Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկնել է Թուրքիա։ Պաշտոնական այցի շրջանակում Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են «Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի ընթացքում երկու երկրների միջև կնքվել է 7 համաձայնագիր, որոնք վերաբերում են ծովային առևտրի, ներդրումների, տնտեսական համագործակցության, երկրաշարժերի դեմ կանխարգելիչ միջացառումների, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին։
Էրդողանն ու Միցոտակիսը երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են Էգեյան և Միջերկրական ծովերին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին։
Էրդողանը նշել է, որ երկու երկրների առևտրի ծավալները հասել են 7 մլրդ դոլարի և կողմերը մտադիր են այն հասցնել 10 միլիարդի։



