Անկարայի և Բաքվի փոխադարձ «մեղադրական մեսիջները». Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել օպերացիայի օրերն այս առումով ևս «հարթ» չեն եղել

Այն, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի օրերին Թուրքիան և Ադրբեջանը, մեծ հաշվով, միևնույն դիրքից են հանդես եկել, դա, բնավ, չի նշանակում, որ այս ընթացքում «բախումներ» և մեսիջներ չեն եղել:

Մասնավորապես, ադրբեջանական minval.az-ն իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակների քննադատություններին` կապված Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների հետ, և ուշագրավ դրվագի վրա ուշադրություն հրավիրել:

«Իսրայելական զենքի մատակարարումներն Ադրբեջան սկսվել են դեռ 44-օրյա Հայրենական պատերազմից առաջ և շարունակվել են դրանից հետո՝ անօդաչու թռչող սարքեր, հրթիռային համակարգեր և հակաօդային պաշտպանության համակարգեր, և սա ամբողջական ցանկը չէ: Բնականաբար, ցանկացած երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել որևէ մեկի հետ իր հարաբերությունների ձևաչափը։

Կարդացեք նաև

Բայց ահա թե ինչն է հետաքրքիր։ ԱՄՆԻսրայելին որոշել է մատակարարել 27.000 ավիառումբ, որն արտադրվել է մի ընկերությունում, որի սեփականատերը թուրք է։

Անցնենք մանրամասներին: Մեր ունեցած տեղեկություններով՝ ԱՄՆը պատրաստվում է Իսրայելի հետ 660 միլիոն դոլարի զենքզինամթերքի մատակարարման գործարք կնքել, որն իր մեջ ներառում է նաև 27.000 ավիառումբ և համապատասխան սարքավորումներ։ Այս զինամթերքն արտադրվում է Տեխասում գործող մի գործարանում, որը պատկանում է Repkon թուրքական պաշտպանական կոնցեռնի դուստր ձեռնարկությանը (Repkon USA)։

Տեսականորեն, ռումբերը մատակարարվում են մասնավոր ընկերության կողմից: Սակայն գործնականում զենքի արտահանման նկատմամբ պետական ​​վերահսկողությունը շատ ամուր է և խիստ, նույնիսկ՝ համատեղ արտադրության դեպքում: Հատկապես, երբ խոսքը սպորտային կամ որսորդական հրացանների մասին չէ, այլ ժամանակակից և արդյունավետ ավիացիոն ռումբերի:

Մենք հեռու ենք այս ընկերության կամ դրա սեփականատերերի դեմ որևէ պահանջ ներկայացնելուց, բայց այդ դեպքում ինչո՞ւ այն շրջանակները, որոնք այդքան կոշտ քննադատում են Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցության համար, ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս գործարքը: Փաստացի ԱՄՆ-ի հետ զենք արտադրող համատեղ ձեռնարկությունը որոշել է այն փոխանցել Իսրայելին: Ինչո՞ւ սա չի քննարկվում, փոխարենը քննադատության է ենթարկվում Բաքուն: Ինչպե՞ս բացատրել այս «թունելային տեսողությունը» կամ երկակի ստանդարտները»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը:

Արդյո՞ք առանց Բաքվի իշխանությունների «դաբրոյի»՝ նման խմբագրական կհրապարակվեր:

Իսկ մենք շարունակենք թեման: Իսրայելական լրատվամիջոցներից մեկը մանրամասնել էր գործարքի դետալները և հայտնել, որ 12.000 միավոր ռումբի դեպքում խոսքը BLU-110A/B տեսակի մասին է՝ մոտավորապես 450 կգ քաշով, ունի բետոնե և ամրացված թիրախները կործանելու բարձր կարողություն, այն հնարավոր է կիրառել բարձր ճշգրտությամբ նավիգացիոն սարքավորումների հետ (JDAM или Paveway): Բացի այս, BLU-110A/B տեսակի ավիառումբերը համատեղելի են F-15, F-16 և F-35 կործանիչների հետ, և այլն:

Վերջին տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ Պետդեպը՝ նշելով, որ առաջարկվող փաթեթը թույլ է տալիս Իսրայելին ձեռք բերել 12,000 BLU-110A/B ընդհանուր նշանակության ռումբի մարմիններ, և, որ 151.8 միլիոն դոլար արժողությամբ գործարքը նաև ներառում է Իսրայելին լրացուցիչ լոգիստիկ աջակցություն։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցը նշել էր 27.000 ավիառումբի մասին և գործարքի գինը նշել 660 միլիոն դոլար: Չի բացառվում, որ, ինչպես տարբեր աղբյուրներ նշում են, ԱՄՆ-ը ավիառումբերի մի մասն Իսրայելին մատակարարելու է սեփական զինանոցից:

Իսկ ինչո՞ւ մի փոքր «ազնիվ» չէ ադրբեջանական լրատվամիջոցը:

Թուրքական Repkon ընկերության դուստր ձեռնարկության արտադրած ավիառումբերի՝ ԱՄՆ-ի կողմից մատակարարումն Իսրայելին, դժգոհության և վեճերի տեղիք է տվել նաև Թուրքիայում՝ քաղաքական, հասարակական շրջանակներում:

Եվ սա Repkon ընկերության ղեկավարությունը նույնիսկ ստիպված է եղել արդարանալ, որ վերը նշված գործարքի հետ կապված որոշմանը չեն մասնակցել՝ նշելով, որ վերջին տարիներին թուրքական պաշտպանական ընկերությունները դուստր և համատեղ ձեռնարկությունների միջոցով ընդլայնել են իրենց միջազգային ներկայությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ռումինիան և այլն, և այդ ձեռնարկությունները ստեղծվել են տեղի օրենսդրությամբ:

Ուստի, ըստ Repkon թուրքական ընկերության, պաշտպանական արտադրության ցանցերի գլոբալիզացման պայմաններում ազգային ընկերությունների և ազգային քաղաքական դիրքորոշումների միջև սահմանները գնալով ավելի մշուշոտ են դառնում։

Այս ամենը նշում ենք՝ ցույց տալու համար Բաքվի և Անկարայի բախումները, եթե այստեղ որևէ մեկի ազգային շահին «կպնելու» թեմա է լինում, և հատկապես՝ Իսրայել-Բաքու  հարաբերությունների համատեքստում, նույն Բաքուն պատրաստ է ամեն կերպ Իսրայելի հետ ռազմավարական շահերը պաշտպանել, այդ թվում՝  Թուրքիայից:

Իսկ թուրքական ընկերությունն էլ կարող է Իսրայելին միջնորդավորված զինամթերքի մատակարարումը շատ հանգիստ բացատրել՝«ничего личного, это просто бизнес»:

Բաքու-Անկարա մեսիջների համատեքստում ևս մեկ դրվագի վրա ուշադրություն հրավիրենք: Ըստ ադրբեջանական կողմի, Իրանից Նախիջևանի ուղղությամբ անօդաչուների հարվածների օրերին, Ադրբեջանի ոչ կառավարական կամ հասարակական կազմակերպությունները սոցցանցային տիրույթում անմիջապես ֆլեշմոբ են սկսում՝ «Դարձեք իմ ձայնը», որի համատեքստում Նախիջևանի դպրոցներից մեկում սովորող մի աշակերտ դիմել էր Իրանի Թեբրիզ և Զենջան բնակավայրերին:

Ինչո՞ւ, որովհետև դրանք ադրբեջանաբնակ են: Արդյո՞ք այսօրինակ էմոցիոնալ «պրոյեկտը» չէր կարող Իրանի ներսում միջազգային բախումներ առաջացնել, չէր բացառվում: Եվ օրեր հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մի առիթով իր ելույթներից մեկում հատուկ շեշտում է.

«Մենք դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու բոլոր տեսակի սցենարներին։ Սա ամենավտանգավոր սցենարներից է, և մենք զգուշացնում ենք թե՛ Արևմուտքին, թե՛ Արևելքին, բոլորին։ Նման սցենարն Իրանում ոչ միայն քաղաքացիական անմեղ բնակչությանը կտանի առավել մեծ տառապանքների, այլև կարող է հանգեցնել միլիոնավոր մարդկանց տեղահանությանը և ստիպել նրանց որպես փախստականներ ապաստան փնտրել հարևան երկրներում և դրա սահմաններից դուրս»:

Իհարկե, Բաքուն առնվազն վերոնշյալ հուզիչ քայլերով չէր կարողանա հասնել քաղաքացիական պատերազմի, բայց եթե դրանք շարունակվեին և ավելի վճռական «նախագծերի» վերածվեին, տեղային բախումներ, հնարավոր է՝ լինեին: Չենք մոռանում, որ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Իսրայելը ցանկանում է Իրանում հասնել ռեժիմի տապալման, և Ֆիդանի զգուշացումը կարող ենք ինչ-որ առումով տարածել նաև Բաքվի վրա:

Ի դեպ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ինքն էր գրել, որ Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք, և Թուրքիայում հասարակական շատ խմբերի ներկայացուցիչներ օրեր շարունակ թիրախավորում են Ադրբեջանին և, մասնավորապես, նախագահ Ալիևին՝ որպես «Իսրայելի ընկեր ու դաշնակից»:

Նշենք, որ ավելի ուշ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակման համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չպետք է սխալ հաշվարկներ կատարի կամ ընկնի սիոնիստների թակարդը, որով փորձ է արվում եղբորը եղբոր դեմ հանել: Իհարկե, այստեղ ավելի շատ Թուրքիայի ղեկավարը նկատի ուներ Իրանին, բայց վերևում բերված փաստերը հաշվի առնելով՝ այստեղ ևս անուղղակի մեսիջ կարող ենք տեսնել Բաքվին ուղղված:

Այնպես որ, թուրք-ադրբեջանական հարաբերություններում կան նաև «սուր անկյուններ»: Իսկ Բաքուն 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի համատեքստում պարտքեր ունի մարելու և՛ Իսրայելին, և՛ Թուրքիային, եթե մի կողմ դնենք Պակիստանի օգնությունը:

Մի առիթով գրել ենք, որ այդ ժամանակ Պակիստանը գործել է Թուրքիայի հետ ունեցած իր հարաբերություններից, և միայն պատերազմից հետո ռազմավարական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ:

Մյուս կողմից, չենք մոռանում, որ Թուրքիայի ղեկավար դեմքերն ու կարևոր ֆիգուրները ոչ մեկ անգամ հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը դա թյուրքական աշխարհինն է, սրանք հենց այնպես խոսքեր չեն, ինչի մասին հուշում են նաև «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղի» նախագծին առնչվող թյուրքական աշխարհի սպասելիքները:

Տեսանյութեր

Լրահոս