ՔԿ-ն՝ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասին
Քննչական կոմիտեն 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ անդրադարձել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրայնին վերագրվող տեսագրության իսկության հարցին:
«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ի հարցման՝ հայտնում ենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի
2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին և նրա փաստաբանին ուղարկվել է ծանուցում՝ փորձագետի եզրակացությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից ստանալու և իրենց իրավունքներն իրացնելու վերաբերյալ»,- նշել են կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը:
Ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն էր գրառմամբ տեղեկացրել, որ ՀՀ քննչական կոմիտեից էլեկտրոնային փոստի միջոցով այսօր ստացել է ծանուցում այն մասին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է։
«Քննչական կոմիտեն, հաշվի առնելով, որ այդ որոշումն ու եզրակացությունն իրավաչափորեն առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (իրենք են ուղիղ նշել), առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե։
Այս առնչությամբ հայտարարում ենք՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝
1) քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, քանի որ նրա շահերին դա իրավաչափորեն առնչվում է, ինչը չի կատարվել։
2) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա փաստաբանը որոշմանը ծանոթացնելուց հետո իրավունք ուներ միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
3) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և/կամ նրա փաստաբանն իրավունք ունեին ներկա լինելու փորձաքննության կատարմանը, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
4) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իրավունք ուներ պարզաբանումներ տալու փորձագետին, որի հնարավորությունից քննիչը զրկել է,
և մի շարք այլ իրավունքներ, որոնցից քննիչը ապօրինաբար զրկել է։
Միաժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն նրանք փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին, այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն։
Նկատի ունենալով նաև, որ քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»:

