Թրամփը փորձելու է օգտագործել Իրանի դեմ բոլոր հնարավորությունները, վտանգներ կան նաև Հարավային Կովկասի համար․ փորձագետ

«Պատերազմն Իրանի դեմ դեռ կշարունակվի մի քանի շաբաթ, ԱՄՆ-ը կփորձի ելքեր գտնել պատերազմի ընթացքն ի օգուտ ԱՄՆ-ի ու Իսրայելի շրջելու համար, որի համար պետք է ջանան ցամաքային գործողության համար հնարավորություն գտնել ռեգիոնում»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով Հայաստանի անմիջական հարևանությամբ ծավալվող գլոբալ պատերազմին Իրանի դեմ։

Նա գտնում է, որ այս պահին Միացյալ Նահանգների համար ոչ պարզ իրավիճակ է ստեղծվել, քանի որ միայն օդուժով չհաջողվեց ոչ կարճաժամկետ օպերացիա իրականացնել և հասնել ԱՄՆ-ի առջև դրված նպատակներին, ոչ էլ իրավիճակի երկարաձգումն է լուծում ԱՄՆ-ի խնդիրը՝ Իրանին պարտադրելով ԱՄՆ պայմանները։

Նրա խոսքով, տեղի է ունենում հակառակը, երբ Իրանը սկսում է կետային հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին Իսրայելում, Քաթարում, ԱՄԷ-ում, փակում է Հորմուզի նեղուցը՝ Թրամփի ադմինիստրացիայի համար ստեղծելով տնտեսական լուրջ խնդիրներ, ինչպես նաև կուտակելով թե ներքին քաղաքական դժգոհություն, թե արտաքին հակասություններ, մասնավորապես՝ Եվրոպայից, որոնք առաջինն են կրում այս պատերազմի ու թանկ էներգակիրների հետևանքները։

Վերլուծաբանի համոզմամբ, գուցե ԱՄՆ-ում մտորեն Իրանի ուղղությամբ ցամաքային ուժեր կենտրոնացնելու մասին, սակայն դա կապված է չափազանց մեծ ռեսուրսի հետ՝ պայմանավորված ռեգիոնի հեռավորությամբ։

Կարդացեք նաև

«Առանց այն էլ, ըստ որոշ տվյալների, այս պատերազմը շատ ծախսատար է ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ նախագահի թիմի նախընտրական արշավին ընդառաջ՝ պատերազմի նման ընթացքը շատ վտանգավոր է, քանի որ անհաջողություններն ու սխալ հաշվարկները, ծախսվող միլիոնավոր դոլարները միայն դժգոհություն են կուտակում երկրի ներսում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, չեմ տեսնում հնարավորություն, որ Թրամփը ետ կանգնի, թեև հայտարարությունները երբեմն նման տպավորություն են թողնում։

Ավելի հակված եմ կարծել, որ նա կփորձի օգտագործել Իրանի դեմ պատերազմելու ցամաքային հնարավորությունները, խոսքը քրդերի և Իրանի ադրբեջանցիների մասին է։ Սակայն այստեղ էլ, ըստ իս, հաջողության չի հասնի, քանի որ շիա հավատն այլ համակարգ ունի, ներկայիս իրավիճակում նրանք այլ կերպ են մոբիլիզանում, ուստի  ԱՄՆ նման հույսերը ևս չեն արդարանալու։ Բայց միանշանակ է, որ Իրանի հակառակորդները փորձելու են հնարավորինս շատ երկրներ ներքաշել այս ամենի մեջ, այդ թվում՝ Ադրբեջանին։ Նախիջևանի միջադեպով նման փորձ արդեն տեսել ենք։ Այսինքն՝ օգտագործելու են հնարավոր բոլոր եղանակները։

Այս ամենին հավելյալ լարվածություն է հաղորդում այն, որ Իսրայելը հակված չէ, որ Իրանի հետ բանակցեն, և ԱՄՆ-ին մղում է երկար պատերազմելու սցենարին, քանի որ միայնակ չի կարող տևական դիմակայել Իրանին»,- ասաց նա։

Փորձագետն ուշադրություն  հրավիրեց ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթի հրաժարականին ու հայտարարություններին։

Նադեին-Ռաևսկին գտնում է, որ ԱՄՆ-ում շատերն են հասկանում, որ սա ԱՄՆ-ի պատերազմը չէ ու սա պետք է միմիայն Իսրայելիին։

«Ուստի ԱՄՆ-ը կարծես հայտնվել է թակարդում, բավականին բարդ խճանկար է ԱՄՆ-ի համար»,- ասաց նա։

Նա իր զարմանքն է հայտնում ԱՄՆ նախագահ Թրամփի այն հայտարարությունների առնչությամբ, որ Իրանի ժողովուրդը պետք է ընտրի ղեկավար, որը կունենա ԱՄՆ հավանությունը։ «ԱՄՆ-ում իսկապես կարծում են, որ Իրանը Վենեսուելան է։ ԱՄՆ-ում չգիտեն, թե ինչ է շիա իսլամը, ինչ համակարգում է ապրում Իրանի Իսլամական Հանրապետությունը, և ինչպես են ընտրվում ղեկավարները, այս դեպքում՝ գերագույն հոգևոր առաջնորդը։ Այսկերպ կարելի է ամեն ինչ էլ հայտարարել, սակայն դրանք երբեք իրականություն չեն դառնա», -ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Խոսելով Հարավային Կովկասի մասին՝ նա ասաց, որ հարավկովկասյան գլխավոր վտանգն այն  է, որ ԱՄՆ-ը ու Իսրայելը փորձելու են կամ փորձում են հարևանությունը, մասնավորապես՝ Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ պատերազմում։

Ըստ նրա, եթե նման բան տեղի ունենա, ապա դա դրամատիկ իրադարձություն կլինի ռեգիոնի համար։

«Ինչո՞ւ դրամատիկ, քանի որ Իրանն Ադրբեջանին պարբերաբար զգուշացնում է։ Իսկ այս պատերազմի սկզբից հարվածները Պարսից ծոցի ամերիկյան բազաներին ու ոչ միայն բազաներին, մտահոգիչ են ոչ միայն ռեգիոնի, այլև ողջ աշխարհի համար։ Ուստի Հարավային Կովկասի ներքաշումը որևէ եղանակով, կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը, քանի որ Իրանը վճռական է տրամադրված և այս պատերազմը վարում է՝ որպես վերջին պատերազմ։ Հայաստանն իր հերթին՝ փորձում է պահպանել մեծ չեզոքություն, թեև, կարծում եմ, Իրանից ակնկալում են աջակցություն գործընկեր երկրներից, սակայն հաշվի առնելով ՀՀ-ԱՄՆ վերջին շփումները, կարծում եմ՝ նման բան ակնկալելը միամտություն  է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս