Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում է․ վրացի վերլուծաբան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կատարեց Վրաստան: Սա Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո նրա նման ձևաչափով առաջին այցն էր Վրաստան, որի ընթացքում նրա շեշտադրումները վերաբերում էին «հաստատված խաղաղությանը»։

Թբիլիսիում Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։ Վրաստանի նախագահ Կվելաշվիլիի հետ հանդիպմանը Միրզոյանը նշել է, որ հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն ու ընդհանուր տարածաշրջանը: «Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»,- ասել է նա:

Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով, որին Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել։

Մակա Բոչորիշվիլիի հետ զրույցում ևս Միրզոյանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հարավկովկասյան տարածաշրջանն իսկապես կարող է խաչմերուկ դառնալ։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Թրամփի երթուղին» մեզ առաջընթացի շատ հնարավորություններ են տալիս»,- վրաց գործընկերոջ հետ զրույցում ասել է Միրզոյանը: Նրա խոսքով՝ Եվրոպան և Կենտրոնական Ասիան միմյանց կմիավորվեն վրացական երկաթուղու միջոցով:

Կարդացեք նաև

Բոչորիշվիլին իր հերթին ասել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը պատմական նշանակություն ունի։ «Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը։ Այն կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նշել է Բոչորիշվիլին։

Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունները շարունակում  են հայտարարել հաստատված խաղաղության մասին այն դեպքում, երբ չկա ստորագրված Խաղաղության համաձայնագիր և, երբ մի շարք էական արտաքին քաղաքական խաղացողներ խոսում են դեռևս կարգավորման մասին։

168am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին կարևորեց հայ-վրացական բազմամակարդակ երկկողմ այցերը, հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ջանքերը։

Նրա կարծիքով, այս հարաբերությունները հատկապես աշխարհաքաղաքական ներկայիս փուլում կենսական նշանակություն ունեն երկու երկրների համար։

Ըստ նրա, աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն անսպասելի զարգացումներն են, ինչպիսին վերջին շրջանում Վրաստանի հեռացումն է ԵՄ ինտեգրացիայի ճանապարհից, իսկ Հայաստանը՝ մոտեցավ, ԱՄՆ ղեկավարն անձամբ սկսեց նախաձեռնել խաղաղության գործընթաց Երևանի ու Բաքվի միջև, իսկ Թբիլիսիի հետ դեռ բարձրաստիճան երկխոսություն չկա։

«Սրանք, իհարկե, մեծ պատկերի փոքր դետալներ են, իսկ գլոբալ զարգացումները՝ պատերազմ, բանակցություններ, պատժամիջոցներ, նոր պայմանավորվածություններ, վերադիրքավորումներ, տեղի են ունենում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպական երկրների միջև։ Հարավային Կովկասում ևս ակտիվ փոփոխություններ են տեղի ունենում, Վրաստանն այս փուլում մի փոքր կտրված է արևմտյան նախաձեռնություններից՝ ներքին զարգացումների, Վրաստան-Արևմուտք հարաբերություններում առաջացած խնդիրների պատճառով, ուստի ռեգիոնալ օրակարգը, հայ-վրացական հարաբերությունների զարգացումը, ռեգիոնում խաղաղության հաստատումը հետաքրքրում են Վրաստանին»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Ըստ նրա՝ Վրաստանը հետաքրքրված է Երևան-Բաքու խաղաղության հեռանկարով, քանի որ այն թույլ կտա զարգացնել ռեգիոնը, բազմաթիվ համատեղ պրոյեկտներ իրականացնել։

Նրա խոսքով, բոլորը հասկանում են, որ տևական ու կայուն խաղաղության համար ավելի տևական ջանքեր են հարկավոր, պետք է ամրագրել բոլոր պայմանավորվածությունները։ «Սակայն նաև բնական է, որ ասվում է, թե խաղաղություն է հաստատվել, որն իր հերթին՝ ռեգիոնում համերաշխ հռետորաբանության հաստատմանն է ուղղված։ Շատ երկար ժամանակ եղել է ռազմատենչ հռետորաբանություն, ուստի պետք է յուրաքանչյուր տեղաշարժ արձանագրել, բայցև չպետք է անտեսել, որ գործընթացները դեռ փխրուն են, ռիսկերը շատ են և արտաքին դերակատարների հետ իսկապես կայունություն հաստատելու համար հարկավոր է աշխատանք թե ռեգիոնում, թե դրանից դուրս։

Արտաքին դերակատարների հետ աշխատանքն ընդգծում եմ, քանի որ այս փուլում շատերին է հետաքրքիր ռեգիոնում ձևավորվելիք նոր իրավիճակը, շատ կենտրոններ են ցանկանում հաստատվել, Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում է։ Տարածաշրջանով հետաքրքրված են Չինաստանը,ԱՄՆ-ը, ԵՄ-ն, եվրոպական առանձին երկրներ, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան․․․ գլոբալ ճանապարհների անցման կետում է ռեգիոնը, ուստի կարևոր է, որպեսզի իսկապես խաղաղություն հաստատվի, այն լինի կայուն և հարմար բոլորին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս