Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի տեմպի թուլացում
Համաշխարհային բանկը «Հայաստանի տնտեսական զարկերակը. ավելի արդար շուկաներ հանուն ներառական աճի» զեկույցով կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի տեմպի թուլացում՝ 2025-ի համար կանխատեսելով 5.2, իսկ 2026-ի՝ համր՝ 4.9 տոկոս տնտեսական աճ: Զեկույցի շնորհանդեսը կայացավ նոյեմբերի 21-ին Երևանում:
«Զեկույցում մենք նկատում ենք, որ Հայաստանում աճի տեմպը սկսել է դանդաղել, չափավորվել, որը պայմանավորված է նախկինում նկատված ժամանակավոր գործոնների թուլացմամբ: Եթե դեռ 2022թ գրանցվում էր 12.6 տոկոս աճ, ապա 2023-ին այն իջավ՝ դառնալով 8.3 տոկոս, 2024-ին՝5.9 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 5.6 տոկոս»,-լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայը:
Ինչ վերաբերում է այս տարվա կանխատեսումներին՝ տնտեսագետն ասաց, որ հետազոտությունների համար օգտագործել են մինչև 2025թ օգոստոս առկա տվյալները:
«Կանխատեսում ենք, որ 2025 թվականին աճը հնարավոր է կազմի 5.2 տոկոս, 2026-ին, հնարավոր է, ավելի իջնի՝ կազմելով 4.9 տոկոս, իսկ 2027-ին՝ 4.7 տոկոս»,-նշեց Համաշխարհային բանկի տնտեսագետը:
2025-ի համար Հայաստանի կառավարության տնտեսական աճի կանխատեսումը 5.2 տոկոս է, իսկ 2026-ի համար՝ 5.4 տոկոս: Նրա խոսքով՝ նախորդ տարիներին աճը հիմնականում ապահովվել է մասնավոր սպառման աճի հաշվին: Այս տարվա առաջին կիսամյակում ևս մասնավոր սպառումը զգալի նպաստում է ունեցել: Մեծ նպաստում են ունեցել նաև ներդրումները: Թե ինչի պատճառով է աճն ավելի ցածր այժմ՝ Համաշխարհային բանկը պայմանավորում է արտահանման զգալի անկմամբ:
«Տարվա առաջին կիսամյակում զուտ արտահանումը բացասական նպաստում է ունեցել 7.1 տոկոսային կետով: Այդ ժամանակահատվածում նկատվել է արտահանման 50 տոկոս և ներմուծման 30 տոկոս նվազում»,-ասաց Չեմութայը:
Համաշխարհային բանկում նկատել են՝ տնտեսական աճին մեծ նպաստում են ունեցել ծառայությունների ոլորտը, շինարարության ոլորտը, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները: Կարծում են, որ այդպես էլ կշարունակվի հետո:
«Հայաստանն ավելի շատ ծառայությունների վրա հիմնված տնտեսություն է»,-ասաց Համաշխարհային բանկի տնտեսագետը: Ինչ վերաբերում է Հայաստանում իրականացված ներդրումների աշխարհագրությանը՝ նա ասաց, որ հիմնականում նպաստում են ունեցել տարածաշրջանի երկրները, ԵՄ-ն, ասիական հատվածը: Իսկ ներդրումների տեմպի նվազումը տնտեսագետը կապեց տարածաշրջանում առկա անվտանգային ռիսկերի հետ:
Հայաստանում վերջին տարիներին նվազումը պայմանավորված է եղել 2022-ի զարգացումներով: Դա պայմանավորված էր ռուս-ուկրաինական իրավիճակով, երբ Հայաստան ավելի մեծ ներհոսքեր եղան՝ թե միգրանտների, թե՛ կապիտալի, թե՛ դրամական փոխանցումների»,-նշեց նա:
Ըստ զեկույցի՝ ակնկալվում է, որ գնաճը կդանդաղի՝ 2025թ կազմելով 3 տոկոս և միջնաժամկետ հեռանկարում կկայունանա: Կանխատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կմեծանա՝ 2025թ կազմելով ՀՆԱ-ի 5 տոկոսը՝ պայմանավորված սոցիալական, ենթակառուցվածքի և պաշտպանական ծախսերով:
Կանխատեսվում է, որ պետական պարտքը մինչև 2027թ կաճի մինչև ՀՆԱ-ի 55.4 տոկոս և միջնաժամկետ հեռանկարում կնվազի:
Նախանշված մակրոտնտեսական ցուցանիշներին հասնելու համար Համաշխարհային բանկի տնտեսագետների խորհուրդներն են՝ մրցակցության հետ կապված սահմանափակումների կարգավորում, գյուղատնտեսական ապրանքների արտադրողականության բարձրացում և արտահանման դիվերսիֆիկացիա:

