Բաժիններ՝

Երևանի ոստիկանապետ. «Չեմ հարգի ինձ, որ լինեմ ոստիկան ու ունենամ բիզնես». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության պատճառը պաշտոնապես մեկնաբանվեց որպես պաշտոնն ու բիզնես գործունեությունը համատեղել, ինչն օրենքով արգելվում է: Մինչդեռ բոլորին է հայտնի է, որ մեր երկրում գոյատևման միջոցը համարվում է բիզնեսը, և այն, անկախ պաշտոնից ու դիքից, համատեղում են գրեթե բոլոր չինովնիկները: Եվ եթե փորձեն օրենքի այդ կետը խստորեն կիրառել, ապա պաշտոնանկությունների մարաթոն կսկսվի:

Իսկ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը, ոչ պաշտոնապես, կապված է ֆինանսական մեքենայությունների հետ, որն այս պահին քննվում է հատուկ քննչական ծառայությունում, և դեռ անուններ ու մանրամասներ չեն հրապարակվում:

Իսկ ինչպե՞ս ընտրվեց Նազարյանի իրավահաջորդը` Աշոտ Կարապետյանը, արդյո՞ք բիզնես չունի, և վերջապես, ի՞նչ առավելությունների շնորհիվ»:

– Պարոն Կարապետյան, Ձեր և Ներսիկ Նազարյանի միջև ի՞նչ տարբերություն կա, և դա հատկապես նշանակվելուց հետո ինչպե՞ս է արտահայտվել:

– Ես գնահատական տվող չեմ, էսօր մենք նշում ենք Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը՝ որպես նոր քաղաքապետի:

– Երևանի քաղաքացին Ձեր և նախորդի տարբերությունն ինչպե՞ս է զգալու:

– Մենք նոր ոստիկանի կերպար ենք կերտում, դրա գնահատականը թող տա երևանցին: Տարբերությունը թող քաղաքացին ինքն ասի, ես աշխատում եմ իմ գործառույթների շրջանակում՝ պաշտպան լինելով քաղաքացու շահերին:

– Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը պաշտոնապես հիմնավորվեց բիզնես գործունեությամբ, ինչի Դուք բիզնես չունե՞ք, որ Ձեզ նշանակեցին իր փոխարեն:

– Ես բիզնես չունեմ:

– Ինչո՞վ եք ապրում, աշխատավարձո՞վ:

– Իհարկե, ոստիկանի պես:

– Ո՞ր ոստիկանի՝ շարքայի՞ն, թե՞ բարձրաստիճան:

– Գնդապետի կոչում ունեցող ոստիկանի պես…

– Բիզնեսներն էլ գրանցել եք ընտանիքի անդամների անունո՞վ…

– Չունեմ ես բիզնես, չեմ էլ պատկերացնում, որ կարող ա ունենամ, բոլոր իմ բարեկամներն ու ծանոթները կվստահեցնեն, որ ես բիզնես չունեմ: Ես չեմ հարգի ինձ, որ բիզնես ունենամ և լինեմ ոստիկան, դրանք անհամատեղելի են՝ իմ կարծիքով:

Երևանի ոստիկանապետի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս