաստ չեն գնալ ու քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու սահմանադրական մեծամասնություն չե՛ս ստանալու, ու դրանով է պայմանավորված իրենց հիստերիկ վարքագիծը: Սրանք պանիկայի մեջ են, այդ թվում՝ իրենց թիմի ներսում: Թիմի ներսում վախեցած են: Եվ այդ վախն է թույլ տալիս մտածել, որ իմպիչմենտը հնարավոր է:
  • Պետք չէ հուսահատվել: Պետք չէ վախենալ դրսից եկածների հետ սրտիկներով լուսանկարներից: Եվրոպացիները եթե վստահ լինեին՝ իրենց թեկնածուին կարող են անցկացնել, այս վարքագիծը չէին դրսևորի: Բոլոր տեղերում, բոլոր ժամանակներում, երբ դրսևորել ենք կամք ու միասնականություն, հաղթող ենք դուրս եկել: Չխաբվեք վենսերին, ֆիդաններին, կալասներին, պուտիններին: Որոշողը հայ ժողովուրդն է, գերտերությունները չեն հարց լուծողը: Ու եթե մենք որոշեցինք, որ լինելու է այլ կերպ, լինելու է այլ կերպ: 
  • Արամ Զավենի Սարգսյանը երբեք չի թաքցրել, որ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն ու ամենանհավանական իրավիճակներում նրան սատարողն է: Նա երբեք չի վիրավորվում ու, իհարկե, ընտրություններում կաջակցի Փաշինյանին: Բայց արդյո՞ք նա ու նրա նմաններն այնքան ձայն են հավաքելու, որ անցնեն Խորհրդարան ու նկարեն 65%-ը: Արևմուտքը սկզբունքորեն չի տեսնելու ապօրինի ազատազրկումները, չգրանցելը, ու հանգիստ Սահմանադրության ու իրավունքի հերը կանիծեն արտաքնապես ցիվիլ թվացող գործիքակազմերով:
  • Ոստիկանները նույնքան զզված, հոգնած ու վիրավորված են, որքան մենք: 
  • Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ոստիկանին դու ստիպում ես, որ բարձր հեղինակություն ունեցող հոգևորականին քաշքշի… Դու ոստիկանին տանում-մտցնում ես սրբավայր, և նա ամոթից իր դեմքն է փակում: Դու էս ի՞նչ ես անում, ու գիտես՝ փողոցում մարդկանց բավարար քանակի ժամանակ քե՞զ են սատարելու: Թող վստահ չլինեն դրա մեջ: Բոլորը սպասում են ազդակի, բայց ոչ ոք չի ուզում հերթական անգամ խաբված լինել ու աշխարհաքաղաքական պրոցեսի զոհ դառնալ: Մարդիկ կոնկրետ առաջարկի են սպասում:
  • Մենք՝ որպես սերունդ, պատասխանատվություն զգո՞ւմ ենք, թե՞ ոչ, պետք է վերջին կռիվը տանք, մեր երեխաներին այլընտրանքի առաջ չդնելու համար, որ կա՛մ որոշեն թողնել հեռանալ, կա՛մ այս կռիվը մնա իրենց ուսերին:

  • Եթե քեզ վրա ժամկետ ու պայմաններ են դրել, ուրեմն դու խաղաղություն չես բերել: Ժողովո՛ւրդ ջան, կողմնորոշվե՛ք: Հիմա դուք խաղաղությո՞ւն եք բերել, թե՞ սեպտեմբերին պատերազմ է լինելու: Հո մի ամբողջ ազգ անմեղսունակ չէ՞: Լսում ու տեսնում ենք: Հիմնավոր կասկած կարող ենք ունենալ, չէ՞, որ Ալիևի հետ պայմանավորվածություն ունեք: Փաստորեն Սահմանադրության փոփոխությունից բացի, դու ունես նաև այլ պարտավորություններ, որոնց չկատարման դեպքում քեզ սպառնում են պատերազմով: Եթե ժողովուրդը կարծում է՝ Նիկոլի վերընտրվելուց հետո Հայաստանից ինչ-որ բան ստանալու շանտաժը վերանալու է, չարաչար սխալվում եք: Նրա վերընտրվելուց հետո մենք ամենօրյա շանտաժի ռեժիմի մեջ ենք ապրելու: Սա չհասկանալու համար մտավոր կուրություն է պետք ունենալ:
  • Ադրբեջանը երբեք իր երկրի ներսում քաղհասարակություն չի ունեցել, որովհետև եթե մարդիկ էնտեղ խոսեն, բանտերում կհայտնվեն… Ադրբեջանը չի՛ ունեցել քաղհասարակություն, և չի՛ ունենալու… Հայաստանի Հանրապետության նույնիսկ ամենավատթարագույն քաղհասարակությունը համեմատության եզրեր չունի հետխորհրդային որևէ երկրի քաղհասարակության հետ: Ոչ ոք երբևէ այնքան ազատ չի եղել, որքան մենք ենք եղել: Կգա ժամանակը, ես անուններ կտամ: Քաղհասարակությունն այսօր պարտավոր է իր խոսքն ասել: Իմ կռիվը քաղհասարակության հետ դա է: Աստված բոլորիդ ուրախ կյանք ու ճոխություն տա, բայց դուք պետականությունը չեք կարող վտանգի տակ դնել, դուք պարտավոր եք պաշտպանել սեփական ժողովրդին, ինչպես մենք նախկինում դրսից եկածներին էինք պաշտպանում: 
  • Լյուստրացիայի ենթարկեք ինձ, բայց ինձ լյուստրացիայի ենթարկողը Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Դանիել Իոաննիսյանը չպետք է լինեն: 
  • Մենք անասելի զոհողությունների գնով վաստակել ենք ամուր պետություն ունենալու իրավունքը, ու մենք դա պետք է անենք ու կարող ենք անել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031