ԹՈՒՐՔԻԱՆ 2021-ԻՆ ԷԼ ՄԻՋԱՄՏԵՑ՝ ՀԱՍԿԱՑՆԵԼՈՎ, ՈՐ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՆԻ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ. ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը պատերազմի մասին իր հայտարարություններով սպառնում ու շանտաժի է ենթարկում ընտրողներին։ Դա սպառնալիք է, շանտաժ, եթե կուզեք՝ բռնություն ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ։ Այսպես մեկնաբանեց 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի հայտարարությունը «սեպտեմբերյան պատերազմի» մասին։

Քաղաքագետն ընդգծում է՝ ամեն իշխանության պարտականությունն է՝ առաջին հերթին ապահովել դեմոկրատական, ազատ ու արդար ընտրություններ, այլ ոչ թե փորձել ամեն գնով վերընտրվել։ Շարունակելով իր միտքը՝ Էդգար Էլբակյանը նաև շեշտում է՝ կառավարության ու իշխանության մարմինների պարտականությունն արտաքին սպառնալիքներին դիմագրավելն ու դրանք չեզոքացնելն է, այլ ոչ թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը։

Այս պայմաններում, առավել ևս՝ Հայաստանում, եվրոպական «հիբրիդնոց» ստեղծելու հեռանկարը հաշվի առնելով՝ քաղաքագետն առաջարկում է այս պահից էլ ֆիքսել, որ ընտրություններն արդեն կեղծված են։ Բայց նաև հավելում է՝ եթե ընտրություններն իրապես արդար անցնեն, այս իշխանությունները չեն վերընտրվի։

Կարդացեք նաև

«Դա տեղեկություն չէ, դա սպառնալիք է, շանտաժ, եթե կուզեք՝ բռնություն ընտրողների կամքի նկատմամբ։ Ընդհանրապես, որևէ մի իշխանության պարտականությունն է, եթե դեմոկրատական երկիր է, և իշխանությունն այդ երկրում ձևավորվում է ընտրությունների միջոցով, ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց կամքն ազատ արտահայտեն։ Եթե, ընդհակառակը, իշխանության լինելով՝ շահագրգռված ես, որ մարդիկ այնպիսի իրավիճակում հայտնվեն, իսկ այդպիսի իրավիճակ է ուժի սպառնալիքն Ադրբեջանի կողմից, և այդ պայմաններում կատարեն ընտրություն, ապա հիմիկվանից եկեք արձանագրենք, որ ընտրություններն արդեն իսկ կեղծված են՝ ինչպես 2021-ի ընտրությունները։

Ես հիմա հանդես եմ գալիս իմ անունից՝ որպես քաղաքագետ, և շեշտում եմ սա, որովհետև 2021-ի ընտրությունների արդյունքները մեծ իմաստով, քաղաքական իմաստով, ի վերջո, ընդունվեցին»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Էդգար Էլբակյանը հիշեցնում է 2021-ի փետրվարյան հայտնի իրադարձությունները Հայաստանում և մասնավորապես՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականի պահանջով.

«Այո՛, ընդդիմությունը որոշ գանգատարկումներ ներկայացրել է դատական ատյաններ, և այլն, բայց քաղաքական իմաստով այդ արդյունքներն ընդունվեցին։ Խնդիր չկա, միգուցե այդպես էր ճիշտ, բայց ես չեմ ընդունում, որովհետև այդ ընտրություններից մի քանի ամիս առաջ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որ այս իշխանություններն ի վիճակի չեն ապահովել երկրի անվտանգությունը, և Թուրքիան միջամտեց այդտեղ մեր ներքին գործերին՝ հասկացնելով, որ «փիս-փիս բաներ կանեմ, եթե իշխանափոխություն լինի»։ Դրա համար 2021-ի ընտրություններն էլ իրականում արդար չէին, և սրանք էլ արդար չեն, եթե այս տեմպերով է գնալու, իսկ կյանքը ցույց է տալիս, որ այս տեմպերով է գնալու՝ մարդկանց պիտի սպառնան։ Հիմիկվանից ֆիքսենք, որ ի սկզբանե անարդար մրցակցային պայմաններ են»։

Քաղաքագետի խոսքով՝ բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմը հնարավոր է ցանկացած պահի, բայց ներկա կառավարիչների իշխանության օրոք հավանականությունը շատ ավելի բարձր է։

«Ինքը նախադեպերը ստեղծել է, Հայաստանի հետ վարվում է՝ ինչպես թշնամական երկրի հետ կվարվեր, գործադրում է, այսպես ասած, «այրված հողի» մարտավարություն, երբ դու  նահանջում ես ինչ-որ հողերից, դա քո թիկունքում է մնում, բայց դու այրում ես ամբողջությամբ, ջրհորները թունավորում ես, արտերը այրում ես, պտղատու ծառերը կտրում ես, որ ով էլ քեզնից հետո գա՝ լինի «պյուռոսյան հաղթանակ»։

Ինքը դնում է այդ բոլոր «ականները» Հայաստանի տակ, որ անգամ եթե ինչ-որ մեկը գա իրենից հետո կամ հավակնություններ ունենան իրենից հետո գալու, մի քիչ երկար մտածեն, որ էս մարդը պարտավորվել է, օրինակ՝ 300 000 թուրքերի՝ ռամիլսաֆարովների հաստատում Հայաստանում։ Գրեթե կասկած չունեմ, որ այդ թեմայով նաև նախաբանակցություններ են եղել, բայց պայմանավորվել են ընտրություններից հետո դրանով զբաղվել։ Հիմա ինչ-որ մի ընդդիմադիր մտածելու է. «Լավ, ես գամ, ասեմ՝ չեմ անում դրանք, դե պիտի ասեմ, քանի որ դա անելն ինքնասպանություն է, թուրքերն ասեն՝ դրա համար հարձակվում ենք։ Դե լավ, հարձակվում են՝ գոնե կպաշտպանվենք, բայց ինչո՞վ պաշտպանվենք, եթե բանակն էլ են քանդել»։

Այսինքն՝ ինքը գիտակցված է «այրում» իրենից հետո մնացող հայկական հողը, «այրված հողի» մարտավարություն գործադրում, որ հետո կարողանա կանգնել-ասել՝ «ես եմ ձեր խաղաղությունը»»,- այսպես է քաղաքագետը բացատրում Փաշինյանի քաղաքականությունը։

Էդգար Էլբակյանի խոսքով՝ «2020 թվականից սկսած՝ մենք ամենօրյա ընտրություն ենք կատարում», և հունիսի 7-ին գործ ունենք ոչ թե հերթական ընտրության և ներքաղաքական պայքարի, այլ ազգային-ազատագրական պայքարի և Հայաստանի լինել-չլինելու երկընտրանքի հետ։ Իր մեկնաբանությամբ՝ եթե իրադարձությունները վատատեսական սցենարով ընթանան, և Փաշինյանը խախտումներով վերընտրվի, ապա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ազգային, հասարակական, քաղաքական, հոգևոր բոլոր տեսակի սուբյեկտներն ինչ արագությամբ, ինչ որակով ուժ կգտնեն իրենց մեջ շարունակելու պայքարը՝ հասկանալով, որ այն երկարատև է։ Այս իմաստով Էլբակյանն առանցքային է համարում ազգային ուժերի միասնականությունը և սխալներ թույլ չտալը։

«Մանդատ ունեցող կառույց է այդ «արագ արձագանքման» «հիբրիդնոցը», Հայաստանի ղեկավարությունն է իրենց հրավիրել։ Կհավաքեն ինչ-որ դեպքերի փաթեթ, կհայտարարեն, թե «Ֆեյսբուքում ֆեյք էջ ենք տեսել, ասում էր՝ քվեարկեք էսինչի օգտին, ֆեյք էջ է, Ֆեյսբուքի կարգավորումներն էլ ցույց են տալիս, որ Ռուսաստանից են գործում», էսպիսի մի քանի անեկդոտային դեպքեր կհավաքեն, մի երկու հատն էլ՝ սկանդալային, «մասկի-շոուներով» ուղեկցվող, ասենք՝ մարդուն օդանավակայանում կբռնեն-կասեն՝ «դու գործակալ ես, էկել ես ընտրության»։ Չհասկացանք, էն մարդը Հայաստանի քաղաքացի՞ չի։ Տենց սաղիս զրկեք քաղաքացիությունից՝ ոնց որ արցախցիներին, բերեք, երկիրը թուրքերով լցրեք՝ պրծնենք։ Եվ սրա հիման վրա կասեն, որ «տեղի է ունեցել օտարերկրյա միջամտություն», և արդեն գործողության ազատություն կստանան ցանկացած մի ապօրինություն անելու՝ կամայականորեն երկրորդ փուլ նշանակելու կամ արդյունքներն անվավեր նշանակելու։ Ռիսկերը շատ լուրջ են, և եթե ազգային ուժերը, ընդդիմադիր ուժերը պիտի էսպես տրոհված, ֆրագմենտացած, ներքնապես թշնամացած գնան այս զարգացումներին, կարող են նաև չգնալ, որովհետև այդ ռեպրեսիվ մեքենայի դեմ կա բնավ ոչ սպառիչ, ոչ իդեալական, բայց մեկ օպտիմալ լուծում՝ միասնականությունը»,- կարծում է Էլբակյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի իշխանության օրակարգը խաղաղությունը չէ, այլ «Հայաստանի մահվան տեսլականը»։

«Երբ ասում եք՝ ընդդիմության այլընտրանքային ծրագիր, դա ենթադրում է, որ իշխանությունն ունի խաղաղության իր տեսլականը։ Իշխանությունը չունի խաղաղության տեսլական, իշխանությունն ունի Հայաստանի մահվան տեսլական, որը ներկայացնում է՝ որպես խաղաղության», – կարծում է Էդգար Էլբակյանը։

Խոսելով հայ իրականության մեջ հակառուսականության ու հակաթուրքականության գաղափարների համեմատության թեմայի շուրջ, քաղաքագետ Էդգար Էլբակյանը նշում է, որ Հայաստանում հակառուսականությունը՝ որպես սենտիմենտ, երկար պատմություն ունի՝ սկիզբ առնելով դեռ 19-րդ դարի երկրորդ կեսից՝ հայության ընդհանուր ազգային զարթոնքին զուգահեռ, մինչդեռ սիստեմատիկ հակաթուրքականություն նորանկախ Հայաստանի այս վերջին տասնամյակներին, ցավոք, չի եղել։

«Օրինակ՝ «Հայաստանն առանց հայերի» արտահայտության սկզբնաղբյուրը ես և ինձ հայտնի այլ գիտնականներ չենք գտել։ Չենք գտել երբևէ, բայց փոխարենը գտել ենք, որ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին արդեն կար այդ հիշատակումը հայոց մեջ, որ փոխարքան ասել է՝ «Հայաստանն առանց հայերի», և շատ ու շատ այլ բաներ երկար դարերի պատմություն ունեն։ Իսկ հակաթուրքականություննը անկախության վերջին տարիներին սիստեմատիկ կերպով երբեք չի վարվել, հակառուսականություն վարվել է՝ Արևմուտքի և մասամբ նաև Թուրքիայի կողմից։ Հակաթուրքականությունը համակարգային չի եղել։ Որպես ընդհանուր մետամակարդակում թևածող սենտիմենտ՝ եղել է ժողովրդի մեջ, թուրքը նույնիսկ վիրավորական խոսք է, բայց քաղաքական իմաստով երբեք չի եղել»,- նշում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերին հերթական անգամ անվանել էր «պատերազմի կուսակցություն»՝ հայտարարելով, թե «խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Փաշինյանի հայտարարությունը լայն արձագանքի և հակազդեցության արժանացավ հայաստանյան ընդդիմության շրջանում։ Մասնավորապես, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում հակադարձեց նրան՝ ասելով, որ «պատերազմի կուսակցությունը» Հայաստանում հենց Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում և Նիկոլ Փաշինյանն է այն ղեկավարը, ում կառավարման տարիներին գրանցվել են ամենաշատ պատերազմներն ու հարձակումները Հայաստանի դեմ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան Փաշինյանի՝ հայտարարել է՝ «Նիկո՛լ, պարտության, պատերազմի, դավաճանության խորհրդանիշն ես անձամբ դու»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս