«Չգիտեմ՝ այդ մարդիկ իրենց մտքից հրաժարվե՞լ են, թե՞ ոչ. Իմ որոշման մեջ մնում եմ անդրդվելի, երբևէ չեմ վախեցել». Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Շաբաթ օրը Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ»։

Թեմում ահազանգ էր ստացվել, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել էին, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Այս ահազանգից մեկ օր անց՝ հունվարի 25-ին, Տեր Արտաշեսը նույն եկեղեցում կիրակնօրյա պատարագ մատուցեց՝ եկեղեցին լեփ-լեցուն էր մարդկանցով։

Այսօր տեր Արտաշեսից հետաքրքրվեցինք՝ իրենց, այսպես կոչված, «ժամանակ տվողներն» արդյո՞ք վերադարձել են եկեղեցի, իրավիճակն այս պահին ինչպիսի՞ն է։

Կարդացեք նաև

«Ես չգիտեմ՝ այդ մարդիկ իրենց մտքից հրաժարվե՞լ են, թե՞ ոչ։ Ամեն դեպքում դրանից հետո որևէ մեկը այստեղ չի եկել։ Թե հետո ինչ կարող է լինել՝ չեմ կարող ասել՝ կապված իրենց քայլերի հետ։

Բայց ես իմ որոշման մեջ մնում եմ անդրդվելի, ես երբևէ չեմ վախեցել, դա բոլորը գիտեն»,- 168.amի հետ զրույցում ասաց Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

Ինչ վերաբերում է երեկվա մարդաշատ պատարագին, հոգևորականը շեշտեց՝ դա իրենց սովորական կիրակիներից էր, երբ Ոսկետափի բազմաթիվ բնակիչներ մասնակցում են պատարագին։

«Այս անգամ ավելացել էին միայն ոստիկանները, թե չէ՝ ամեն կիրակի եկեղեցին լեփ-լեցուն է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ոստիկանները Ոսկետափ էին գնացել իրեն պաշտպանելո՞ւ, տեր Արտաշեսը պատասխանեց՝ նրանցից կարող եք հարցնել, այդ մասին նրանց հետ որևէ բան չի խոսել, միայն բարի ծառայություն է մաղթել։

Հիշեցնենք, որ օրերս տեր Արտաշեսը հայտարարությունն էր տարածել, որտեղ մանրամասն նշել էր, որ իր նախկինում արված հայտարարությունը, թե միանում է Նիկոլ Փաշինյանին, մոլորություն է եղել։

«Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։

Իմ ծուխի սիրելի անդամներ։

Իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին՝ պահպանելով Սուրբ Եկեղեցու կարգը, և նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ ևս շարունակելու եմ իմ սպասավորությունը։

Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը և խնդրում եմ՝ հիշել ինձ ձեր աղոթքներում։
«Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15։32)»։

 

Տեսանյութեր

Լրահոս