«Ալիևը կարող է լավ գնով «ծախել» Շուշիի դիրքն ԱՄՆ-ին». Մհեր Աբրահամյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը մեծապես կապված էր ԹՐԻՓՓ նախագծի հետ, և ԹՐԻՓՓ-ն իրենից ենթադրում է ոչ թե ճանապարհ, այլ հենց միջանցք, որը թուրքերը փորձում էին բացել դարեր շարունակ։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահի Երևան և Բաքու այցերի արդյունքների մասին։

«Եթե Հայոց ցեղասպանության հարցում Թրամփի վարչակազմը և փոխնախագահը հագուրդ տվեցին թուրքերի ցանկությանը, ապա կարծում եմ, որ ԹՐԻՓՓ-ի հարցում ևս նրանք չեն վարանի և կփորձեն դա օգտագործել ի նպաստ թուրքերի, որոնք այն դիտարկում են ոչ թե ճանապարհ և ապաշրջափակում, այլ որպես միջանցք, և Արևմուտքը միշտ էլ իր աջակցությունն է ցուցաբերել այդ «միջանցք» կոչված գաղափարին, որը հնարավորություն է տալիս Արևմուտքին ներս մտնել և ներգործել այն պետությունները, որոնք գտնվում են Ռուսաստանի թիկունքում»,- մեկնաբանեց Մհեր Աբրահամյանը։

Թուրքագետի գնահատմամբ՝ Վենսի Երևան-Բաքու այցելությունների մեխը ԹՐԻՓՓ-ի քննարկումն է եղել։ Նաև նկատեց՝ Վենսը Երևանում բացահայտ աջակցություն հայտնեց «այս տղային» առաջիկա ընտրություններում։

Կարդացեք նաև

Նա չի բացառում, որ Թրամփի վարչակազմը ներկայացնող փոխնախագահի նախաձեռնությամբ կարող է արծարծված լինել նաև Իրանի շուրջ իրավիճակի հարցը, սակայն կարծում է՝ Իրանի հարցը եթե անգամ քննարկվել է, ապա միայն փակ հանդիպումների ժամանակ, և հատկապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքագետը հիշեցնում է՝ փետրվարի 10-ին Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ Վենսը հայտարարեց, որ Ալիևը, Թրամփից բացի, միակ նախագահն է, որը լավ հարաբերություններ ունի և՛ Էրդողանի, և՛ Նեթանյահուի հետ, և դա խոսում է այն մասին, որ Վենսն Ադրբեջանում քննարկել է Իրանի հարցը։

Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Ալիևը կարող է «լավ գնով ծախել» ամերիկացիներին Ադրբեջանի բարենպաստ դիրքերը, հատկապես՝ Արցախի բռնազավթված տարածքները և Շուշիի դիրքը՝ Մերձավոր Արևելքում գերիշխող դիրքեր ունենալու և Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար, ինչպես նաև՝ օգտագործել Ադրբեջանի դիրքը Ռուսաստանին թիկունքից հարվածելու համար։

Թուրքագետն ընդգծում է՝ եթե պայթեց Իրանի դեմ պատերազմը, ողբերգական հետևանքներ են լինելու ամբողջ տարածաշրջանի և հատկապես՝ Հայաստանի համար։

«Իրանի շուրջ ընդհանուր իրավիճակը դեռևս բավականին լարված է, բայց ինչպես հասկանում եմ տարատեսակ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներից՝ այն դեռևս գտնվում է բանակցությունների փուլում, և նախորդ օրը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ քանի որ սկսվել են ԱՄՆ-Իրան բանակցություններ, իրավիճակն արդեն գնում է հարաբերությունների լավացման, և հույս է տալիս, որ հարաբերությունները կգնան ոչ թե ռազմական ճանապարհով, այլ խաղաղ լուծում կստանան, և, բացի այդ, Իրանը հայտարարեց վերջերս, որ պատրաստ է անգամ պակասեցնելու ուրանի հարստացումը՝ այդ պարագայում նաև խնդրելով կամ պահանջելով Միացյալ Նահանգներից, որ նա չեղարկի որոշ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Այսպիսով, կողմերը դեռևս բանակցություների փուլում են և դեռևս չեն ուզում, հատկապես՝ Միացյալ Նահանգները չի ուզում լարել տարածաշրջանում իրավիճակը։ Քանի որ մի կարճ փորձ եղավ, կարծում եմ՝ այս բանակցություններն այդ փորձի արդյունքն են։ Թե ինչ կտան այս բանակցությունները հետագայում, կգա՞ն համաձայնության, թե՞ ոչ, առայժմ դժվար է կանխատեսել։ Իսկ եթե պայթի այդ պատերազմը, տարածաշրջանի համար շատ ողբերգական է լինելու և հատկապես՝ Հայաստանի համար»,- մեկնաբանում է Աբրահամյանը։

Հայ քաղաքագետներից և վերլուծաբաններից շատերն ասում են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Թուրքիան ամրապնդվեց Հարավային Կովկասում, այժմ Հայաստանի երկու կողմից ոչ թե Բաքուն և Անկարան են, այլ քաղաքական իմաստով՝ երկու կողմից էլ Բաքուն է, այլ խոսքերով՝ Անկարան պահանջում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից կատարել բոլոր այն պահանջները, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը, քանի որ դա Թուրքիայի միակ տարբերակն է այս տարածաշրջանում հաստատվելու, և Հարավային Կովկասն այլևս ոչ միայն և ոչ այնքան հետխորհրդային տարածք է դիտվում, այլև Մերձավոր կամ Միջին Արևելքի անբաժան մաս։ Եթե իրոք այդպես է, ապա ինչպե՞ս վարվել այս նոր իրականության հետ։

Հարցին ի պատասխան՝ թուրքագետ Մհեր Աբրահամյանը նշեց, որ իր կարծիքով՝ Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և իշխանության գան այնպիսի մարդիկ, որոնք կկարողանան գոնե կանգնեցնել այս գործընթացը և Հայաստանին բերել ավելի հավասար դիրքերի բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ ներկա իշխանության վերարտադրվելու պարագայում այդ գործընթացը շարունակվելու է, և այն բերելու է նրան, որ թուրքական ազդեցությունը բավականին մեծանալու է Հայաստանում։

«Միգուցե Հայաստանը մնա քարտեզի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետություն, բայց թուրքական ազդեցությունը բավականին մեծանալու է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Թուրքիան արդեն իսկ մեկ-երկու տարի է՝ սկսում է կիրառել իր փափուկ ուժի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, և տեղի է ունենում իր վարկանիշի բարձրացումը Հայաստանում շնորհիվ այս իշխանության»,- ահազանգում է թուրքագետը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս