Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կենտրոնական Եվրոպայում գրանցված ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Եվս 8 մարդ համարվում է անհետ կորած:
Չեխիայում շինության փլուզման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս մեկի դիակը հայտնաբերվել է Ուպա գետում՝ Տրուտնով քաղաքից ոչ հեռու: Առնվազն ևս երեք մարդ համարվում է անհետ կորած: Չեխիայի վարչապետ Պետր Նեչասն արտակարգ դրություն է հայտարարել գրեթե բոլոր շրջաններում:
Բնական աղետի հետևանքների վերացման համար հատկացվել է 300 միլիոն չեխական կրոն (մոտ 15 միլիոն դոլար): Այդ աշխատանքներին, արդեն իսկ մասնակցող 300 զինվորից բացի, կհատկացվի ևս 2000 զինծառայող:
Միևնույն ժամանակ Ավստրիայում ջրհեղեղների ու սողանքների պատճառով զոհվել է մեկ մարդ, անհետ կորել է երկու մարդ: Մի քանի հարյուր մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Գերմանիայում երկու մարդ համարվում է անհետ կորած: Ջրհեղեղը գրանցվել է երկրի հարավային ու արևելյան հատվածներում:
Կենտրոնական Եվրոպայում առկա ջրհեղեղները պայմանավորված են վերջին մի քանի օրվա ուժեղ անձրևներով: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դրանք դեռ կշարունակվեն: