Ադրբեջանն անցել է WGS-84 համակարգով իր սահմանների քարտեզային հստակեցմանն ու Թուրքիայի աջակցությամբ սեփական քարտեզների «արտադրմանը»
Հուլիսին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել կոորդինատների նոր համակարգի կիրառման մասին, որը վերաբերում է գեոդեզիական, գրավիմետրիկ, տոպոգրաֆիկ, կադաստրային աշխատանքներին: Խոսքը WGS-84 միջազգային համակարգի մասին է՝ հիմնված UTM (քարտեզագրական պրոյեկցիա) վրա, որն էլ օգտագործվելու է բոլոր գեոդեզիական, քարտեզագրական և կադաստրային աշխատանքներում։
Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներն ավելի ուշ փակագծեր էին բացել՝ նշելով, որ Բաքվի՝ ռուսական կոորդինատների համակարգից հրաժարման և WGS-84 միջազգային համակարգի անցման որոշումը ռազմավարական նշանակություն ունի, հատկապես Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում։ Այսինքն, ըստ ադրբեջանական կողմի, նոր համակարգի կիրառումը թույլ է տալու հրաժարվել ԽՍՀՄ հին քարտեզներից և ապահովել ճշգրտություն ու GPS-ի հետ համատեղելիություն, ինչը թույլ կտա նվազեցնել վեճերը։
Արդեն երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Բաքվում կայացած թյուրքական պետությունների քարտեզագրական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպմանն Ադրբեջանի ՊՆ Օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ազեր Ալիևը հաստատել է այս տեղեկությունը՝ ասելով, որ Ադրբեջանում մշակվել է նոր տեղագրական քարտեզ՝ WGS-84 համաշխարհային գեոդեզիական համակարգի հիման վրա:
Այս համատեքստում ադրբեջանցի գեներալը հայտնել է, որ թվային մոդելների կիրառումը չի շրջանցել պաշտպանական և անվտանգության ոլորտը:
Ազեր Ալիևի խոսքով, WGS-84 գեոդեզիական համակարգի հիման վրա տեղագրական նոր քարտեզների ստեղծումը նաև «թվային բանակ» ունենալու լայն կոնցեպտի մաս է, որտեղ գեոտեղեկատվական համակարգերը դառնում են բազա և հիմք օպերացիաների պլանավորման և դաշնակիցների հետ փոխգործակցության հարցում։

Սա ենթադրում է՝ ռելիեֆի, սահմանների օրթոֆոտո և թվային քարտեզների, բազմաչափ տարածական տվյալների և այլ բաղադրիչների սահմանում:
Բացի այս, Բաքվում կայացած թյուրքական պետությունների քարտեզագրական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկման օրակարգում է եղել նաև քարտեզագրական ունիֆիկացիայի (միասնականացման) հարցը թյուրքական պետությունների կազմակերպության ներսում, ինչի արդյունքում համատեղ զորավարժությունները, օպերացիաների պլանավորումը, հետախուզական տվյալների փոխանակումը, շտաբների փոխգործակցությունը կդառնա առավել արագ, հստակ և լիովին համատեղելի:
Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովի շրջանակում անհրաժեշտ է համարվել ակտիվացնել անդամ երկրների համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտում։
Ադրբեջանի նախագահ Ալիևն առաջարկել էր 2026 թվականին անցկացնել թյուրքական պետությունների համատեղ զորավարժություններ, նպատակ կա ստեղծել թյուրքական պետությունների միասնական պաշտպանական համակարգ, և վերոնշյալ փաստերը, ըստ էության, այս գաղափարի տրամաբանության մեջ են: Ի դեպ, սա լուրջ մտահոգություն պիտի որ առաջացնի Իրանում, և ոչ միայն:
Իսկ մենք նոյեմբերի վերջին գրել ենք նաև Ադրբեջանին քարտեզագրության ոլորտում կամ «սեփական արտադրության» քարտեզներ ունենալու հարցում թուրքական աջակցության մասին:
Մասնավորապես, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից Քարտեզագրության գլխավոր վարչությունն աջակցել է Ադրբեջանին քարտեզների «արտադրության» հարցում, որ ունենան սեփական քարտեզները, ինչը ինչպես մեզ հետ հարցազրույցում նկատել է, որ «քարտեզի «վերաիմաստավորումը» կարող է օգտագործվել նաև որպես Հայաստանի վրա դիվանագիտական ճնշման կամ ապագա պահանջների հիմնավորման գործիք»:
Իսկ ինչպ՞ես է պատրաստվում Հայաստանը հակազդել այս ամենին, երբ առջևում դեռ սահմանազատման և սահմանագծման գործընթացի փուլեր կան:
Ի դեպ, մենք պարզել էինք, որ դեռ 2009 թվականից սկսվել է ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգ:
Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 16-ին ընդունված Կառավարության որոշման մեջ նշվում է.
«WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, պետական բոլոր խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար»:
Ավելին, 2010 թվականի փետրվարի Կառավարության մեկ այլ որոշմամբ հստակ սահմանվում է, որ «քարտեզագրման աշխատանքները պետք է իրականացվեն ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84)», և, որ «անհրաժեշտության դեպքում կոորդինատների վերահաշվարկ պետք է իրականացնել ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84)»:
Նշենք, որ, ըստ էության, WGS 84 համակարգի կիրառումը թույլ է տալիս կարգավորել գլոբալ խնդիրներ ռազմական կամ պաշտպանական անվտանգության բնագավառում, իսկ շեղումն այս դեպքում ընդամենը 2 սմ կարող է լինել:
