Իսպանական ամոթ՝ հանուն հայկական արժանպատվության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները խզելու մասին, երբ Իսպանիայի իշխանություններն արգելել են ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքում գտնվող ռազմաբազաները՝ Իրանի դեմ իրականացվող գործողությունների համար։

Վերջին օրերի գերլարված միջազգային իրադրության համատեքստում հերթական այս տեղեկությունը խորքային իմաստով՝ ոչ միայն Իսպանիայի ու Իրանի, այլ նաև Հայաստանի ապագայի մասին է: Այն ապագայի, որը ՔՊ-ական իշխանությունն ամեն օր քարոզում է՝ դրոշակ դարձնելով ԱՄՆ նախագահի պատվին անվանակոչված ԹՐԻՓՓ-ը: Պրոպագանդան այն ներկայացնում է՝ որպես երկնային մանանա, որն ամերիկյան ներդրումների տեսքով թափվելու է Հայաստանի վրա:

Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները խզելու մասին Թրամփի հայտարարությունը, սակայն, այն մասին է, որ առնվազն ԱՄՆ ներկայիս նախագահի ու նրա վարչակազմի հետ «շահավետ տնտեսական համագործակցության» անվան տակ իրականացվող գործարքները պետությունների քաղաքական վասալացման գեղեցիկ փաթեթավորումն են ընդամենը: ԱՄՆ-ին եվրոպական գրեթե ամբողջական հպատակեցման պայմաններում Իսպանիան համարձակվել է մտածել սեփական շահերի մասին, այդ շահերը սպասարկելու համար կայացրել է աշխարհաքաղաքական մեծ խաղից իր տարածքը հետ պահելու որոշում: Եվ ահա, իբրև թե միայն տնտեսական հաշվարկներով առաջնորդվող Թրամփը տնտեսական գործիքակազմն ամենակոպիտ կերպով կիրառում է՝ գեոպոլիտիկ ծառայություն պարտադրելու համար: Այսինքն՝ ԱՄՆ-ի հետ «շահավետ տնտեսական համագործակցությունն» առնվազն այսօրվա իրողությունների պայմաններում, այլ երկրների համար նշանակում է ամբողջական քաղաքական հպատակություն, այդ թվում՝ իրենց շահերի հաշվին:

Ամերիկյան դոլարներն իրականում վճարվում են պետական շահեր չունենալու համար, և բոլոր նրանք, ովքեր համարձակվում են այդուհանդերձ հետևել իրենց շահերին, հայտնվում են այդ փողից զրկվելու սպառնալիքի առաջ: Եթե այս մոդելը կիրառվում է Իսպանիայի նման պետության պարագային, հասկանալի է, որ բազմապատիկ ավելի խիստ կերպով պարտադրվելու է անհամեմատ թույլ, իր անվտանգությունն իրավական ուժ չունեցող մի քանի էջանոց թղթին փաթաթած երկրին, ինչպիսին, ցավոք, ներկայիս Հայաստանն է:

«Իսպանական մոդելի» կիրառումը Հայաստանի դեպքում նշանակելու է, որ որևէ պարագայում ամերիկյան քաղաքական շահերին ծառայելուց հրաժարումը անմիջապես հօդս է ցնդեցնելու ԹՐԻՓՓԸ-ը՝ դրա դեռևս երևակայական «դրախտային փողերով»:

Ցանկացած պահի, երբ ԱՄՆ-ի ռազմավարական շահը կպահանջի որպես հենակետ օգտագործել Հայաստանի տարածքը՝ մեզ համար որևէ բարեկամ երկրի (որպես պայմանական օրինակ, ասենք, Վրաստանի) դեմ, ապա Հայաստանի իշխանությունը պետք է ստանձնի քաղաքական ներքինիի իր դերը՝ մտածելով ոչ թե ԱՄՆ-ի ռմբակոծիչների հեռանալուց հետո բարեկամի հետ կյանքը շարունակելու, այլ պայմանական ԹՐԻՓՓ-ից՝ իրենց հասանելիքից, այդ թվում՝ իշխանության պահպանման տեսքով, չզրկվելու մասին: Թրամփը՝ Իսպանիայի մասին հայտարարությամբ, ցույց է տվել, թե ինչ կարող է լինել բոլոր այն երկրների հետ, որոնք իրենց ոչ միայն ապագան, այլ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, «հարատևությունը» պայմանավորում են ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններով:

Սա ամենևին չի նշանակում, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն կարող օգտակար լինել, կամ դրանք պետք է փոխել այլ կենտրոնների հետ կապերով: Ոչ, դրանք պետք է հնարավորինս զարգացնել, բայց որպեսզի այդ հարաբերությունները լինեն իրապես փոխշահավետ և ոչ թե քաղաքական սատրապության մասին, պետք է փոխել ներքինի ծառայելու պատրաստ իշխանությանը: Իսկ դրա համար կարող է օգտակար լինել նման իշխանություն ունենալու համար առնվազն «իսպանական ամոթ» ապրելը, որի հաջորդ քայլը գուցե կհանգեցնի հայկական արժանապատվության մասին մտածելուն: 

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս