Կիևում ռուսական հարվածներից 5 մարդ է զոհվել. հրթիռի բեկորները վնասել են Ադրբեջանի դեսպանատունը
Գիշերը ռուսական ուժերը 18 հրթիռներով և 430 անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևին հարվածների հետևանքով զոհվել է 5 մարդ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է։ Վնասվել է շուրջ 30 շենք։
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերին և քաղաքի իշխանություններին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Իսկանդեր» հրթիռի բեկորներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան վրա։
Եվս 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել առավոտյան Օդեսայի մարզի Չեռնոմորսկ քաղաքի շուկաներից մեկին անօդաչուների հարվածների հետևանքով։
Վնասվել են քաղաքային հրապարակը, խանութներ, մասնավոր փոխադրամիջոցներ։

