«Իշխանության ներսում որոշակի ինտրիգներ, խաղեր են կատարվում»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ԱԺ այս քառօրյայի աշխատանքը գնահատում է բուռն՝ պայմանավորված քննարկվող հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը: Վերջինս նշեց, որ ընդդիմության քիչ քանակից անկախ՝ ոչ իշխանական ուժերը մասնակցում էին քննարկմաննն ակտիվ ու որակով:
Խորհրդարանում քննարկվող Վերահսկիչ Պալատի 2012թ. Տարեկան հաշվետվությունը, Ռ. Հակոբյանը գնահատեց որպես «թիվ մեկ զավեշտ», երբ գլխադասային հանձնաժողովը խուսափեց տալ գնահատական փաստաթղթին: «Ուզում ենք շառ ու փորձանքից հեռու մնալ: Գլխադասային հանձնաժողոը ձեռքերը լվաց, ասաց ուզում ենք շառից ու փորձանքից հեռու մնալ: Մենք մեր ֆրակցիայի դիրքորոշումը այս հարցում քննարկումների ավարտին կներկայացնենք, բայց մի բան կարող եմ ասել՝ պարզ դարձավ, որ ինչ որ բան ուզում են թաքցնել»: Հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն քննադատողական կեցվածք որդեգրել, Ռ. Հակոբյանը պատասխանեց, թե իրենք ՎՊ հաշվետվության առնչությամբ կտան իրենց գնահատականը, ապա նշեց. «Երբ իսկապես պարզ դառնա՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս հաշվետվությունը, մենք կարտահայտվենք: Դա նախադեպ չունցող երևույթ է, երբ գլխադասայինն ասում է, որ ժամանակ չենք ունեցել քննարկելու, այն դեպքում, երբ ծով ժամանակ ունեին: Ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ: Չեմ բացառում, որ իշխանության ներսում որոշակի ինտրիգներ, խաղեր են կատարվում»:
Աժ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանն էլ ասաց, որ եթե ԱԺ-ն «թատրոն չէ», ապա ներկայացված հաշվետվությունը պետք է կրի «հաղորդում հանցագործության մասին» անունը:

Տեսանյութեր

Լրահոս