«Լավ է, նախագծում որոշ կետեր փոփոխեցին, կան այլ կետեր ևս, որոնք պետք է փոխվեն». Անդրանիկ Հարությունով
Կադաստրի կոմիտեն դեռևս ամիսներ առաջ հանրային քննարկման էր ներկայացրել նախագիծ ռիելթորական ոլորտի վերաբերյալ, որով նպատակ ունի կարգավորել այդ ոլորտը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ոլորտը Հայաստանում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման, և տարիների փորձը ցույց է տվել, որ դա բացասաբար է ազդել ոլորտի կայացման և զարգացման վրա։
Ըստ կոմիտեի՝ դա հանգեցրել է գործող կազմակերպությունների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների որակի նվազմանը:
Դեռևս սեպտեմբերին Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը 168.am–ի հետ զրույցում ասել էր, որ արդեն 3 տարի է՝ աշխատում են ռիելթորի մասին նախագծի վրա, որպես ասոցիացիայի անդամներ՝ Կադաստրի կոմիտեի հետ նախագիծը սկսել են քննարկել մոտ 1,5 տարի։
Օրերս Անդրանիկ Հարությունովը մեզ փոխանցեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագծում այն փոփոխությունները, որոնք իրենց հետ քննարկել էին։
«Կարծում եմ՝ կլինեն ընթացիկ քննարկումներ, այնպես չէ, որ մեր ներկայացրած կարծիքի հետ ամբողջովին հաշվի են նստել, բայց ամեն դեպքում հրավիրել էին հանձնաժողով՝ քննարկումների։
Իհարկե, մենք դեմ չենք, որ նման օրենք ունենանք, քանի որ մեր դաշտն առհասարակ կարգավորում չունի, և այդպիսի դաշտում աշխատելը բարդ է, քանի որ նախ՝ չկան կանոններ, հետո էլ մրցակիցներից շատերը կա՛մ գրանցված չեն, կա՛մ վատ ծառայություններ են մատուցում։ Այսինքն՝ երբ մարդը զանգահարում է քաղաքացուն ու ներկայանում՝ որպես անշարժ գույքի գործակալ, արդյո՞ք նա իրավասու է այդ ծառայությունը քաղաքացուն մատուցել, այս առումով իրավասու մարմինների մտահոգությունները կիսում ենք, բայց օրենքը գրելիս պետք է նաև հաշվի առնեն մասնագիտական կարծիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը։
Ըստ նրա, օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո, մասնագիտական հանրությունը մի քանի անգամ արձագանքել էր, որ իրենց հետ քննարկում չի եղել, որից հետո իրավասու մարմինների հետ տեղի է ունեցել որոշակի քննարկում և կարծիքներից մի քանիսը հաշվի են առել։
«Այն կետերը, որոնք փոփոխեցին, շատ լավ է, բայց կրկին կան կետեր, որոնք պետք է փոխվեն, քանի որ դա աշխատելու և քաղաքացիներին ավելի բարձրորակ ծառայություն մատուցելու համար ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի։
Օրինակ, մեկ կետ, որը պետք է փոխվի, որը բխում է քաղաքացիների շահերից, այն է, որ այստեղ անշարժ գույքի գործակալը ներկայացվում է որպես միջնորդ՝ միջնորդական ծառայություն մատուցող մարդ։ Աշխարհում ընդունված չէ, որ անշարժ գույքի գործակալին ներկայացնեն որպես միջնորդ, որովհետև գործակալին դիմում են՝ որպես իրենց շահերի պաշտպան տվյալ գործարքի մեջ։ Կա երկու կողմ՝ մեկը վաճառում է, մյուսը՝ գնում, գնորդն իր ռիելթորի հետ է խոսում, որպեսզի իր շահերը գործարքում ներկայացնի, իսկ վաճառողն էլ բանակցում է, որ իր գույքը շուկա հանի, ներկայացնի։
Մյուս կետը վերաբերում է բարձրագույն կրթությանը, այսօր բազմաթիվ լավ մասնագետներ կան, որոնք 20-30 տարի այս ոլորտում են և իսկապես լավ են աշխատում, սակայն չունեն բարձրագույն կրթություն։ Այսօր խաղի կանոնները փոխելով այս մարդկանց՝ փաստացի ստիպում են՝ գնան ու բարձրագույն կրթություն ստանան, օրինակ, 50 տարեկանում, կամ ասում են՝ դուրս եկեք այս ոլորտում»,- շեշտեց Ա. Հարությունովը։
Նա տեղեկացրեց, որ առաջարկել են, որպեսզի նախագծից բարձրագույն կրթության մասին կետը հանեն կամ վերանայեն, Կադաստրի կոմիտեն էլ փոխանցել է, որ կսահմանի 6-ամսյա դասեր։ Այնուհետև կարծիքներ են եղել, որ այս դասընթացներն ավարտելուց հետո, մարդը, միևնույն է, պետք է բուհ ընդունվի ու ընդունվելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնի, որպեսզի լիցենզիայից չզրկվի։
«Այս կետերը դեռևս քննարկում ենք, լիահույս ենք, որ մեր առաջարկը կընդունեն։
Կարծում եմ՝ ոչ մի ոլորտ ոչ մի օրենքով չի կարգավորվում, դա օրգանիզմի նման է, մարդկանց պահանջները փոխվում են, պետությունները զարգանում են, մշակույթը փոխվում է։ Հետևաբար, կարծում ենք, որ այս օրենքն այնպիսին պետք է լինի, որ գոնե աշխատի, այլ ոչ թե խոչընդոտներ ստեղծի մարդկանց համար։
Մի քանի սկզբունքային կետեր կան, որոնց վերաբերյալ կրկին քննարկում կլինի ու լիահույս եմ՝ կընդունեն մեր առաջարկները, որոնք միայն ավելի լավ միջավայր կստեղծեն»,- ընդգծեց Անդրանիկ Հարությունովը։

