«Նաիրիտի» տնօրենի դեմ դատական հայց է ներկայացվել
ՀՀ քաղաքացի Գառնիկ Շիրինյանն այս տարվա ապրիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի՝ պահանջելով 200 հազ. ԱՄՆ դոլար և 249 մլն 250 հազ. ՀՀ դրամ: Թե որն է հայցադիմումի հիմքը՝ ԴատաԼեքսի կայքում նշված չէ:
Գործով դատավոր սկզբում նշանակվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, սակայն մի քանի օր անց գործը փոխանցվել է դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ պատճառաբանելով Ներսիսյանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և Վարդազարյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերի սակավությունը:
Ուշագրավ է ոչ միայն հայցապահանջի հսկայական չափը, այլև այն, որ հայցվորի միջնորդությամբ մինչ դատաքննության ավարտը Վ.Մելքոնյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: 168.am-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով՝ այս դատական գործը «պատվիրված» է հենց Վ.Մելքոնյանի կողմից: Հաշվի առնելով «Նաիրիտի» շուրջ ծավալվող իրադարձությունները, ռուսական կողմին կառավարման հանձնելու հարցը և չստացված աշխատավարձի պատճառով աշխատակիցների բողոքի ալիքը՝ Մելքոնյանն, ըստ ամենայնի, մտավախություն ունի, որ կարող է տուժել և այս կերպ փորձում է ապահովագրել իր ունեցվածքը: Եթե դատական նիստն ավարտվի հօգուտ հայցվորի, դա կապացուցի վերը նշվածը: Այլապես ինչպե՞ս կարող է ՀՀ վարչապետի հովանավորյալ անձը «պարտվել» ՀՀ արդար դատական համակարգում: