Նոր զոհեր՝ Ուկրաինայում, ավերածություններ՝ Ռուսաստանում. կողմերը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց, որոնց հետևանքով Ուկրաինայում կան զոհեր, Ռուսաստանում՝ ավերածություններ։
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի Խարկովի մարզում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա։
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Երեկ (փետրվարի 10-ի) երեկոյան թշնամին կրկին հարվածային անօդաչու թռչող սարքով հարձակվել է Բոգոդուխով քաղաքում գտնվող մասնավոր հատվածի վրա։ Հարված է հասցվել բնակելի տան, որն ամբողջությամբ փլուզվել է։ Հրդեհ է բռնկվել 60 քառակուսի մետր տարածքի վրա։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել չորս զոհի՝ 34-ամյա տղամարդու և երեք երեխայի մարմիններ։ Վիրավորվել է ևս երկու մարդ, այդ թվում՝ 35-ամյա հղի կին», – հայտնել են փրկարարները։
Տեղական իշխանությունները ռուսական հրետակոծությունների պատճառով Խարկովի մարզի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակը հայտարարել են «արտակարգ»։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Դարնիցայի ՋԷԿ-ին ռուսական հարվածների հասցրած վնասի պատճառով չեն կարող ջեռուցվել Կիևի Դարնիցկիի և Դնեպրովսկի շրջանների 1100 բազմահարկ շենք։
Կլիչկոն հայտնել է, որ տարբեր շրջաններում ևս 200-ից ավելի շենք ջեռուցումից զուրկ են։Ընդհանուր առմամբ, գիշերը ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 129 անօդաչու թռչող սարք, որոնցից 100-ը խոցվել են կամ ճնշվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ փետրվարի 11-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 108 ուկրաինական անօդաչու թռչող սարք Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Բրյանսկի և այլ մարզերում, Կալմիկիայում, Թաթարստանում։
Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ ԱԹՍ-ները հետ են մղվել 12 քաղաքներում և շրջաններում։ Նահանգապետի խոսքով՝ Տարասովսկի շրջանում վնասվել է էլեկտրահաղորդման գծի հենարանը, որի հետևանքով երեք մասնավոր տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված զանգվածային հարձակման մասին։ Տեղեկությունների համաձայն՝ Վոլժսկիում վնաս է հասցվել բնակելի շենքի բնակարաններից մեկին, Յագոդկայում ԱԹՍ-ն բախվել է մանկապարտեզի շենքին, իսկ Վոլգոգրադի հարավում գտնվող գործարանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Telegram ալիքների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը, հնարավոր է, թիրախավորել են «Լուկօյլ-Վոլգոգրադնավտոպերերաբոտկա» ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանը։



