Փողոցն իմպիչմենտի կարևորագույն բաղադրիչն է. Մամիջանյան
«ՀՀԿ առաջարկը հաշվեք նոր առաջարկ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ԳՄ նիստից հետո տարածված հայտարարությանը, որով ՀՀԿ-ն իմպիչմենտի շուրջ միավորվելու և երկխոսության, քաղաքական խորհրդակցություններ սկսելու կոչ է անում։
Նա նշեց, որ Հայաստանը սեղմ քաղաքական դաշտ ունի և մեծ հաշվով առաջին հայացքից կարելի է ասել, թե յուրաքանչյուր գործիչ այս կամ այն առաջարկությանն ինչ արձագանք է տալու։
«Բայց եթե շարժվես այդ կանխավարկածով, ոչ մի առաջարկ երբեք չես անելու, կասես՝ դե լավ, դրան այսինչը այս է ասելու, Գեղամ Նազարյանն այս է ասելու․․․ ուստի հաշվեք՝ սա նոր առաջարկ, ես, իհարկե, կարող եմ սկսել մեկնաբանել, հիմնվելով իրենց նախորդ ասածների վրա, բայց ես դա չեմ անի։ Մենք համբերատար կսպասենք մինչև իրենք արձագանքեն այս առաջարկին։ Դրանից հետո մենք, իհարկե, հետևություններ կանենք, բայց մեր արած հետևություններն այդքան էական չեն, շատ ավելի էական են, թե ինչ հետևություններ կանեն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները»,- ասաց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի հետ բանակցություններին, Մամիջանյանը հռետորական հարց բարձրացրեց․ «Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս, ո՞ր պարագայում ավելի հեշտ կընթանան բանակցությունները ՔՊ-ի հետ, երբ ուղղակի բանակցո՞ւմ ենք, թե՞ երբ փողոցում 100.000 մարդ պահանջում է, որպեսզի այդ պատգաավորը, կամ այդ խմբակցությունը միանա իմպիչմենտին։ Ո՞ր տարբերակում է բանակցությունների արդյունքը հավանական։ Ինձ թվում է՝ նորից ակնհայտ է։ Դրա համար ենք մենք ասում, որ փողոցը կարևորագույն բաղադրիչն է իմպիչմենտի, փաստացի ՀՀ-ում իմպիչմենտ հավասար է փողոցային պայքար»։



