Աստվածաշնչական դեմքերից դասեր. Հովսեփ Գեղեցիկ
Հովսեփ Գեղեցիկը Հին կտակարանի Ծննդոց գրքի գլխավոր անձերից մեկն է: Աստվածաշունչը խոսում է Հովսեփի կյանքի մասին՝ նրա ծնունդի, տեսած երազների, դիմագրաված դժվարությունների և վերջում Եգիպտոսում ստացած փառքի ու պատվի մասին:
Այս հոդվածի գրության նպատակն է անդրադառնալ Հովսեփի Գեղեցիկի կյանքին, նրա խոսքերից, զգացմունքներից ու գործերից քաղել հոգեմտավոր դասեր՝ որպես խթան մեր հոգեմտավոր աճման համար:
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ՝
Հովսեփի ծնունդը հրաշք էր: Ռաքելը երկար տարիներ իր մեղքի պատճառով ամուլ մնաց Աստծո կողմից. «Հակոբը բարկացավ Ռաքելի վրա ու ասաց նրան. «Մի՞թե ես եմ Աստված, որ քեզ ամուլ դարձրեց» (Ծննդ. 30:2): Տարիներ հետո Աստված ողորմեց, հրաշք գործեց՝ բացեց Ռաքելի արգանդը․ «Աստված հիշեց Ռաքելին, լսեց նրա աղաչանքը և բացեց նրա արգանդը։ Նա հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Ռաքելն ասաց. «Աստված ինձնից վերացրեց իմ նախատինքը»։ Եվ նրա անունը դրեց Հովսեփ՝ ասելով. «Աստված թող ինձ մի որդի ևս պարգևի» (Ծննդ. 30:22–24):
Հովսեփը հովիվ էր: Կարդում ենք Ծննդ. 37:2-ի մեջ, որ Հովսեփը հովիվ էր, պատանի տարիքում իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր՝ Հակոբի կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական:
Հովսեփը երազներ տեսնող անձ էր: Գոյություն ունեն տարբեր տեսակի երազներ՝ աստվածային, սատանայական և մարդկային: Հովսեփը երկու անգամ տեսավ աստվածային երազ՝
1. Երբ իր եղբայրների խրձերը երկրպագեցին իր խրձին. «Մի օր Հովսեփը մի երազ տեսավ ու այն պատմեց իր եղբայրներին, և նրան առավել ևս ատեցին։ Նրանց ասաց. «Լսե՛ք իմ տեսած երազը։ Տեսա, իբր դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը հանկարծակի բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը թեքվեցին ու երկրպագեցին իմ խրձին» (Ծննդ. 37:5–7).
2. Երբ արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագեցին իրեն. «Նա այլ երազ ևս տեսավ և այն պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Նա ասաց. «Ահա այլ երազ ևս տեսա. իբր արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագում էին ինձ» (Ծննդ. 37:9):
Հովսեփի երազները իրականացան, երբ առաջին հանդիպման ժամանակ իր տասը եղբայրները, բացի Բենիամինից իրեն երկրպագեցին. «Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու … Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ (Հովսեփին) խոնարհվելով մինչև գետին» (Ծննդ. 42:3–6): Երկրորդ հանդիպման ժամանակ նրա 11 եղբայրները երկրպագեցին իրեն. «Երբ Հովսեփը մտավ տուն, նրանք իրենց ձեռքերում բռնած ընծաները մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան» (Ծննդ. 43:26):
Հովսեփը հանդուրժող անձ էր: Հովսեփը մեծ սիրով ու խոնարհությամբ հանդուրժեց՝
1. Մերկությունը: Երբ իր եղբայրները բռնի իր վրայից հանեցին ծաղկյա պատմուճանը. «Երբ Հովսեփը հասավ իր եղբայրների մոտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկյա պատմուճանը» (Ծննդ. 37:23), որ նվեր էր ստացել իր հորից՝ Հակոբից. «Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց» (Ծննդ. 37:3).
2. Բանտարկությունը: Հովսեփը հանդուրժեց անարդար բանտարկությունը՝
1. երբ իր եղբայրները իրեն նետեցին ցամաքած գուբի մեջ. «Նրան՝ Հոսվեփին նետեցին մի գուբի մեջ։ Այն դատարկ էր, մեջը ջուր չկար» (Ծննդ. 37:24),
2. երբ Պետափրեսը, հավատալով իր կնոջ խոսքերին, բանտարկեց իրեն (Ծննդ. 39:20).
3. Վաճառքը: Երբ իր եղբայրները իրեն քսան արծաթով ծախեցին Գաղաադից դուրս եկող և դեպի Եգիպտոս գնացող իսմայելացի ճանապարհորդներին. (Ծննդ. 37:25–28).
4. Զրպարտությունը: Պետափրեսի կինը, մղված իր կրքերից, ցանկացավ սեռական հարաբերություն ունենալ Հովսեփ Գեղեցիկի հետ: Այդ բացասական առաջարկը բազմիցս մերժվեց Հովսեփի կողմից. «Ինչպե՞ս գործեմ այդ չար արարքը և մեղանչեմ Աստծու առաջ» (Ծննդ. 39:9), մինչև իսկ Հովսեփը մի օր իր շորերը թողեց կնոջ ձեռքերում, երբ վերջինս բռնեց Հովսեփի հագուստը և ցանկացավ ամեն գնով հետը կենակցել: Հովսեփի մնայուն մերժումը պոռնկության մեղքի պատճառ հանդիսացավ, որ կինը զրպարտի Հովսեփին, իբրև նա է, որ ուզել է իր հետ կենակցել, նա է, որ փախավ դուրս, լսելով իր բարձրաձայն օգնության աղաղակը (Ծննդ. 39:7–18): Աստվածավախ Հովսեփը հանդուրժեց պոռնկության զրպարտությունը:
Հովսեփը հաջողակ անձ էր: Հովսեփի կրած դժվարություններն ու նեղությունները չկարողացան ազդել իր և Աստծո միջև հոգևոր հարաբերության վրա: Աստված գործեց Հովսեփի կյանքում՝ նրա կատարած գործերը հաջողությամբ էին պսակվում. «Տերը Հովսեփի հետ էր. նրա գործերը բարեհաջող էին» (Ծննդ. 39:2)։
Հովսեփը շնորհալի և պատասխանատու անձ էր: Հովսեփը շնորհ գտավ թե՛ փարավոնի դահճապետ Պետափրեսի մոտ. «Հովսեփը շնորհ գտավ իր տիրոջ առաջ, եղավ նրա սիրելին։ Այդ պատճառով էլ նա վերակացու կարգեց նրան իր տան վրա և իր ողջ ունեցվածքը վստահեց Հովսեփին» (Ծննդ. 39:4), և թե՛ բանտապետի մոտ (Ծննդ. 39:21)։
Հովսեփն օրհնյալ անձ էր: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Ամենաօրհնյալը մի օրհնյալ անձի պատճառով օրհնում է նրա ամբողջ տունը: Աստված Հովսեփի պատճառով օրհնեց հեթանոս Պետափրեսի տունն ու դաշտերը. «Աստված օրհնեց եգիպտացու տունը հանուն Հովսեփի, և այդ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա» (Ծննդ. 39:5)։
Հովսեփը գեղեցիկ անձ էր: Հովսեփը ոչ միայն ներքնապես գեղեցիկ էր՝ ուներ առաքինություններ, այլ նաև արտաքնապես էր գեղեցիկ. «Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՝ տեսքով» (Ծննդ. 39:6 – Նոր Արարատ թարգմանություն):
Հովսեփը ծառայասեր անձ էր: Հովսեփի անարդար բանտարկությունը չկարողացավ իր մեջ մարել ծառայության ոգին: Բանտում Հովսեփը հոգ էր տանում բանտարկված տակառապետին ու մատակարարին (Ծննդ. 40:1-4):
Հովսեփը երազ մեկնաբանող անձ էր: Բանտում տակառապետը տեսավ երազ, ինչպես նաև մատակարարը: Իրենց տեսած երազները ազդում էին իրենց ներքին աշխարհի վրա, մինչև իսկ նրանց դեմքերը մռայլ էին: Հովսեփն Աստծո օրհնությամբ մեկնաբանեց նրանց տեսած երազները (Ծննդ. 40:8–19):
Հովսեփն Աստծուն վկայող անձ էր: Հովսեփը չէր ամաչում վկայել Աստծո իմաստության և նախախնամության մասին, օրինակ՝ Հովսեփն ասաց փարավոնին, որ Բարձյալը ինքն է, որ կարող է մեկնել երազները.
«Ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին» (Ծննդ. 41:16 – Նոր Արարատ թարգմանություն), Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել» (Ծննդ. 50:20):
Հովսեփը Եգիպտոսի կառավարիչն էր: Հովսեփի բանտարկությունը տասնյակ տարիներ չտևեց: Նա որոշ ժամանակ անց բանտից դուրս եկավ, Աստծո օգնությամբ մեկնեց փարավոնի երկու երազները, և վերջինիս կողմից՝
1. ամբողջ Եգիպտոսի վրա կառավարիչ նշանակվեց. «Եվ փարավոնը Հովսեփին ասաց. «Ահա այսօր քեզ կառավարիչ եմ կարգում եգիպտացիների երկրի վրա»,
2. ստացավ փարավոնի մատանին,
3. հագավ բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ իր պարանոցին (Ծննդ. 41:41–43)։
Հովսեփն աշխատասեր անձ էր: Աստվածաշունչը խոսում է Հովսեփի աշխատասիրության մասին: Նա՝ 1. ծովի ավազի չափ շատ ցորեն ամբարեց, այնքան շատ, որ հնարավոր չէր հաշվել (Ծննդ. 41:49), 2. վաճառեց ամբարած ցորենից եգիպտացիներին սովի տարիների ժամանակ (Ծննդ. 41:56):
Հովսեփը զգայուն անձ էր: Հովսեփը շատ լաց եղավ, օրինակ՝ 1. երբ լսեց իր եղբայրների մեղքի խոստովանությունը. «Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. մեղք մի՛ գործեք պատանու՝ (Հովսեփի) դեմ» սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում … առանձնանալով՝ Հովսեփը լաց եղավ … » (Ծննդ. 42:22-24),
2. երբ տեսավ իր կրտսեր եղբորը՝ Բենիամինին (Ծննդ. 43:29–30),
3. երբ լսեց Հուդայից, թե ինչպես իր բացակայությունը խոր ազդեցություն ունեցավ հոր՝ Հակոբի վրա (Ծննդ. 44:20–34),
4. երբ տեսավ իր հորը՝ Հակոբին Եգիպտոսում. «Հովսեփը լծեց իր կառքը և Քաջաց քաղաքի մոտ ընդառաջ գնաց իր հորը՝ Իսրայելին։ Եվ երբ նրան տեսավ, ընկավ նրա պարանոցին և հեկեկալով լաց եղա» (Ծննդ. 46:29),
5. երբ մեռավ իր հայրը. «Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին: Հովսեփը, ընկնելով իր հոր դեմքին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան» (Ծննդ. 49:33–50:1),
6. երբ լսեց իր եղբայրներից հետևյալ խոսքը. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդվեցրեց՝ ասելով. «Այսպե՛ս կասեք Հովսեփին. նրանք չարիք գործեցին քո դեմ, բայց դու ների՛ր նրանց հանցանքներն ու մեղքերը»։ Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքները» (Ծննդ. 50:16–17):
Հովսեփի կյանքից քաղված հոգեմտավոր դասեր․
1. Լինել ամուլ՝ չի նշանակում, թե Աստված չի կարող գործել,
2. Կան երազներ, որոնք աստվածային բնույթ ունեն,
3. Աստվածավախ անձը հանդուրժող անձ է,
4. Աշխատենք, որ շնորհ գտնենք մեր պատասխանատուների առջև,
5. Աստված մի օրհնյալ անձի պատճառով կարող է օրհնել մի ամբողջ տուն,
6. Ծառայել մարդկանց նույնիսկ մեր ամենադժվար պահերին,
7. Վկայել Աստծուն մեր կյանքի բոլոր օրերում,
8. Կառավարիչը պետք է լինի աշխատասեր և ոչ աթոռասեր,
9. Զգայունությունը ցույց չի տալիս տկարություն, այլ սեր,
10. Աստված փառավորվեց Հովսեփի կյանքում:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր

