ՏՂԱ՞ ԵՍ ԲԵՐՈՒՄ ՔՈ ԵՐԿՐԻ ՎՐԱ, ԲԱ ԴՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱ՞Ր ԵՍ… ՈՉԻՆՉ, ԹՈՂ ԳԱ, ՃՎՃՎԱ, ԵՍ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՄԱՐԴ ԵՄ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ուղղակի նոնսենս է, երբ 3 պատերազմ, 3 պարտություն և 1 նոր ցեղասպանություն բերած մարդը, քաղաքական ուժի ղեկավարը և պատասխանատուն սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով: Ալիևի կամակատարը, ով Ալիևի պատվին ուզում է հանրաքվե անցկացնել ու փոխել Սահմանադրությունը, նրան Հայաստանի ներքին ընտրություններում դարձնում է գլխավոր գործոն: Ասում է՝ եթե ինձ հանկարծ չընտրեք, Ադրբեջանից ինձ «պադդերժկա» կանեն, կհարձակվեն Հայաստանի վրա: Ու այդ մարդն ուզում է թույլ չտալ Հայաստանի շահով ղեկավարվող մարդուն դառնալ Հայաստանի ղեկավար… Հավաքե՛ք ձեր սրտիկներն ու պաչիկներն ու պատրաստվեք նախկին դառնալուն:
- Աշխարհն այդքան սահմանափակ չէ, ժողովուրդ ջան, մի՛ վախեցեք, բոլոր լուծումները կան: Հայաստանը ղեկավարում է մի մարդ, ով պատրաստ է ամենաստոր քայլերի ու վախեր է վաճառում: Օկուպացիայի հարցերը լուծելու հնարավորություն կա՛… Ի՞նչ խաղաղության մասին են սրանք խոսում, ավելի են մոտեցնում պատերազմը:
- 2020թ.-ից չի եղել տարի, երբ մենք տարածքներ չենք կորցրել, բայց այդ ամենը գաղտնի է պահվում: Խաբեության հաշվին առաջ են տանում իրենց քարոզած կեղծ խաղաղությունը…

- Նորից եմ ուզում ասել, որ մեր ժողովուրդը չհիասթափվի: Չկա հարց, որ մենք չկարողանանք լուծել միասին: Հլը տեսե՛ք՝ ինչ է անում, մեզ ոչնչացնել ցանկացողին ուզում է բերել, մեր երկրում սարքել գործոն…
- Ինքը՝ Փաշինյանը, միանշանակ ունի ադրբեջանական աջակցություն, և դա բացահայտ է: Ադրբեջանն ունի իր թեկնածուն այս ընտրություններում: Դա իրենք չեն էլ թաքցնում: Ասում է՝ եթե ինձ, ՔՊ-ին չընտրեք՝ պատերազմ է լինելու… Այսինքն, դու տղա՞ ես բերում քո պետության վրա, էն էլ բերում ես այն մարդուն, ով ուզում է քո պետությունը ոչնչացնել:
- Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդն անպայման մասնակցի ընտրություններին, որ մենք դուրս գանք այս արատավոր շղթայից: Հիմա իրենք ամեն ինչ անում են, որ մեր ժողովուրդը զզվի, հիասթափվի, չգնա ընտրությունների, որ մարդկանց մեջ այն մտայնությունը լինի, որ՝ դե, ամեն ինչ որոշված է, էլ գնանք ընտրությունների, ի՞նչ անենք… Ո՛չ, պետք է գնանք ընտրության, և այդ դեպքում նրա վերընտրվելու շանսերը շեշտակի նվազում են… Մեր հույսը, մեր ուժը, հավատը մեր քաղաքացիներն են, յուրաքանչյուր քաղաքացու քվեն:
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը մեծագույն վախեր ունեն՝ այս ընտրությունների հետ կապված, ու վախ ունեն ժողովրդից:
- Իրականում հարցը լուծողը մեր ժողովուրդն է: Ոչ մի արտաքին ուժ այստեղ ոչինչ չի կարող որոշել: Սրանք անգիր են արել բառեր՝ հիբրիդային պատերազմից են խոսում, թե բա՝ սրա մարդն է, նրա մարդն է, որ մարդիկ չգնան ընտրության: Նրանք սարսափում են այն մտքից, որ մեր ժողովուրդը կարող է վեր կենալ ու գնալ ընտրության: Ով ուզում է՝ լինի, դուք ո՞վ եք, որ գաք, մեր երկրում մեր կառավարման հարցերը որոշեք:
- 2025թ. նոյեմբերից մենք անընդհատ ուսումնասիրություններ ենք անում: Երբ նկատեցինք, որ փոփոխություններ են եղել մեր տարածքի մեջ, բաց աղբյուրներից ձեռք բերեցինք արբանյակային լուսանկարներ՝ ֆրանսիական և չինական արբանյակներից: Ընդ որում, հենց արբանյակային լուսանկարների հիման վրա է Google-ն իր քարտեզները կազմում:
Ես սրանց՝ Փաշինյանին և ՔՊ-ականներին, լավ եմ ճանաչում, գիտեմ՝ ինչերի են ընդունակ, որպեսզի իրենց սխալները կոծկեն: Դրա համար այդ լուսանկարները մանրակրկիտ և խաչաձև ստուգել ենք մինչև հրապարակելը: Մեր երկրի տարածքի մեջ ադրբեջանական նոր դիրքի կառուցում ու մեր տարածքում իրենց արդեն իսկ տեղակայած դիրքերի ամրացումներ ենք արձանագրել: Այնպես են կառուցել, որ ուղիղ թիրախի տակ են վերցրել մեր անվտանգային համակարգը: Ջերմուկում կառուցել են ականանետային հետևակի հենակետեր, մեր տարածքում նաև արևային պանելներ են տեղադրել… Ու հիմա մեր անվտանգության համակարգն էրոզիայի ենթարկած, քայքայած այս իշխանությունը մեր կողմից բարձրացված գլոբալ անվտանգային այս հարցը բերել, հասցրել է մի դիրքի մակարդակի: Մինչդեռ այդ դիրքի կառուցման հետևանքով վտանգի տակ է այն ճանապարհը, որով գնում են մեր զինվորները… Ու փոխանակ իրենք դա բացահայտեն, մաքրում են Ադրբեջանին, ասում են՝ սուտ է: Եթե Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության, ինչո՞ւ է նոր ամրացումներ անում, նոր դիրքեր կառուցում, այն էլ՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրվելիք փաստաթղթերից առաջ…
- Մեր ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է: Վարդենիսում մեր զինծառայողները հերոսական ծառայություն են տանում, ժողովուրդը, որն ապրում է այնտեղ, հերոս է: Հանկարծ չփորձե՛ք նրանց վրա բարդել:
- Անվտանգություն չլինի, չի լինի ինքնիշխանություն, անկախություն, տնտեսություն, ոչինչ չի զարգանա… Հիշում եք՝ Երասխում գործարան էին կառուցում, ի՞նչ եղավ: Մի քանի անգամ Ադրբեջանից կրակեցին, ստիպված այդ գործարանը տեղափոխեցին այլ տարածք…
Հիշեցնենք. այս իշխանությունները դեռևս 2023թ. մայիս-հունիսին լուսանկարներ և տեսանյութեր հրապարակեցին՝ հայտարարելով, թե Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։ «Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրել էր Քերոբյանը։ Արդեն դեկտեմբերին ստիպված եղան հայ-ամերիկյան մետաղաձուլական այդ գործարանը, որի վրա տեղադրված էր նաև ամերիկյան դրոշը, տեղափոխել Արարատ գյուղ: Որոշումն ընդունվել էր կառավարության նիստում, քանի որ ամիսներ շարունակ սահմանային Երասխ գյուղի տարածքում կառուցվող գործարանը ենթարկվում էր Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորմանը, գործարանի աշխատանքները տևական ժամանակ պարալիզացված էին։ Ավելին, Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց Ադրբեջանը սկսեց կրակել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացի վիրավորվեց։ Շինհրապարակ էին անգամ այցելել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ՝ տեղում տեսնելու կատարվածը։ Դեռ այն ժամանակ երասխցիները պատմում էին, որ գործարանը թշնամու թիրախում է եղել շինարարության մեկնարկի հենց առաջին իսկ օրերից։
«Որ պահին մարդ եղել է ներսում, էն ժամանակ կրակոց եղել է։ տարածքում մարդ կար՝ խփում էին, տեխնիկա կար՝ խփում էին»,- պատմել էին լրագրողներին։
Ադրբեջանին զսպելու հույսով գործարանի տարածքում նաև ամերիկյան դրոշ տեղադրվեց՝ ընդգծելով ամերիկյան կապիտալի ներկայությունն այնտեղ, բայց դա էլ չօգնեց։ Շինաշխատանքների պարբերաբար թիրախավորումները, ի վերջո, հանգեցրին աշխատանքների դադարեցմանը։

- Տեսեք տեսանյութում և լուսանկարներում՝ 2025թ. հուլիսի 31-ի դրությամբ այդ դիրքը չկա, օգոստոսի 19-ի լուսանկարներում արդեն ադրբեջանական դիրքը լրիվ կահավորված է: Էնպես են խոսում կատարվածի մասին, որ՝ подумаешь, մի 70 մետր է էլի, մեծ բան չէ… Բայց սա հո աբլիգացիա չէ՞, որ մկրատը վերցնեք, կտրեք: Պաշտպանության նախարա՛ր, չե՞ս ամաչում, ասում ես՝ սուտ է: Պաշտպանության նախարար ես, կա՛մ դու իրավիճակին չես տիրապետում, կա՛մ պիտի բոլորիս պատասխան տաս՝ ինչո՞ւ եք թույլ տվել ներխուժումներն ու թաքցրել դրանք ժողովրդից:
Սրանց հույսներն այն է, որ կխոսենք ու կմոռանանք այդ մասին: Չի՛ լինելու այդպես: Ամեն մետրի համար մեր տղաները կռվել են, արյուն են թափել: Անվտանգությունը չես կարող մարդուց կտրել, որովհետև բացի նրանից, այդ մի մետրն անգամ Հայրենիք է, դրանք մեր քաղաքացիների խոտհարքներն են, արոտավայրերն են… Ադրբեջանցիները բերել, իրենց դիրքերը կառուցել են մեր գյուղերից 6 կմ հեռավորության վրա: Սրանք փոխանակ Ադրբեջանին ասեն՝ էս ի՞նչ ես անում, ասում են՝ հա դե լավ, ցածր են, չեն երևում… Այ քեզ բան…
Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի կամակատար լինելու արդյունքում մեր զինվորներն ուղիղ ադրբեջանական վտանգի տակ են մեր տարածքում իրենց կառուցած դիրքի պատճառով: Բա դու երկրի ղեկավար ես, չկանգնե՞ս ասես՝ Ադրբեջա՛ն, ո՞նց ես բերում, իմ զինվորների կյանքը վտանգում, դիրք կառուցում քթիս տակ:
- Մինչև 2025թ. հուլիսի 31-ը մեր տարածքում երկու ադրբեջանական դիրքերի մեջ ճանապարհը չի եղել, օգոստոսի 15-ին արդեն կար: Նրանք բարելավում են իրենց կոմունիկացիաները:
- Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ չի պատրաստվում մեր տարածքից դուրս գալ, ու կեղծիք է այն, որ սահմանազատման հանձնաժողովով դուրս են գալու մեր օկուպացված տարածքներից:
- Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 2024-25թթ. շեշտակի բարձրացրել է: Հարց՝ այս պայմաններում այս երկիրը՝ նման քաղաքականությամբ, նման հռետորաբանությամբ, պատրաստվում է խաղաղությա՞ն: Իհարկե ո՛չ:
- Մեր տարածքում ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել, որոնք կոչվում են կապանիերներ: Դրանք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով՝ տանկեր, մեքենաներ, անձնակազմ, խոշոր տրամաչափի զինատեսակներ պահելու ու հարկ եղած դեպքում օգտագործելու համար: Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության պատրաստվող Ադրբեջանն ինչի՞ է նման թաքստոցներ կառուցում մեր տարածքում…
Հիշեցնենք, Արման Թաթոյանի ներկայացրած փաստերին ի պատասխան՝ ՊՆ խոսնակը տեսանյութով հանդես եկավ, որում ասվում էր.
«Google Earth տիեզերական լուսանկարների կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծն իրավական հիմք չունի։ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ և հաստատվել են Պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից»:
Ադրբեջանի դիրքը չի հատում պետական սահմանագիծը և գտնվում է ՀՀ տարածքում:
Շրջանառվում են մտահոգություններ, որ նշված դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի, Կութ բնակավայրի և հարակից տարածքների համար: Նշենք, որ նշված դիրքից Սոթքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կմ է, իսկ դեպի Կութ բնակավայր ընկած հեռավորությունը՝ 6.4 կմ: Ավելին, Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը»:
Սուրեն Պապիկյանը խուսափեց՝ պատասխանելու բեռը դնելով ՊՆ խոսնակի վրա, այն դեպքում, երբ առնվազն ինքը կամ ԳՇ պետը պետք է պատասխան տային:
- Հենց փաստերով ես խոսում, այս իշխանությունը միանգամից հիստերիայի մեջ է ընկնում, կատաղում է, սկսում վիրավորել… որովհետև ասելիք չունի, կեղծիքը բացահայտվում է:
- Ի՜նչ 1975թ. քարտեզ: Քեզ ասում են՝ եկել, քո ժողովրդի քթի տակ, քո տարածքում ամրացումներ են անում, ճանապարհ են կառուցում, դիրքեր են դնում, դու ասում ես՝ 1975 թվի քարտեզ: Սա երկրի ղեկավարի պահվա՞ծք է:

- Չպետք է մոռանանք, որ Վարդենիսը կարևորագույն ռազմավարական համայնքներից է, ու Ադրբեջանում անգամ հրամանագրով արգելել են Վարդենիսը հայկական անվանմամբ ասել, այլ բացառապես՝ ադրբեջանական Բասարգեչար անունով են կոչում:
- Ադրբեջանը սպասում է աշխարհաքաղաքական հարմար իրավիճակի, որ հարկ եղած դեպքում դիմեն կոնկրետ գործողությունների: Այս իշխանությունը պատերազմի, նեգատիվ ինքնության իշխանություն է:
- Ադրբեջանական ներխուժման պատճառով գյուղատնտեսությունը խաթարված է, տնտեսությունը, անասնապահությունը կաթվածահար է: 2021թ. մարդիկ ստիպված տարբեր տեղերում անասունների զանգվածային սպանդ արեցին, որովհետև չէին կարողանում օգտագործել իրենց խոտհարքները:
- Ես թույլ չեմ տալու, որ Հայաստանի օկուպացիայի հարցերը դուրս մնան ուշադրությունից: Ես ամեն ինչ անելու եմ դրանք միջազգային օրակարգերում պահելու համար, որովհետև այդ հարցերն այսօր ոչ մի օրակարգերում չկան:
- Ադրբեջանը քեզ 2 կանիստր բենզին է տալիս ու քո ձեռքով մաքրվում միջազգային հանրության առաջ: Հետո, երբ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակի, ու դու գնաս, բողոքես, պիտի ասեն՝ ի՞նչ եք ուզում այդ հումանիստ պետությունից…
Արցախի սցենարը կրկնվում է: Պետք է հասկանալ ադրբեջանական քաղաքականության խորքը: Տպավորություն է, որ մենք վայրագ ազգ ենք, ադրբեջանցիներն էլ՝ խաղաղասեր: Դու գնում, աշխարհի առաջ իրեն մաքրում ես, բայց նրա արած հանցագործությունները՝ Արցախի էթնիկ զտման, ցեղասպան գործունեության, Հայաստանի տարածքների օկուպացման, անհայտ կորած զինծառայողների, գերիների հարցերը մոռացության ես տալիս միջազգային օրակարգերում… Ու այս ամենը՝ 2 կանիստր բենզինի, 2 դույլ ցորենի համար:
Սրանք մսխում են ամերիկյան միջնորդությունը: Փոխանակ աշխատեն Ամերիկայի հետ, այնպես անեն, որ Ամերիկան Ադրբեջանին ստիպի բռնությամբ անեհտացածների կոնվենցիան վավերացնի, որ մեր անհետ կորածների հարցերը կարողանանք առաջ տանել, մի բան էլ հոխորտում է, մաքրում Ալիևին…
- Մենք առաջարկում ենք մեր բանակի լիարժեք ու կոնկրետ հզորացումն ու դրա համար կոնկրետ քայլերի հաջորդականություն ունենք:
- Այս իշխանությունն «Արցախ» բառը հենց լսում է, սկսում է ժողովրդին վախեցնել պատերազմով, ու դա այն մարդն է, ով ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:
- Արցախն իմ հայկական ինքնության մասն է: Արցախցիների իրավունքը երկու բաղադրիչ ունի՝ արժանապատիվ կյանք՝ Հայաստանում, և արցախցիների արժանապատիվ անվտանգ վերադարձ: Անմիջապես չեղարկելու ենք այն որոշումը, որով 007 կոդով անձնագիր ունեցող արցախցիները համարվեցին ոչ Հայաստանի քաղաքացիներ: Վերադարձի իրավունքը ես չեմ հորինել, դա միջազգային պարտավորություն է: Կա ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշում, որով Ադրբեջանը պարտավոր է ապահովել արցախցիների արժանապատիվ վերադարձը: Այս մասին հայտարարել է նաև ԱՄՆ Պետդեպը, Շվեյցարիան, Կանադան: Սխալ կլինի ասել, որ վերադարձը վաղը հենց իրատեսական է, բայց սա պետք է լինի մեր քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Պետք է աշխատանք տանել. վերադարձը հնարավոր է: Ու դա սադրանք չէ, դա իրավունք է:

- «Արևմտյան Ադրբեջանի» թեման Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից սնած, աճեցրած թեմա է, որով վախեցնում են մեր հասարակությանը: Ադրբեջանն այդ ծրագրից, որը ոչ մի միջազգային հիմք չունի, չի հրաժարվելու, բայց այստեղ գալու նրանց ճանապարհը բոլոր միջազգային ուղիներով փակ է:
- Ադրբեջանի նախագահին ուղիղ ասում եմ՝ տենց վստա՞հ եք, որ մենք հանցագործ ենք, գտեք մի երկիր, ձևը գտեք, գնանք Միջազգային քրեական դատարան, դուք մեր դեմ հայց տարեք, մենք էլ ձեր դեմ կտանենք, տեսնենք՝ ով կհաղթի:
- Ինձ համար խաղաղության պայմանագիրը TRIPP-ն է, որովհետև նախ Ադրբեջանը նախաստորագրված խաղաղության այդ պայմանագիրը չի ստորագրելու, և Ալիևը հայտարարել է, որ իր համար միջազգային իրավունք գոյություն չունի: Հետևաբար, եթե չկա այդ իրավունքը, ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը: Այստեղ չափազանց կարևոր է ԱՄՆ-ի պես երկրի միջնորդական առաքելությունը, որն ուղղակի պետք է կարողանաս օգտագործես քո շահերի օգտին, ոչ թե մսխես:
- Արտաքին քաղաքականության կենտրոնում Հայաստանի շահը պետք է լինի, մենք պետք է գործենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն Հայաստանի:
- Մեզ համար կա կարմիր գիծ. Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը սակարկման առարկա չեն: Մեր անցակետերում պետք է կանգնած լինի հայ մաքսավորն ու սահմանապահը:
- Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես սնվում է պաշտոնաթող նախագահների ժամանակվա սխալներից: Խնդիրներ եղել են, բայց բազմաթիվ ձեռքբերումներ նույնպես եղել են: Այս իշխանությունը եկավ իշխանության այդ սխալների վրա ատելությունը գեներացնելով: Եթե նախկին նախագահներն ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չպետք է ուժեղացնեն Փաշինյանին, իրենք չպետք է մասնակցեն ընտրություններին: Քաղաքացիներից շատերը ձայն են տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նախկինները հետ չգան, ոչ թե՝ որ հավատում են Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ նախկին նախագահներից որևէ մեկը մտնի ընտրապայքարի մեջ:
- Ես հպարտ եմ իմ կենսագրության ամեն րոպեի համար ու բաց ճակատով եմ քայլում: Երբեք չեմ եղել կուսակցական, արել եմ մասնագիտական աշխատանք, ինչն ինձ թույլ է տվել շատ լավ հասկանալ պետությունն ու կառավարման համակարգը ներսից: Այն, որ ես հավակնում եմ դառնալ վարչապետ, նրանից է, որ ես կառավարման համակարգում աշխատելու փորձ ունեմ ու ներսից գիտեմ խնդիրները:

- Երբ 2-րդ նախագահը հայտարարում է ընտրություններին մասնակցելու մասին, մեծ նվեր է մատուցում Նիկոլ Փաշինյանին: Ես վստահ եմ, որ նա ուրախացել է այդ մասին իմանալով: Դա իրեն օգնում է մնալ իշխանության ու դառնալ բռնապետ:
- Մարդիկ հոգնել են: Այս ընտրությունները սովորական չեն, մեր երկրի ապագայի մասին պատմական ընտրություններ են: Մարդիկ չեն ուզում գզվռտոց տեսնել, ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այս աղետը կանգ առնի…
- Հիմա էլ եմ ասում՝ տղամարդ չե՞ս, արի հետս բովանդակային խոսի: Ասում եք՝ ստելու ու ճվճվալու է… ստախոսի հետ ի՞նչ բանավեճ… Ոչինչ, թող գա, ճվճվա… Թող ճվճվա… Ես համբերատար մարդ եմ, բազմաթիվ ճվճվացողների ու ստախոսների հետ եմ համբերատար եղել, իր հետ էլ կլինեմ, թող գա բովանդակային բանավիճի հետս, միանշանակ, հենց հիմա էլ պատրաստ եմ:
- Ինձ ցավ է պատճառում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն ենք տալիս, որ նախկին նախագահների վրա խարան կախի, այն նախագահների, ովքեր մեծ վաստակ ունեն մեր պետության կայացման մեջ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պատերազմ ենք հաղթել, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսությունն է զարգացել, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք մտել ենք ԵԱՏՄ և ստորագրել ենք CEPA-ն, ինչը կարևորագույն փաստաթուղթ է, բայց ամեն առաջնորդ ունի իր ժամանակը:
- Ես այս պրոցեսի մեջ չեմ մտել, որ պտիչկա դնեմ ու դուրս գամ: Ես կոնկրետ արդյունքի հետևից եմ եկել: Մենք նպատակ չունենք որևէ մեկի հաշվին ինքնահաստատվել, բայց նաև թույլ չենք տալու, որ մեր հաշվին էլ ինքնահաստատվեն: Սա պետություն է, մենք գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած: Պիտի հասկանանք՝ այս իշխանություններին ինչն է ձիու վրա պահել, ինչն է նրանց ուժեղացնում, որ թույլ չտանք իրենց վերարտադրությունը կրկնվի:

Մանրամասները՝ տեսանյութում:



