Սպառելով ադրբեջանական բենզին՝ Հայաստանի քաղաքացին նպաստում է Ադրբեջանի պետական միջոցների համալրմանը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Տնտեսագիտությու՞ն, թե՞ տնտեսաՏգիտություն» վերնագրով թելեգրամյան իր հրապարակման մեջ գրում է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում ասում է, թե շատերը ընդդիմախոսում են, որ ադրբեջանական բենզին բերելով եւ սպառելով՝ Հայաստանի հանրության հաշվին համալրվում է Ադրբեջանի բյուջեն, մինչդեռ Հայաստանի բյուջեն են համալրում՝ քանի որ հանրությանը տալիս են էժան բենզին:

Ասում է, թե ավելի քան 16 միլիարդ դրամ հանրությունը քիչ է ծախսում՝ բենզինի էժանության պատճառով, հետեւաբար «մենք համալրում ենք մեր պետության բյուջեն»:

Ներեցեք, բայց իրերի այդօրինակ շեշտադրումը ոչ մի կապ չունի տնտեսության ու տնտեսագիտության հետ եւ հաշվարկված է թերեւս տնտեսաՏգետների սպառման համար:

Իհարկե անխոս լավ է, եթե հանրությունը տեսնի գնարեի նվազում, այլ ոչ թե շարունակվող աճ: Բայց, նախ այստեղ մի կարեւոր շեշտադրում: Չէ՞ որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու նրան առաջնորդող ուժը իրենց այդ կարգավիճակում պնդում էին, թե Հայաստանում գները բարձր են, որովհետեւ չկա մրցակցություն՝ կան իշխանության հովանին վայելով մոնոպոլիաներ, իսկ իրենք գալիս են ու հաստատում մրցակցություն:

Իսկ ու՞ր է այդ մրցակցությունը, եթե գները աճում են շարունակաբար, գրեթե բոլոր ապրանքատեսակների համար: Գուցե այդ ուժի համար դա նկատելի չէ, որովհետեւ գներից ավելի արագ եւ անգամներով աճել է այդ ուժի ներկայացուցիչների անձնական եկամուտը:

Ինչ վերաբերում է բենզինին, ապա, սպառելով ադրբեջանական բենզին, Հայաստանի քաղաքացին նպաստում է Ադրբեջանի պետական միջոցների համալրմանը, որովհետեւ ադրբեջանական բենզինը պետական ընկերության արտադրանք է: Դրանից բացի, եթե Հայաստանի քաղաքացին քիչ է վճարում բենզինի համար, ապա դա ոչ միայն որեւէ կերպ չի համալրում Հայաստանի բյուջեն, այլ հակառակը՝ բյուջեի համալրման միջոց է թանկ գինը, որովհետեւ թանկ գինը նշանակում է նաեւ բարձր հարկ, շատ հարկ:

Քաղաքացին գուցե մի քիչ փող է խնայում պարզապես ընտանեկան բյուջեի համար: Բայց, այստեղ էլ մի նրբություն: Այդ խնայողության կարիքն ունեցող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը շատ վաղուց անցել է խնայողության այլ տարբերակի՝ գազի, հեղուկ կամ այսպես ասած օդ գազի տարբերակկի՝ պրոպան կամ մեթան:

Եվ երկրորդ, ադրբեջանական բենզինի ներկրման հարցում ակնհայտորեն գործ ունենք քաղաքականության, այլ ոչ թե բիզնես տրամաբանության հետ, որովհետեւ Վրաստանը տարանցիկ սակագնի հարցում այսպես ասած հարմարեցրել է իր դիրքը քաղաքականությանը: Նաեւ քաղաքականության մասին է վկայում այն, որ Ադրբեջանն ինքն է բենզին ներկրող՝ որպեսզի ապահովի իր շուկայի պահանջարկը, ինչպե՞ս կարող է բիզնես տրամաբանությամբ արտահանել իր բենզինը:

Ինչ վերաբերում է խնդրի բարոյահոգեբանական կողմին, ապա այստեղ եւս մեկ անգամ դրան անդրադառնալը մի կողմից ավելորդ է, մյուս կողմից՝ հնարավոր է եւ՝ ոչ:

Հարցն այն է, որ այո՝ ժամանակի ընթացքում, ռեգիոնալ նոր իավիճակի, զարգացման տրամաբանության համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էլ կլինի առեւտրաշրջանառություն: Բայց, հարցն այն է, որ դա բնականոն հարաբերություն կարող է դիտվել միայն, երբ լայն իմաստով փոխհարաբերությունը լինի բնականոն, այլ ոչ թե գտնվի մեկի հանդեպ մյուսի պահանջների ներկայացման ու բավարարման ռեժիմում, այն էլ ուժի կիրառման ակտիվ կամ պասիվ շանտաժի ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս