Հինգ տարի անց. պարտությունը շարունակվում է
Այսօր լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական երկու պետությունների կրած պարտության՝ նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիոն համաձայնագրի 5-րդ տարելիցը:
Բացի պատերազմում զոհված նահատակների հիշատակի ոգեկոչումից, այդ օրը, ինչպես և անցած 5 տարիների բոլոր օրերը, մեզ համար՝ հավաքականորեն, պետք է լինեին ու լինեն պարտության պատճառների շուրջ մտածելու, հետևություններ անելու և հնարավոր նոր պատերազմին պատրաստվելու օրեր: Բայց կատարվել և շարունակվում է ճիշտ հակառակը՝ Հայաստանում տեղի է ունենում պարտության ֆետիշացում: Ամենաբարձր մակարդակով Արցախյան պատերազմում մեր կրած պարտությունը ներկայացվում է՝ որպես «անկախության, ինքնիշխանության ձեռքբերման» եզակի հնարավորություն: Եվ որքան էլ դժոխային հնչի, այդպես ներկայացնողների, այսինքն՝ ՀՀ գործող իշխանության տրամաբանությամբ, նոյեմբերի 9-ը ոչ թե տարելից է, այլ տարեդարձ, որը, դեռևս միայն ձևական պատշաճությունից ելնելով է, որ չի նշվում տոնախմբությամբ:
Տրամաբանությունը, որով այս իշխանությունը ներկայացնում է Արցախյան հարցն ընդհանրապես, «Արցախից ազատագրվելը»՝ մասնավորապես, այդ օրը պետք է դարձներ ցնծության առիթ, ինչպես նրանց փոխարեն անելու են Բաքվում՝ նոյեմբերի 9-ի շքահանդեսով, Էրդողանով-բանով: Բաքվում տոնելու են իրենց հաղթանակը, որը 5 տարվա ընթացքում կարողացել են ամրապնդել բոլոր ուղղություններով: Հայաստանում, սակայն, պարտությունը ոչ միայն չի գիտակցվել, այլև շարունակվել է՝ կրկին բոլոր ուղղություններով՝ գրեթե համընթաց Ադրբեջանի հաղթանակներին՝ ռազմականից մինչև աշխարհաքաղաքական, ինքնությունից մինչև ազգային արժեքներ: Շարունակվող այս պարտությունը, ի թիվս տեսանելի բազմաթիվ գործոնների, հնարավոր է դարձել առաջին հերթին ու գլխավորապես՝ պարտության պաշտամունքի պատճառով:
Ամենաողբերգականն այն է, որ անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունը հետևողականորեն պայքարել ու շարունակում է պայքարել բոլոր այն հնարավոր արժեքների դեմ, որոնք երբևէ կարող են Հայաստանին ու հայկականությանը դուրս բերել հավերժական պարտության դժոխքից ու վերադարձնել հաղթանակի ու հաղթանակածի զգացողությունը: Հենց դրան են ուղղված պատմական հիշողության, ազգային արժեքների, հավատի ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հետևողական պետականաքանդ քայլերը:
Հինգ տարի առաջ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն Ադրբեջանի կողմից կապիտուլյացիայի ակտ էր: Հինգ տարի անց նա փորձում է կապիտուլյացիայի ենթարկել հայ ժողովրդին՝ բոլոր ազգերի համար անխուսափելի համարվող պատերազմական պարտությունը երբևէ հաղթանակի չփոխակերպելու նպատակով:
Շարունակվող այս պարտությունը դադարեցնելու միակ շանսը պարտության պաշտամունքն ու դրա հեղինակներին հաղթելն է. այդ «պատերազմը» հայ ժողովուրդը երբևէ պետք է մղի՝ իրական խաղաղության հասնելու համար: Առաջին հերթին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի առաջ պարտքից ելնելով:
Հարություն Ավետիսյան

